«Այսօրվա հրադադարը, եթե այն կարելի կոչել հրադադար, պարտադրված է հայկական զինված ուժերի կողմից, որևէ մեկը թող չփորձի ծախել մեր ժողովրդի վրա». Մարուքյան
«Հայկական կողմն իրավական հարթակներում լուրջ աշխատանք ունի անելու»,- այս մասին Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախաձեռնությամբ կազմակերպված «Ղարաբաղյան թեժացում. հետևություններ և անելիքներ» փորձագիտական կլոր սեղանի ընթացքում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ներկայացնելով իր նախաձեռնությունը՝ ուղղված Ռուսաստանի և Իսրայելի իշխանություններին:
Նա նշեց, որ առաջին դասն այն է, որ աշխարհում չկա որևէ երկիր, որն իր ռազմավարական գործընկեր պետության թշնամուն վաճառում է այդքան մեծ քանակությամբ ոչ թե պաշտպանական, այլ հարձակողական զենք և այս առումով ՀՀ բազմաթիվ քաղաքական գործիչներ, մեր գործընկերները նաև դիվանագիտական մակարդակում կարծիքներ էին արտահայտում, որ դա բիզնես է, դա իրենց շահերից է բխում, նրանք կզսպեն, այդ ամենը վերահսկողության տակ է գտնվում, այսօր նման կարգծիք հայտնողները և դրանք պաշտպանողները պետք է լքեն քաղաքական և դիվանագիտական հարթակները: Երկրորդ քաղաքկան դասն, ըստ նրա, այն է, որ եթե մենք ընդունում ենք այն կարծիքը, որ Ռուսաստանը հույս է ունեցել, որ ինքը վաճառում է, բայց կարող է վերահսկել և փոխզսպել և ներկայումս իրեն խաբված է զգում, առաջարկով, հայտարարությամբ և գրավոր նամակներով է հանդես գալիս, դիմելով իր ռուսաստանյան գործընկերներին, Իսրայելի գործընկերներին:
«Գիտեք, որ Իսրայելի Կնեսեթի փոխնախագահն էր այստեղ, հարցը քննարկվել է, բայց նաև պաշտոնապես նամակ է պատրաստվել Կնեսեթի նախագահին ու Իսրայելի վարչապետին, որ մինչ օրս եղած մատակարարված զենքի համար եղել է պայմանագիր և վճարում, գոնե այսօրվանից հետո, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանն այդ զենքն օգտագործելով ռազմական ագրեսիայի ակտ է թույլ տվել, որը միջագային իրավունքով արգելված է, երկրորդը թույլ է տվել պատերազմական հանցագործություններ և կատարված գորողություններում կան պատերազմական հանցագործությունների հատկանիշներ, ապա ելնելով այս հանգամանքներից և տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը պահպանելու միջազգային հանրության պարտականությունից դադարեցնել պայմանագրերը Ադրբեջանի Հանրապետության հետ զենքի պասարկման ոլորտում: Այս երկու ուղղություններով պետք է աշխատանք տանենք»,- ասաց Մարուքյանը:
Պատգամավորը նշեց, որ իրավական հարթակներում ևս շատ մեծ գործ ունեն անելու, որովհետև տեղի է ունեցել ագրեսիայի ակտ և պատերազմական հանցագործություններ: «Ես կարծում եմ, որ երկու ուղղությամբ էլ պետք է փաթեթ պատրաստել և ՄԱԿ ԱԽ-ի միջոցով մենք պետք է դիմենք և խնդրենք ԱԽ-ին, որ դիմի Միջազգային քրեական դատարան՝ Ադրբեջանի քաղաքական և ռազմական իշխանությունների հարցը լուծելու համար: Ես միամիտ չեմ, որ ԱԽ-ն կքննարկի և կդիմի, բայց հարցը ներկայացնել և դարձնել քննարկման առարկա, իսկ այսօր մենք հարցը ներկայացնում ենք ԱԽ-ին ու պաշտոնապես պահանջում դա, ապա ԱԽ-ն պարտավոր է այն քննարկել, եթե դա նույնիսկ քննարկվի, ապա բավականին մեծ հնչեղություն, դիվանագիտական մեծ արձագանք և միջազգային տարբեր հարթակներում նոր պատժամիջոցների կիրառման հիմք կարող է հանդիսանալ, անկախ այն հանգամանքից, թե ԱԽ-ն ինչ կորոշի»,- ասաց Մարուքյանը:
Վերջինիս խոսքով, կարող ենք դիմել նաև ՄԻ Եվրոպական դատարան:
«Այսօրվա հրադադարը, եթե այն կարելի կոչել հրադադար, պարտադրված է հայկական զինված ուժերի կողմից, որևէ մեկը թող չփորձի ծախել մեր ժողովրդի վրա, որ համաձայնությունը Մոսկվայում է ձեռք բերվել և այլուր, ովքեր են ասել, ոչ դա եղել է հայ զինվորի, ՀՀ ԶՈՒ ջանքերի շնորհիվ»,- ամփոփեց իր խոսքը նա: