Պետք է վերանայենք մեր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ. Մարթա Այվազյան
«Առանց Ռուսաստանի դրդման Ադրբեջանը չէր սկսի պատերազմ»,- Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախաձեռնությամբ կազմակերպված «Ղարաբաղյան թեժացում. հետևություններ և անելիքներ» փորձագիտական կլոր սեղանի ընթացքում այս մասին ասաց նախկին դիվանագետ Մարթա Այվազյանը:
Նա նշեց, որ առանց ՌԴ դրդման Ադրբեջանը ներկայիս իրավիճակում չէր գնա նման սրացման։ Չնայած դրան՝ Մարթա Այվազյանը չի հերքում, որ կան նաև ներքին պատճառներ, որոնք կարող էին իրենց դերկատարումն ունենալ պատերազմի վերսկսման հարցում, ինչպիսին Ադրբեջանում տիրող սոցիալական վիճակն է՝ նավթի գների անկումը, օֆշորյին սկանդալը:
Բայց, նրա համոզմամբ, դրանք բավարար գործոններ չեն, որպեսզի Ադրբեջանը սկսեր լայնածավալ ռազմական գործողություններ ներքին խնդիրներ լուծելու նպատակով:
Մարթա Այվազյանը բացտրեց, թե ինչու է Ռուսաստանի Դաշնությունը հետաքրքրված ԼՂ հակամարտության գոտում տիրող լարվածությամբ: Ըստ նրա՝ վերջին մի քանի տարվա ընթացքում Ռուսաստանը զիջեց իր դիրքերը Ուկրաինայում և Սիրիայում, ուստի Ռուսաստանին անհրաժեշտ է ինչ-որ գոտում հաղթանակ՝ իր շահերին համապատասխան:
Նա նաև նշեց, որ Ռուսաստանում այս մասին բացահայտ խոսակցություններ են եղել, ՌԴ-ն բացահայտ խոսել է իր մտադրությունների, ծրագրերի, ցանկությունների մասին: Սակայն, նրա խոսքով, չենք ուզել տեսնել այն, ինչ բաց տեքստով ասվել է, խոսվել է նաև խաղաղապահների անվան տակ ռուսական զորքերի տեղակայման մասին: Ռուսաստանի այս ցանկությունը, նրա համոզմամբ, չիրականացավ, որովհետև հայ զինվորները հակառակորդին ետ մղեցին, որոշակի անհանգստություն էր նաև կամավորների մեծ հոսքը:
Դիվանագետի համոզմամբ, չի կարելի ծրագրել և անցկացնել պատերազմ. այդ դեպքում պատերազմը չի գնում, ըստ սցենարի, իսկ նման զարգացումը ցանկալի չէր որևէ մեկի համար՝ նույնիսկ դրդողների համար: Մարթա Այվազյանի կարծիքով, ՀՀ-ն, դառնալով խորհրդարանական երկիր, որոշումների ընդունման մեխանիզմը փոխում է, համաձայն որի, թերևս ավելի դժվար կլինի որևէ որոշում, թելադրանք իրականացնել, հայկական կողմն ավելի շատ մանևրելու հնարավորություն կունենա: Նրա համոզմամբ, այս հանգամանքը գուցե նույնպես դերակատարություն ունեցավ, որ ներկայումս տեղի ունեցավ այս ամենը և ոչ ավելի ուշ:
Մարթա Այվազյանը խոսեց նաև Ալիևի այն դիտարկումների մասին, թե ռուսական կողմն ադրբեջանական կողմին ադրբեջանին գոհացնող կարգավորման սցենար է առաջարկել: «Պարզ է, որ այն, ինչ լիովին ընդունելի է Ադրբեջանի համար չի կարող ՀՀ-ին նպաստ լինել: Ինչու դրանից հետո սկսվեց այդ գործողությունները, շատ մեծ հարցեր են առաջանում: Ուստի դասեր պետք է քաղենք այս իրվիճակից, վերանայել մեր դաշնակցային հարաբերությունները ՌԴ-ի հետ, մտածենք, թե որ ուղղությամբ պետք է զարգացնենք, ում վրա դնենք մեր հույսը: Իհարկե, նախևառաջ մեր վրա պետք է դնենք, բայց պետք է սովորենք մեր շահերն ինքներս պաշտպանել, այլ ոչ թե այլ պետությունների շահերին կամակատար դառնալ»,- նշեց նա:
Նաև ասաց, որ եթե այսօր նոր համաձայնագրի մասին է խոսվում, կարելի է ենթադրել, որ նորը նպաստավոր կլինի Ադրբեջանի համար, և ԼՂՀ-ն դուրս կմղվի գործընթացից, որպես կողմ, քանի որ ՌԴ-ն նույնպես նոր համաձայնագրի մասին է խոսում, ինչը ևս վստահություն չի ներշնչում: