Ինչո՞վ ենք մենք տարբերվում հրեաներից

«Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանը, ով այս օրերին գտնվում է Արցախում՝ առաջին գծում, Ֆեյսբուքի իր էջում այսպիսի գրառում էր կատարել. «Երեք օր միայն մի հարց էր տանջում ինձ։ Չէի գտնում դրա պատասխանը։ Անօդաչու սարքերի վերաբերյալ ինֆորմացիաները համադրելով՝ զգացել եմ, որ նրանց արդյունավետությունը չափազանց մեծացել է։ Անընդհատ այս հարցի պատասխանն էի ուզում գտնել։ Ինչպես են դա կարողացել անել ադրբեջանցիները, երեկ մի քանի ընկերների խնդրել էի նայել, ուսումնասիրել նրանց ՏՏ ոլորտը, կրթությունը, որևէ տեղեկություն՝ այդ անօդաչուների օգտագործման վերաբերյալ։ Ոչ մի արտառոց բան չեն գտել։ Այսօր գտա պատասխանը, լրիվ ուրիշ տեղից, ինֆորմացիայի աղբյուրը դժբախտաբար բացահայտել չեմ կարող։

Բայց այն նաև չեմ կարող չհրապարակել. ըստ այդ աղբյուրի՝ ադրբեջանական բանակի սպառազինության մեջ օգտագործվող իսրայելական արտադրության անօդաչուները ռազմական գործողությունների ժամանակ կառավարում էին իսրայելցի մասնագետները»։

Իհարկե, հայտնի խոսք կա՝ ապուշի ձեռքում տեխնիկան մետաղի ջարդոն է։ Հարևաններն այս խոսքերի իմաստը երևի արդեն ըմբռնել են, և հրավիրում են մասնագետների՝ իրենց գնած տեխնիկան օգտագործելու համար։

Սակայն այս գրառումը նաև մեկ այլ հարցի շուրջ մտածելու առիթ է տալիս, եթե մեզ համեմատում ենք ոչ թե՝ ադրբեջանցիների հետ, այլ՝ հենց հրեաների։ Չէ՞ որ սիրում ենք խելքով համեմատվել նրանց հետ։ Ու եթե չենք զիջում, ինչպե՞ս ստացվեց, որ փոքր, ռեսուրսներով աղքատ ու թշնամիներով շրջապատված Իսրայելն այնքան առաջադիմեց, որ ոչ թե ինքն է սպառազինություն գնում, այլ մատակարարում է ուրիշներին (ու ոչ միայն` սպառազինություն)։

Մի քանի ցուցանիշներ համեմատենք, և պատկերն առավել պարզ կդառնա։ Հայաստանի Հանրապետության տարածքը 29 հազար քկմ է, Իսրայելինը՝ 22 հազար քկմ։ Բնակչության թիվը Հայաստանում 3 միլիոն է, Իսրայելում՝ 8.4 միլիոն։ Իսկ հիմա ամենաահավոր ցուցանիշը՝ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն Հայաստանում մոտ 3800 ԱՄՆ դոլար է, Իսրայելում՝ 35700 դոլար, շուրջ 10 անգամ մեծ։

Ինչպե՞ս այս երկիրն այսքան զարգացավ ու համարվում է գերտերություն։
Շատերն ասում են՝ հրեաները մեծ սփյուռք ունեն, սփռված են աշխարհով մեկ, շատերը լուրջ կարողության ու դիրքի տեր են, և նրանց շնորհիվ է տնտեսությունն այդպես արագ աճել։ Մենք նույնպես բազմամիլիոն Սփյուռք ունենք, որոնց թվում կան միլիարդատերեր և մուլտիմիլիոնատերեր, ինչո՞ւ նույն բանն այստեղ չի կատարվում։

Այս առիթով մի դեպք հիշեցնենք։ 2014 թվականի նոյեմբերին Դիլիջանում տեղի էր ունենում Բիզնես ինովացիոն երկրորդ համաժողովը։ Արտերկրից հրավիրված մասնակիցների թվում էր նաև Յիգալ Էրլիխը (Yigal Erlich)՝ մարդ, ում համարում են Իսրայելի վենչուրային ինդուստրիայի հիմնադիրը։ Յ. Էրլիխը համարվում է նաև Իսրայելի ՏՏ ոլորտի ամենաառանցքային դեմքերից մեկը, ղեկավարել և ներկայումս ղեկավարում է Իսրայելի ՏՏ ոլորտի մի քանի լուրջ ընկերություններ։

Նրա հետ հարցազրույց անելու հնարավորություն եղավ, և հարցրեցինք՝ աշխարհում կայացած հրեաների կողմից մեծ ֆինանսական հոսքեր են ուղղվում դեպի Իսրայելի տնտեսություն, ինչո՞ւ մեզ մոտ չի ստացվում, ո՞րն է գաղտնիքը։

Նա նախ նշեց, որ Իսրայելում նույնպես սկզբնական շրջանում լուրջ դժվարություններ են ունեցել։ Աշխարհի տարբեր երկրներում, հատկապես՝ ԱՄՆ-ում ապրող հրեաները պատրաստ են եղել օգնել, գումարներ նվիրաբերել դպրոցների կամ ճանապարհների կառուցման համար, սակայն բիզնեսի մեջ ներդրում անելուց հրաժարվել են (ճիշտ այնպես, ինչպես Հայաստանում հիմա): «Չէին անում, որովհետև բիզնեսմենը ներդրում անում է՝ շահույթ ունենալու համար։

Իսկ նրանք համոզված չէին, որ Իսրայելում կկարողանան շահավետ ու նորմալ պայմաններում բիզնեսով զբաղվել»,- ասում էր Էրլիխը՝ ավելացնելով, որ 1990-ականներից բիզնես մթնոլորտը երկրում սկսեց փոխվել՝ հիմնականում բարձր տեխնոլոգիաների շնորհիվ։ Հրեական սփյուռքը հասկացավ, որ հնարավորություն կա նաև փող աշխատել։ Իհարկե, այսօր էլ շարունակվում է տարբեր տեսակի օգնությունը հրեաների կողմից, սակայն առաջին տեղում բիզնեսն է և գործարար շահը։

Մեր ճշտող հարցին՝ այսինքն՝ Սփյուռքի ներուժի օգտագործման բանալին գործարար շահի ապահովո՞ւմն է, նա պատասխանեց. «Այո։ Սակայն Հայաստանը դեռ այդ անհրաժեշտ վիճակին չի հասել։ Պետք է փոխել վիճակը, փոխել գործարար միջավայրը, կապել մարդկանց միմյանց հետ։ Այս 2 օրվա ընթացքում ես հասկացա, որ նման հարցերում կառավարությունն իրականում ներգրավվածություն չունի։ Մարդկանց հարցնում էի՝ այսինչ բանն ո՞վ է կազմակերպել, այնինչ բանն ո՞վ է նախաձեռնել… Կառավարությունը պատասխանների մեջ չէր նշվում։

Այնպիսի տպավորություն է, որ կառավարությանը դա չի հետաքրքրում։ Սա պետք է փոխվի, քանի որ, եթե կառավարությունը պատասխանատվություն չստանձնի ու քայլեր չձեռնարկի ճիշտ միջավայրի ձևավորման համար, ապա միայն առանձին հայերը ոչինչ չեն կարող փոխել»։

Այսինքն՝ դավադրությունների տեսությունները պետք է մի կողմ թողնել՝ հստակ գիտակցելով, որ Սփյուռքի ներուժի օգտագործման, ներդրումների խթանման և տնտեսական աճի հիմքը նորմալ բիզնես միջավայր ապահովելն է։ Իսկ նորմալ բիզնես միջավայրը նշանակում է՝ օրենքի իշխանություն, անկախ դատաիրավական համակարգ, հովանավորչության բացակայություն, մրցակցային պայմաններ բոլորի համար, և այլն։
Կարճ ասած՝ տնտեսական թռիչք ունենալու ճանապարհը նորմալ ու օրինական երկիր կառուցելն է։ Հրեաներին դա հաջողվել է, մեզ՝ առայժմ ոչ։ Թերևս հենց սա է մեր ու նրանց գլխավոր տարբերությունը։

Վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ մենք ճիշտ ճանապարհ դուրս գալուց բացի՝ այլ ելք չունենք։ Մենք հարուստ երկիր չենք, նավթ չունենք, ու «միջակ լինելու» շռայլության իրավունք չունենք։ Ագրեսիվ հարևանին զսպող ամենակարևոր գործոնը մեր տնտեսական հզորությունն է, իսկ արկածախնդրության դրդող գլխավոր պատճառը՝ մեր թվացյալ թուլությունը։ Այնպես որ, սա մեզ համար պետք է առիթ լինի սթափվելու ու ամեն ինչ մաքուր էջից սկսելու համար։

Իսկ ազգի միասնականության մասին հեքիաթները՝ թե հրեաները միասնական են, մենք՝ ոչ, այս օրերին վերջնականապես հօդս ցնդեցին։ Մենք աշխարհի ամենամիասնական ու ամենաունակ ժողովուրդն ենք։ Մեզ պարզապես դրսևորվելու հնարավորություն է պետք։

Տեսանյութեր

Լրահոս