«Կրակի դադարեցման ճնշումը եկել է Մոսկվայից». Գարիկ Քեռյան
Ռուսաստան-Արևմուտք հակամարտության պայմաններում Ռուսաստանին ընդհանրապես ձեռք չէր տալիս ղարաբաղա- ադրբեջանական հակամարտության խորացումը, և, հավանաբար, կրակի դադարեցման ճնշումը եկել է Մոսկվայից: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը` անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության վերջին զարգացումներին:
-Պարոն Քեռյան, վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած զարգացումներից ի՞նչ շեշտադրումներ կառանձնացնեք:
– Մտորելով այս իրադարձությունների շուրջ` ընդհանուր գծեր գտա 2008 թվականի ռուս- վրացական պատերազմի հետ: Ինչ-որ մեկը զոհ գնաց իր իսկ ամբիցիաներին, սխալ հաշվարկներին, և ինքը զրոյացվեց որպես քաղաքական գործիչ, որպես պետական ղեկավար: Եթե 2008 թվականին այդ նույն խոսքերը հղում էին Միխեիլ Սաակաշվիլիին, ապա հիմա նույնը կարելի է ասել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հասցեին: Այն, ինչ նա ձեռնարկեց, փաստացի, հերթական անգրագետ ավանտյուրան էր, որն ավելի նվազեցրեց նրա հնարավորությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում հայկական կողմից զիջումներ կորզելու գործում:
Խոսվում է Ալիևի հովանավորների մասին, շատ վերլուծաբաններ մատնանշում են Թուրքիան: Ալիևը հանդիպումներ է ունեցել Էրդողանի հետ, հանդիպումներ են եղել նաև ԱՄՆ-ում: Որտեղի՞ց եկավ այդ հրահանգը, այս հարցին պատասխանելու համար մի փոքր ժամանակ է պետք:
-Ի՞նչը ստիպեց Ադրբեջանին դիմել հրադադարի:
-Հավանաբար, պլանների տապալումը: Օրինակ, ինչու Սաակաշվիլին գնաց հրադադարի և ընդունեց Սարկոզիի և Պուտինի առաջարկած պայմանները, որովհետև զգաց, որ ձեռնարկած կամպանիան լրիվ տապալվեց: Նույնը և այստեղ. Ալիևը գնաց հրադադարի, որվհետև ռազմական գործողությունները շարունակվելու դեպքում քաղաքական կապիտալի լուրջ կորուստներ կկրեր: Հիմա, երբ հրադադարը կնքվեց նախկին դիրքերի վերականգնումով, Ալիևը կարող է իր քարոզչամեքենան գործի դնել, խոսել այն մասին, թե իբր հայերն են հարձակվել և ինքը ստիպել է հայերին հետ գնալ իրենց դիքերից: Եթե հրադադարը չլիներ, ապա կ արող է լրիվ պարզվեր իրողությունը, ադրբեջանական բանակի ցածր կազմակերպվածությունը, բարոյական ցածր աստիճանը և նրա ռազմական իմիջը կարող էին ընդհանարպես պայթել փուչիկի նման: Ահա այս առումով ևս ստիպված էր արագ գնալ հրադադարի: Մյուս կողմից՝ այն պատվիրատուն, ով նրան դրդել էր, հավանաբար պատվիրեց նաև արագ կերպով հրադադար կնքել: Հակված եմ կարծելու, որ Ռուսաստան- Արևմուտք հակամարտության պայմաններում Ռուսաստանին ընդհանրապես ձեռք չէր տալիս նման խնդրի խորացումը, և կրակի դադարեցման ճնշումը, հավանաբար, եկել է Մոսկվայից:
– Ինչպե՞ս կգնահատեք միջազգային հանրության արձագանքը:
– Միջազգային հանրության գնահատականը նորից նույն անատամ հայտարարությունն էր: Ասենք, դատապարտեին Արդբեջանի ագրեսիան և պաշտպանեին Ղարաբաղի գործողությունները. նման բան չկար, հստակ չէր: Չիմացող մարդկանց թվում էր, թե երկու կողմերը մտել են պատերազմի մեջ: Բայց հետաքրքիր առաջընթաց նկատվեց ԱՄՆ-ի կողմից, Պետդեպարտամետի հայտարարության մեջ առաջին անգամ տարածքային ամբողջականության սկզբունքի կողքին դրվեց ինքնորոշման իրավունքը:
– Քաղաքական, դիվանագիտական տեսանկյունից ի՞նչ ունի անելու հայկական կողմը:
– Հիմա մեր դիվանագիտությունը պետք է քնից զարթնի, ակտիվ կերպով շոշափի Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի տրամադրությունները: Այս պատերազմն այնպիսի մթնոլորտ է ստեղծել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբին ստիպելու է աշխատել և նոր փաստաթուղթ առաջ բերել: Մեր ղեկավարությունը, դիվանագիտական կորպուսը պետք է շատ ակտիվ աշխատեն, որ այդ փաստաթղթում, որը, չեմ կասկածում, մոտ ապագայում կլինի, առավելագույնս հաշվի առնվի այս պատերազմում ունեցած հաղթանակը և չփոշիացվի այն, ինչ ձեռք է բերվել կորուստների գնով: