Կրակի դադարեցման համար միջորդել է Կարմիր Խաչը, որպեսզի ադրբեջանական կողմը հետ վերցնի իր դիակները

«Այս պահին տեղի է ունենում ռազմական գործողությունների դադարեցում, որը չգիտենք՝ ինչքան կտևի: Կարմիր խաչը միջնորդել է, որովհետև բազմաթիվ դիակներ կան այն տարածքում, որը ետ է վերցվել ԼՂՀ ՊԲ-ի կողմից, և հնարավորություն է տրվում, որ ադրբեջանական կողմը ետ վերցնի իր դիակները: Դա նաև ցույց է տալիս, որ ԼՂՀ ՊԲ-ը հավատարիմ է միջազգային հումանիտար իրավունքի բոլոր պահանջներին. չի ռմբակոծում խաղաղ բնակչությանը՝ ի տարբերություն Ադրբեջանի և առաջնորդվում է Ժնևյան կոնվենցիայով ստանձնած պարտավորություններով»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:

Ըստ նրա՝ այս դադարը պատասխան է Ադրբեջանի կողմի խնդրանքին: «Մեծ հաշվով, Ադրբեջանը փորձեց անակնկալի բերել Ղարաբաղի ուժերին և լայնածավալ այս հարձակվողական գործողություններով փորձեց ճեղքել մեր դիրքերը: Նպատակը որևէ տարածք վերցնելն էր, որպեսզի արդարացնի այս ավանտյուրան, դա չստացվեց: Ավելին, ետ մղվեցին բոլոր ուղղություններից՝ մեծ կորուստներ կրելով և ստիպված եղան ձև գտնելու՝ ինչ-որ պահի դադարեցնել պատերազմական գործողությունները: Գիտենք նաև, որ Վլադիմիր Պուտինը զանգահարել է երկու նախագահներին՝ հորդորելով զինադադար հայտարարել. կապրենք՝ կտեսնենք»,- ասաց նա՝ հավելելով՝ այսօր վտանգավոր է այն, որ խոսվում է նոր զինադադարի մասին, դա ըստ նրա՝ անընդունելի է:.

«Զինադադարը ստորագրվել է 1994թ. երեք կողմերի միջև, Ադրբեջանը խախտել է այն, պատասխանը ստացել է: Կա՛մ պետք է վերադառնա ու առաջնորդվի այդ զինադադարի պայմանագրով, կա՛մ պետք է դիմի ԼՂՀ իշխանություններին՝ նոր պայմանագիր ստորագրվի Ղարաբաղի և Ադրբեջանի միջև, այստեղ Հայաստանը որևէ անելիք չունի: Սա է իրավիճակը: Դեռ խոսել, որ չեն վերսկսվի ռազմական գործողությունները, շուտ է, պետք է նայենք՝ տեսնենք: ՄԽ-ն արդեն համանախագահներին ուղարկել է հատուկ առաքելությամբ, փորձ է արվելու վերսկսել բանակցությունները: Ինչքանով դա կհաջողվի՝ ժամանակը ցույց կտա»:

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վահան Փափազյանն էլ հավելեց, որ այսօր մի հիմնական խնդիր կա, որի վրա պետք է կենտրոնանան ԼՂՀ-ի և ՀՀ-ի իշխանությունները . «Եթե դեռևս կան հակառակորդի կողմից օկուպացված տարածքներ, դրանք պետք է ետ բերել, սա է առաջնահերթ խնդիրը: Այսինքն՝ այն վիճակը, որ կար ճակատում մինչև ամսի 1-ը, պիտի ամբողջությամբ վերականգնվի: Եթե հնարավոր է, այն պիտի բարելավվի մեզ համար: Մնացած խնդիրները՝ դիվանագիտական գործունեություն, քաղաքական բանավեճեր, վերլուծություններ, ես այս պահին համարում եմ անիմաստ: Իհարկե, կարելի է հազար ու մի վերլուծություն անել, «ինչու»-ներին փորձել պատասխանել, թե ինչու այսպես եղավ, կարելի է փորձել պատկերացնել, թե ինչ զարգացումներ են առաջիկայում մեզ սպասվում, բայց դրանք կլինեն ոչ առարկայական: Այս պահին կա մի խնդիր՝ ռազմական խնդիր: Երբ ռազմական խնդիրը լուծվի, ավարտվի, դրանից հետո արդեն դիվանագետները, քաղաքական գործիչները հարկադրված են լինելու ուղղակի վերսկսել բանակցությունները»:

Կարդացեք նաև

Նա նշեց, որ լիովին կիսում է Արզումանյանի այն տեսակետը, որ եթե հարկ լինի նոր զինադադարի պայմանագիր ստորագրել, ապա այն պետք է ստորագրվի Ադրբեջանի և ԼՂՀ-ի միջև միայն և Հայաստանն այդտեղ անելիքներ չունի. «Բացի դրանից, եթե բանակցությունները պետք է վերսկսվեն, իսկ դրանք ինչ-որ մի ժամանակ կվերսկսվեն, պիտի անհրաժեշտաբար պնդել, որ պետք է վերադարձ տեղի ունենա բանակցությունների եռակողմ ձևաչափին, որովհետև միայն այդ ճանապարհով է հնարավոր իրական հանգուցալուծման հասնել: Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները արդյունք տալ չեն կարող: Մեր դիվանագիտությունը պետք է հնարավոր ամեն բան անի, որպեսզի վերադարձ տեղի ունենա եռակողմ ձևաչափին»:

Տեսանյութեր

Լրահոս