«Մեր երկրի նախագահը պարզ և շիտակ ասաց, ստիպված են լինելու ընկալել». Մարգարիտ Եսայան
ՀՀ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի հայտարարությունը
Ռազմական դաշինքները լավ են խաղաղության օրերին, պատերազմում ես պարզում՝ ովքեր են քո «դաշնակիցները» իրականում և ինչպես են փորձում ստեղծված իրավիճակից իրենց օգուտները ստանալ: Ում համար է գաղտնիք, որ մեր հույսը եղել է հայ զինվորը ու հայկական բանակը։ Թեպետ գործնականում մենք սա դեռ չենք անվանում պատերազմ, բայց սա պատերազմ է եւ չպիտի մոռանալ թե ով է սկսել: Հայ զինվորը կռվում է եւ հաղթում, մենք պիտի մտածենք՝ նրա հաղթանակը շարունակելու մասին քաղաքական ու դիվանագիտական հարթություններում ու այս անգամ պիտի չվարանենք եւ իբրև հաղթող կողմ մեր պայմանները պիտի դնենք։
Ալիեւը 1994-ից գոյություն ունեցող ստատուս քվոն փոխելու ու ուժի դիրքերից մեզ հետ խոսելու իր ցանկության մեջ ձախողվեց:
Ամբողջ աշխարհն է տեսնում, որ այս պահին հայ զինվորը փառահեղ է դիմակայում, ու՝ ոչ միայն ադրբեջանցիներին։
Դիվանագիտական դաշտում մենք պիտի հասնենք նրան, որ հեռու ու մոտ պետություններն ու միջազգային կառույցները՝ մեծից-փոքր, վերջ տան պարիտետային հայտարարություններին, ամոթ է, աշխարհը ծիծաղում է նրանց անիմաստ ու անհետևանք ջանքերի վրա։ Պիտի ի վերջո հասնենք կարեւոր պահանջի, այն է՝ հրադադարի խախտման հետաքննությունների միջազգային մեխանիզմի շուտափույթ ներդրմանը:
Ի վերջո, մեր երկրի նախագահը պարզ եւ շիտակ խոսեց, ստիպված են լինելու ընկալել։
Քաղաքական դաշտում պիտի շարունակենք մնալ համախմբված եւ միասնական, դա է մեր ուժը այսօր եւ դա է լինելու մեր ուժը վաղը։
Քաղաքական խնդիրը պիտի լինի նոր, արդեն ավելի լայն սահմաններով ստատուս քվոյի հաստատումը, սա նշանակում է՝ պիտի վերադառնանք 1994-ի զինադադարին եւ բանակցային սեղանին:
Պիտի վերսկսել բանակցությունները, բայց այս անգամ կրկնակի հաղթողի դիրքերից՝ եւ պայմանների պայմանը պիտի լինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը բանակցային սեղան վերադարձնելը:
Ալիևը ստիպված է լինելու խոսել ղարաբաղցիների, Արցախի հետ և ընդունել ԼՂՀ անկախությունը:
Բլից կրիգը իմաստ ունի, երբ հաղթում ես, իսկ երբ պարտվում ես, բլից կրիգը նաև քաղաքական կապիտուլյացիա է:Սա Ալիեւի կապիտուլյացիան է, նրա վերջի սկիզբը:
Որքան շուտ դա հասկանա, այնքան քիչ զոհեր կլինեն,
երկու կողմերից էլ:
Սա է այսօր Հայաստանի եւ Արցախի ռազմական,
դիվանագիտական ու քաղաքական օրակարգում:
Աստված մեզ պահապան»: