Լոնդոնահայությունն ի ցույց դրեց իր համախմբվածությունն ու աջակցությունը՝ ի սատարումն Արցախի և Հայաստանի
Այն պահին, երբ ադրբեջանական արյունախում ղեկավարությունն իր իսկ սանձազերծած ռազմական ագրեսիայի տխուր պտուղներն է համտեսում Արցախի դիրքերը պաշտպանող հայ անվեհեր մարտիկների կողմից, ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներն էլ Լոնդոնում հանդիպեցին հայության բարձր ոգու և միասնականության դիմակայությանը:
Չնայած ադրբեջանցի ցուցարարները նախապես էին պատրաստվել ու ծրագրել ՀՀ դեսպանության առջև ցույցը, այնուամենայնիվ, մի քանի ժամերի ընթացքում հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչներ առաջնորդվելով հայրենասիրության ամենավեհ զգացումներով՝ համախմբվեցին ՀՀ դեսպանության շուրջ՝ նեցուկ կանգնելու հայկական երկու հանրապետություններին և Հայաստանի դեսպանությանը:
Չսպասելով իրադարձությունների նման զարգացման՝ ուղղորդված ադրբեջանցի ցուցարարներն ի սկզբանե գտնվում էին տարակուսանքի և մոլորության մեջ՝ փորձելով կապ հաստատել իրենց պատվիրատուների հետ՝ սպասելով հետագա քայլերի վերաբերյալ հրահանգների:
Այն, որ ադրբեջանցի ցուցարարները բավականին ագրեսիվ կեցվածք ունեին, տարօրինակ չէր: Հատկապես այս օրերին պարզ դարձավ, որ վերջիններս Միացյալ Թագավորությունում «իրենց չեն կարող զգալ՝ ինչպես իրենց տանը», քանի որ ադրբեջանական ռազմատենչ քաղաքականությունը չի վրիպում բրիտանական հանրության ուշադրությունից, որն էլ, ի տարբերություն Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվող հակահայկական պրոպագանդայի զոհ դարձած հասարակության, շարունակում է հանդես գալ սթափ դատողությամբ:
Խնդիրը կայանում է նրանում, որ «BBC», «The Guardian» և այլ հեղինակավոր լրատվամիջոցները Լեռնային Ղարաբաղում տեղ գտած վերջին զարգացումների վերաբերյալ հրապարակված իրենց նյութերում հանդես են եկել առավելապես անաչառ մեկնաբանություններով: Սա այնքան է զայրացրել ադրբեջանցիներին, որ վերջիններս նույնիսկ քարոզարշավ են սկսել «ԲիԲիՍի» գործակալության դեմ: Ահա այսպիսի մարտական տրամադրվածությամբ էլ ադրբեջանցիները փորձեցին կյանքի կոչել իրենց նախապես ծրագրած ցույցը: Սակայն ադրբեջանցի ցուցարարներին դեսպանության առջև դիմավորեցին վերջիններիս թվաքանակով գերազանցող, պաստառներ ու հայկական դրոշներ կրող՝ հայ համայնքի ներկայացուցիչները:
Ի տարբերություն սեփական երկրի ղեկավարության օրինակով կարգազանց վարքագիծ դրսևորող ադրբեջանցիների, ովքեր չէին ենթարկվում Ոստիկանության հրահանգներին, հայկական համայնքը ցույցի ողջ ընթացքում դրսևորում էր զսպվածություն, վճռականություն և կազմակերպվածության բարձր մակարդակ:
Հայ համայնքի կողմից պատրաստված պաստառները կրում էին այնպիսի կոչեր, ինչպիսիք են՝ «Ադրբեջանցի ագրեսորներ, ձեռքներդ հեռու Արցախից», «Ալիևը ռազմական հանցագործ է» «Վերջ տվեք գնդակոծությանը, որի պատճառով խաղաղ մարդիկ են մահանում», և այլն:
Ուշագրավ է նաև, որ հայ ժողովրդին պատուհասած այս ծանր վիճակում բազմաթիվ մեր հայրենակիցներ, ովքեր բնակվում են Միացյալ Թագավորությունում, դիմում են ՀՀ դեսպանությանը՝ պատրաստակամություն հայտնելով ոչ միայն՝ օգնության ձեռք մեկնելու իրենց արցախաբնակ քույրերին և եղբայրներին, այլև՝ որպես կամավոր մեկնելու Արցախ՝ դիմակայելու Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային:
Լոնդոն-Երևան