Լուսավոր Հայաստանը նամակով դիմել է միջազգային կազմակերպության ղեկավարներին

Լուսավոր Հայաստան Կուսակցությունը սույն նամակով դիմում է․

  • Եվրոպական անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտանմայերին
  • ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Նախագահ Իլկա Կաներվային
  • Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) Ասամբլեայի Նախագահ Պեդրո Ագրամունտին
  • ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերիին
  • ԱՄՆ Կոնգրեսին և Սենատին
  • Եվրոպական Միության նախագահ Դոնալդ Տուսկին և Հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին։
  • Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին
  • Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին «Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների ալյանս» կուսակցությանը։

Ձերդ գերազանցություն,

Սույն թվականի ապրիլի 1-2-ը Ադրբեջանի զինված ուժերը վերսկսել են ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով, որի մասշտաբներն ու մահաբեր վնասն աննախադեպ են սկսած 1994 թվականի զինադադարից: Կիրառելով տանկեր, հրետանի և օդուժ՝ ադրբեջանական զինված ուժերը իրենց հարձակումների գլխավոր թիրախ են ընտրել խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական բնակավայրերը, որի հետևանքով սպանվել են քաղաքացիական անձինք, այդ թվում կին, երեխա, սեփական տան մեջ դաժանաբար խոշտանգվել և սպանվել են տարեց քաղաքացիներ:

Այսպիսով` Ադրբեջանը խախտել է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, մասնավորապես` բնակավայրերի և քաղաքացիական անձանց նկատմամբ ռազմական գործողությունների իրականացման բացառիկ արգելքը:

Ադրբեջանի նախագահը Լեռնային Ղարաբաղի դեմ զինված հարձակման միջոցով փորձում է քողարկել և հետին պլան մղել Ադրբեջանում ժողովորդավարության և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների աննախադեպ ցածր մակարդակը, ինչպես նաև տնտեսական բարդույթները:

Վերջինիս կողմից պարբերաբար հնչող ռազմատենչ հայտարարություններն ու սպառնալիքները և Ադրբեջանում հակահայկական պետական քարոզչությունը սպառնում են տարածաշրջանային անվտանգությանը, վտանգում խաղաղ գործընթացը և առարկայաբար ավելացնում լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը:

Հաշվի առնելով վերոնշյալ հարձակումների լայնածավալ բնույթն ու օգտագործված զինատեսակները՝ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքներում շարունակ ավելացող զոհերն ու ավերածությունները, Լուսավոր Հայաստան Կուսակցությունը Ձեր ուշադրությանն է հրավիրում Ադրբեջանին սանձելու նպատակով միջազգային հանրության գործնական քայլերի իրականացման անհրաժեշտությանը: Նկարագրված իրավիճակում խաղաղության պահպանմանը և զինված գործողություններից զերծ մնալուն ուղղված ընդհանրական ու չթիրախավորված հայտարարությունները նախադրյալներ են ստեղծում Ադրբեջանի նախագահի կողմից առավել ագրեսիվ հռետորաբանության տարածման և ռազմական գործողությունների սանձազերծման համար:

Ձերդ գերազանցություն,

Լուսավոր Հայաստան Կուսակցությունը համոզված է, որ իրավիճակը պահանջում է միջազգային հանրության խիստ, օբյեկտիվ և հասցեավորված գնահատականն ու համապատասխան գործողությունները` կոչ անելով.

ա) դիվանագիտական բոլոր ուղիներով միջազգային ճնշում կիրառել պաշտոնական Բաքվի նկատմամբ դադարեցնելու համար քաղաքացիական բնակչության նկատմամբ զենքի կիրառումն ու շփման գծում ռազմական գործողությունները,

բ) ընդունել և հետևողականորեն կյանքի կոչել թիրախային սանկցիաներ ընդդեմ

Ադրբեջանի ղեկավարության Հայաստանի Հանրապետության սահմանային բնակավայրերում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արյունահեղությունը կանխելու և վերջնականապես բացառելու նպատակով։

Տեսանյութեր

Լրահոս