Օֆշորային սկանդալային բացահայտումներ. ICIJ-ի բացառիկ հրապարակումները Պուտինի ու նրա ընկերների կասկածելի գործարքների մասին
«Ռոսիա» (Россия) կոմերցիոն բանկն օգտագործվել է փողերի լվացման պոտենցիալ սխեմայում, որտեղ կարող են ներգրավված լինել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավորները:
Ինչպես հայտնում է Guardian-ը, այս մասին ասվում է Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումի (ICIJ) նյութերում:
CIJ-ի տրամադրության տակ են հայտնվել Պանամայի Mossack Fonseca իրավաբանական ընկերության փաստաթղթերը, որը, ինչպես պնդում են հետաքննության հեղինակները, մի շարք դեպքերում օգնել է հաճախորդներին փողերի լվացման, հարկերից խուսափման ու տարատեսակ պատժամիջոցներ շրջանցելու հարցում:
Փաստաթղթերում հիշատակվում է 72 նախկին և ներկա նախագահների անուններ, հայտնի ընկերությունների անվանումներ:
ICIJ-ի հետաքննությունների արդյունքները հրապարակում են կոնսորցիումի գործընկերները մի շարք առաջատար համաշխարհային ԶԼՄ-ներից:
Փաստաթղթերի ուսումնասիրմամբ զբաղվել են նաև BBC-ի «Պանորամա» ծրագրի թղթակիցները: Փաստաթղթերում հիշատակվում է 4 ընկերության անվանում, որոնք, այսպես թե այնպես, առնչություն ունեն Ռուսաստանին՝ Sonnette Overseas, International Media Overseas, Sunbarn ու Sandalwood Continental:
Այս ընկերությունները գրանցված են օֆշորներում ու, ինչպես պնդում են, կապված են «Ռոսիա» բանկի ու Պուտինի մտերիմների հետ:
Այդ ընկերությունները մասնակցել են գործարքների, որոնք փորձագետները, ծանոթանալով փաստաթղթերին, համարում են կասկածելի:
Պուտինի ընկերը
Բրիտանացի առաջատար փորձագետ, ով զբաղվում է փողերի լվացման հարցերով, թագավորական փաստաբան Էնդրյու Միտչելը «Պանորամայի» հետ զրույցում հայտարարել է, թե փաստաթղթերում հիշատակված գործարքներում տեսնում է կեղծիքի նշաններ: Նա դրանցում չի գտնում սովորական կոմերցիոն տրամաբանություն: Համաձայն այդ փաստաթղթերից մեկի՝ Sandalwood Continental ընկերությունը ձեռք է բերել ինչ-որ ակտիվներ 1 դոլարով ու 3 ամիս անց դրանք վաճառել է 133 միլիոն դոլարով:
Sandalwood-ը նույնպես ստացել է 800 միլիոն դոլարի դրամական վարկեր ռուսական պետությանը պատկանող բանկից: Փաստաթղթերում չկան երաշխիքների տրամադրման վկայություններ Sandalwood-ին կամ վճարումներ այդ փոխատվություններով:
Ֆինանսական հանցագործությունների հետազոտության և անվտանգության կենտրոնից Թոմ Քիթինգը նույնպես «Պանորամայի» հետ զրույցում հայտարարել է, որ այդ գործողությունները կրում են փողերի լվացման նշաններ:
Նրա կարծիքով՝ այդ գործարքները հարկավոր է հետաքննել: «Այն ամենը, ինչ ես տեսա, ինձ ստիպում է ասել՝ կանգ առ, մենք պետք է շատ ուշադիր ուսումնասիրենք, թե ինչ է այստեղ տեղի ունենում: Արդյո՞ք դա վարկեր են, որ դուրս են գրվել՝ առանց ակնհայտ փոխհատուցման, բացի 1 դոլար փոխհատուցումից, կամ դրանք վարկեր են, որոնք անցել են մի քանի ձեռքով՝ առանց ինչ-որ ակնհայտ պատճառի»,- ասել է Թոմ Քիթինգը:
Փաստաթղթերի համաձայն՝ International Media Overseas և Sonnette Overseas ընկերությունները պաշտոնապես պատկանում են Սանկտ Պետերբուրգի երաժշտության տան գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ռոլդուգինին: Նա հայտնի է՝ որպես Վլադիմիր Պուտինի մանկության ընկեր և նրա աղջիկներից մեկի կնքահայր:
Պուտինի մասին «Առաջին դեմքից» գրքում նկարագրվում է նրա ծանոթությունն ապագա նախագահի հետ ու մտերմությունը:
ICIJ-ի փաստաթղթերի համաձայն՝ Ռոլդուգինի ընկերությունների եկամուտը գործարքներից, որոնք փորձագետները կասկածելի են համարել, կազմել է մի քանի միլիոն դոլար:
Այդուհանդերձ, երաժշտի ընկերություններից մեկի փաստաթղթերում նշված է, որ այն հիմնադրվել է այն բանի համար, որ պաշտպանի վերջնական սեփականատիրոջ «ինքնությունն ու կոնֆիդենցիալությունը»:
Թավջութակահարն ավելի վաղ հայտնել էր թղթակիցներին, թե ինքը գործարար չէ: Նրա ներգրավվածությունը բարդ օֆշորային գործարքներին կասկածներ է հարուցում այն բանում, որ ինչ-որ մեկը կարող էր նրա ընկերությունից օգտվել՝ սեփական խնդիրների լուծման նպատակով:
Հետաքննության տվյալով՝ Sandalwood Continental ընկերությունը հիմնադրվել է «Ռոսիա» բանկի կողմից, որն ԱՄՆ-ի իշխանություններն անվանել են «ռուս բարձրաստիճան պաշտոնյաների անձնական բանկ»:
Sandalwood Continental-ի սեփականատերը հայտնի չէ: «Չի կարող, որ կոմերցիոն հիմքեր լինեն 200 միլիոն դոլարի փոխանցման ու ամենամյա 8 միլիոն դոլարի ստացման իրավունքի համար՝ 1 դոլարի դիմաց»,- հայտարարել է թագավորական փաստաբանը:
Դա գործարքներից ընդամենը մեկն է, որը կապված է ռուսական ընկերությունների հետ և որը կասկածներ է առաջացրել փորձագետների շրջանում:
Ընդհանուր առմամբ՝ Mossack Fonseca-ի փաստաթղթերում ներկայացվում են նվազագույնը 2 միլիարդ դոլարի մի քանի տասնյակ նման գործարքներ:
Օրինակ՝ 2007թ. International Media Overseas-ը 6 միլիոն դոլարի վարկ է վերցրել, որն ընդամենը 3 ամիս անց դուրս է գրվել 1 դոլարով: International Media Overseas-ը նաև գումար է վաստակել արժեթղթերի վաճառքի գործարքներից: International Media Overseas-ի համար հաշվեհամար Ռոլդուգինը բացել է շվեյցարական բանկերից մեկում: Հաշվեհամար բացելիս՝ հարցին՝ արդյո՞ք նա ճանաչում է «քաղաքական որևէ հայտնի անձնավորության», Սերգեյ Ռոլդուգինը տվել է բացասական պատասխան:
«ԿամԱզի» և «ԱվտոՎԱԶ»-ի բաժնետոմսերը
Եվս մեկ ընկերություն, կապված Ռուսաստանի հետ, Sonnette Overseas-ն է, որը, համաձայն ICIJ-ի փաստաթղթերի, մասնակցել է անտրամաբանական թվացող գործարքի՝ «ԿամԱԶ» ավտոմոբիլային ընկերության բաժնետոմսերի գնման ժամանակ:
2008թ. Sonnette-ն ընդգրկվել էր օֆշորային ընկերությունների կոնսորցիումում, որը ստացել է իրավունք՝ գնել «ԿամԱԶ»-ի բաժնետոմսերի 27%-ը 100 հազար դոլարով:
Մինչ այդ, գերմանական Daimler կորպորացիան նույն տարում «ԿամԱԶ»-ի բաժնետոմսերի 10%-ի համար վճարել է 250 միլիոն դոլար:
Մեկ այլ ընկերություն՝ Sunbarn-ը, այն 5 օֆշորային ընկերությունների մեջ էր ընդգրկվել, որ 2009-ին ստացել է «ԱվտոՎԱԶ»-ի բաժնետոմսերի 20%-ի գնման իրավունք 50 հազար դոլարով: Գումարը չափազանց քիչ է թվում՝ դրանից 2 տարի առաջ ֆրանսիական Renault-ն «ԱվտոՎԱԶ»-ի բաժնետոմսերի 25%-ի համար վճարել էր 1 միլիարդ դոլար:
ВТБ-ն և Արկադի Ռոտենբերգի մասնակցությունը
Ինչպես նշվում է ICIJ-ի հրապարակած փաստաթղթերում, Sandalwood ընկերությունը ստացել է մի քանի, ընդհանուր առմամբ, 600 միլիոն դոլարի վարկ Կիպրոսի ռուսական կոմերցիոն բանկից:
Այդ ժամանակ բանկի հիմնական բաժնետերն էր ռուսական ВТБ-ն: Հետո այդ գումարները, դատելով ICIJ-ի փաստաթղթերից, փոխանցվել են օֆշորային այլ ընկերությունների: Դրանցից մեկը տնօրինում է Սանկտ Պետերբուրգի մոտ գտնվող լեռնադահուկային «Իգորա» հանգստավայրը: Պուտինը ներկա է եղել այդ հանգստավայրի բացմանը 2006թ.:
2013թ. հենց այդտեղ է տեղի ունեցել Иннопрактика հիմնադրամի ղեկավար Կատերինա Տիխոնովայի հարսանիքը, ում Reuters-ը համարում է Պուտինի կրտսեր դուստր: Ընկերությունը, որը ստացել է գումարները, ներկայում մասնակի պատկանում է «Ռոսիա» բանկի խոշորագույն բաժնետեր Յուրի Կովալչուկին, ում անվանում են Պուտինի «գանձապահներից» մեկը: Նրա անունն ԱՄՆ կառավարությունը ներառել է պատժամիջոցային ցուցակում:
Sunbarn ընկերությունը ստացել է 231 միլիոն դոլարի մի քանի վարկ ընկերություններից, որոնք կապվում են Արկադի Ռոտենբերգի հետ, ով նույնպես Պուտինի վաղեմի ընկերներից է:
Տեղեկատվական հարձակում
BBC-ի «Պանորամա» հաղորդաշարի հեռարձակումից 1 շաբաթ առաջ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նախազգուշացրել էր այն մասին, որ ԶԼՄ-ներում իբր «տեղեկատվական հարձակում» է նախապատրաստվում Պուտինի և նրա մերձավորների նկատմամբ:
«Բնական է, ինչպես կարող եք գլխի ընկնել, խոսքն անձամբ Պուտինի, նրա մանկության ընկերների, գործարարների մասին է, որոնց թվում են Կովալչուկը, Ռոտենբերգն ու այլք»,- հայտարարել է Պեսկովը:
BBC-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ հետաքննությունը կրում է հասարակական հետաքրքրություն և անցկացվել է անաչառ ու արդար: ICIJ-ի փաստաթղթերն ուսումնասիրվել են մի շարք անկախ ու հուսալի փորձագետների կողմից:
Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումը գտնվում Է Վաշինգտոնում: Ընկերությունը հրապարակել Է 11,5 միլիոն փաստաթղթեր: Հաշվետվությունները, որոնց տրվել է «Պանամական փաստաթղթեր» (Panama Papers) անվանումը, զետեղված են կազմակերպության պաշտոնական կայքում:
Հրապարակումները հիմնված են Mossack Fonseca ընկերության տեղեկատվական արտահոսքի վրա: Հրապարակված նյութերում հիշատակվում են ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի ընտանիքի անդամները, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Մարոկկոյի Մուհամեդ VI թագավորը և Սաուդյան Արաբիայի Սալման իբն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդ թագավորը, Մեծ Բրիտանիայի ներկայիս վարչապետ Դևիդ Քեմերոնի հանգուցյալ հայրը, Պակիստանի վարչապետ Նավազ Շաիֆի երեխաները:
«Պանամական փաստաթղթերում», բացի պաշտոնական փաստաթղթերից, ներկայացված են նաև հայտնի մարդկանց Էլեկտրոնային նամակագրություններն ու հաշիվները, ինչպես նաև՝ շուրջ 40 ժամ տեսագրություններ և այլ տեղեկատվություն օֆշորային գոտու ավելի քան 210 հազար ընկերությունների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ, ըստ փաստաթղթերի՝ Իլհամ Ալիևի կինը, ինչպես նաև՝ նրա քույրն ու երեխաներն օգտագործել են Պանամայում գրանցված իրավաբանական անձանց, որպեսզի «գաղտնի պահեն ոսկի արդյունահանող ընկերություններում ունեցած ու Լոնդոնի անշարժ գույքի իրենց մասնաբաժինները»: