Հայերի ջարդերը 100 տարի անց էլ հետապնդում են դրանք վերապրածներին. National Geographic

National Geographic ամսագիրը YouTube-ի իր ալիքում շուրջ 3 րոպեանոց տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացրել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրած 5 տարեց հայերի պատմությունները։

Տեսանյութին կից մեկնաբանության մեջ ասվում է, որ մինչև 1915 թվականը 500 հազարից 1,5 միլիոն հայ է ապրել Թուրքիայում, որոնք սպանվել կամ արտաքվել են իրենց երկրից, որտեղ երկար դարեր գերազանցապես խաղաղ կերպով են ապրել թուրքերի հետ: Հայերը ջարդն անվանում են Ցեղասպանություն, թուրքերն ասում են, որ դա եղել է պատերազմի հետևանք, որին զոհ են գնացել բազմաթիվ խմբեր, ներառյալ թուրքեր:

Հայոց Ցեղասպանությունը վերապրած, իրենց հայրենիքում սարսափների ականատես եղած 5 մարդկանց՝ Վարազդատ Մանուկյանի, Մովսես Հանեշյանի, Մալաք Պապոյանի, Նեկտար Ալաթուզյանի ու Ֆարքհա Հակոբյանի պատմությունն է ներկայացնում National Geographic-ը:

Հիշեցնենք, որ նախօրեին The Guardian-ը հրապարակել էր հայ պրոֆեսիոնալ լուսանկարիչ Դիանա Մարկոսյանի «1915» կոչվող լուսանկարչական նախագծի համար արված 3 լուսանկարներից մեկը, որը պատկերում է Ցեղասպանությունից մազապուրծ 105-ամյա ծերունու լուսանկարը՝ նշելով, որ դա ամենահուզիչ լուսանկարչական պատմություններից է, որը պատմում է հայրենիքը կորցրած մարդու ճակատագրի ու Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանության մասին:

Լուսանկարում պատկերված տարեց տղամարդը 105-ամյա Մովսես Հանեշյանն է, ով հրաշքով է փրկվել թուրքերից Ցեղասպանության ժամանակ:

The Guardian-ը նաև հիշեցրել է, որ հայերի զանգվածային արտաքսումը հայրենի հողերից, որոնք ժամանակակից Թուրքիայի տարածքում են մնացել, ուղեկցվել են ձերբակալություններով, բռնություններով, թալանով, ինչի հետևանքով սպանվել է 1,5 մլն հայ:

Տեսանյութեր

Լրահոս