The Guardian-ը հրապարակել է Ցեղասպանությունը վերապրած 105-ամյա հայ ծերունու լուսանկարը
The Guardian-ը հրապարակել է հայ պրոֆեսիոնալ լուսանկարիչ Դիանա Մարկոսյանի «1915» կոչվող լուսանկարչական նախագծի համար արված 3 լուսանկարներից մեկը, որը պատկերում է Ցեղասպանությունից մազապուրծ 105-ամյա ծերունու լուսանկարը՝ նշելով, որ դա ամենահուզիչ լուսանկարչական պատմություններից է, որը պատմում է հայրենիքը կորցրած մարդու ճակատագրի ու Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանության մասին:
Լուսանկարում պատկերված տարեց տղամարդը 105-ամյա Մովսես Հանեշյանն է, ով հրաշքով է փրկվել թուրքերից Ցեղասպանության ժամանակ:
Տարեց տղամարդը լուսանկարում կանգնած է մեջքով ու նայում է Արևմտյան Հայաստանում գտնվող իր հայրենի գյուղի մեծ լուսանկարին: «Տեսնելով հայրենի վայրերը՝ նա լացեց, իսկ հետո երգեց»,- պատմել է լուսանկարիչը The Guardian-ին: «Իմ տունը, իմ Հայաստանը»,- ասել է ծերունին:
Մովսես Հանեշյանը 5 տարեկան էր, երբ հոր ձեռքը բռնած՝ հեռացել է հայրենի գյուղից թուրք զինվորների ներխուժումից հետո: Հիշողությունն այդ երկար ճանապարհի մասին, որին նայում է լուսանկարի տարեց տղամարդը, սարսափելի է, դրանք հնարավոր չէ փոխանցել ընթերցողին, նշում է բրիտանական պարբերականը:
«Ճանապարհի կեսը ծածկված էր մահացած մարդկանց դիակներով»,- պատմել է Հանեշյանը:
The Guardian-ը նաև հիշեցնում է, որ հայերի զանգվածային արտաքսումը հայրենի հողերից, որոնք ժամանակակից Թուրքիայի տարածքում են մնացել, ուղեկցվել են ձերբակալություններով, բռնություններով, թալանով, ինչի հետևանքով սպանվել է 1,5 մլն հայ:
Պատմելով «1915» նախագծի մասին՝ պարբերականը նշում է, որ Կոլումբիայի համալսարանի շրջանավարտ Դիանա Մարկոսյանը 2013թ. եկել է Հայաստան՝ ծանոթանալու Ցեղասպանությունը վերապրած 10 հայերի հետ, որոնցից միայն երեքը՝ Մովսես Հանեշյանը, 102-ամյա Մարիամ Սահակյանը և 108-ամյա Եպրաքսյա Բարսեղյան-Գևորգյանն են կարողացել հեղինակին պատմել այն մասին, թե ինչպես են ապրել մինչ Ցեղասպանությունը իրենց հայրենիքում: Եպրաքսյա Բարսեղյան-Գևորգյանը պատմել է, թե ինչպես են հայերին սպանել ու լցրել գետը: «Գետը կարմիր էր, լի էր արյամբ»,- պատմել է տարեց կինը լուսանկարչին:
Այդ մարդիկ մանրամասն նկարագրել են իրենց հայրենի բնակավայրերը, ու Դիանան մեկնել է Թուրքիա՝ գտնելու ու լուսանկարելու իր հերոսների հայրենի վայրերը: Ի դեպ, Մովսես Հանեշյանը նրան է տվել նաև քարտեզ, որին հետևելով՝ լուսանկարիչը կարողացել է գտնել այն ամենը, ինչ իրեն նկարագրել էր ծերունին: Նա խնդրել էր գտնել իրենց գյուղի եկեղեցին, Եպրաքսիան՝ որբանոցում կորցրած իր եղբորը: «Ես չեմ հիշում նրա մասին ոչինչ, բացի նրանից, որ նրա աչքերն իմի պես կապույտ էին»,- ասել է ծեր կինը:
Վերադառնալով Հայաստան՝ Դիանան ցուցադրել է նրանց իր լուսանկարներն ու հավերժացրել այդ հուզիչ պահերը, գրում է The Guardian-ը:
Մարկոսյանն աշխատում է իր անձնական նախագծերի վրա, համագործակցում National Geographic-ի հետ՝ լուսանկարներ անելով Կովկասից: