«Սա լկտիության բարձրագույն դրսևորում է». Գուրգեն Արսենյան
Անցած տարի սեպտեմբերի 19-ին՝ առավոտյան ժամը 7:00-ի սահմաններում, Երևանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած ծեծկռտուքի գործը, որի ընթացքում դանակահարվել էր ԱԺ պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի թիկնապահ Ավետիս Գալստյանը, այժմ քննվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: 168.am-ի հետ զրույցում Գուրգեն Արսենյանը տեղեկացրեց, որ հաջորդ դատական նիստը կայանալու է ապրիլի 21-ին:
«Ժողովուրդը» գրել էր, որ ամեն ինչ սկսվել էր փողոցային մի կռվից, որը նկատելով՝ ԱԺ պատգամավորն անտարբեր չի անցել, կանգնեցրել է ավտոմեքենան, փորձել կարգի հրավիրել մի երիտասարդի գետնին տապալած ու դաժան ծեծի ենթարկող քառյակին:
Սակայն ագրեսիվ երիտասարդները թողնելով իրենց «զոհին»՝ անմիջապես թիրախավորել են պատգամավորին, հայհոյել նրան, որից հետո Արսենյանի օգնականը գործի է դրել բռունցքները: Ծեծկռտուքի ընթացքում Անդրանիկ Գաբրիելյանը դանակահարել է Ավետիսին, որից հետո պատգամավորը ստիպված է եղել մեքենայից հանել զենքը: Բարեբախտաբար, բանը կրակոցներին չի հասել, և օգնականին շտապ հիվանդանոց հասցրած Գուրգեն Արսենյանը հատուկ շնորհակալություն էր հայտնել ՀՀ ոստիկանությանը՝ «խուլիգանական դրսևորումներով աչքի ընկած երիտասարդներին օպերատիվ կերպով վնասազերծելու համար»:
Մեզ հետ զրույցում Գ.Արսենյանը նշեց, որ այդ իրադարձություններից մեկ ամիս հետո Ավետիս Գալստյանի առողջականն արդեն նորմալ էր:
«Սա առաջին դեպքը չէր, Հրապարակում էլ ռուս երիտասարդի վրա էին հարձակվել: Սա լկտիության բարձրագույն դրսևորում է: Ես չեմ ուզում շատ խոսել, հետևությունները Դուք արեք: Դատական պրոցեսը կավարտվի, արդարադատությունն իր գնահատականը կտա»,- ասաց Գ.Արսենյանը:
Դատական տեղեկատվական համակարգից պարզեցինք, որ գործը գտնվում է դատավոր Գագիկ Պողոսյանի վարույթում (ԵԿԴ/0025/01/16): Անդրանիկ Գաբրիելյանին, Գարիկ Բաբախանյանին, Հակոբ Բոյաջյանին, Սամվել Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել Քրօրենսգրքի 176 հոդվածի 2-րդ մասի 1, 4 կետերով, 258 հոդվածի 4-րդ մասով, 34-104 հոդվածների 2-րդ մասի 2-րդ կետով:
Անդրանիկ Գաբրիելյանին, Հակոբ Բոյաջյանին և Սամվել Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք Գարիկ Բաբախանյանի հետ գույքի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով՝ Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում Ռուբիկ Առաքելյանի առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ ձեռքերով և ոտքերով ծեծի են ենթարկել նրան` պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ, ապա բացահայտ հափշտակել են Ռ. Առաքելյանին պատկանող զգալի չափի` 400.000 ՀՀ դրամ արժողության «Այֆոն» տեսակի բջջային հեռախոսը, 1500 ՀՀ դրամ գումարը և 200 դրամ արժողության կրակայրիչն ու դիմել փախուստի:
Գարիկ Բաբախանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևան քաղաքի Վ. Սարգսյան փողոցի Հանրապետության հրապարակին հարող տարածքում բացահայտ հափշտակել է Արամ Վարդանյանի կողմից շահագործվող` Արարատ Հայրապետյանին պատկանող զգալի չափի` 12.000 ՀՀ դրամ արժողության «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոսը:
https://www.youtube.com/watch?v=-ZghPvt8d1k