Կամակորություն, եսակենտրոնություն, ֆանտազյորություն. ինչպես են փորձագետները բնորոշել Վալերի Պերմյակովին
Ռուսական 102-րդ ռազմաբազայում ավարտվեց 2015թ. հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով դատական նիստը:
Հրապարակվեց ամբուլատոր-դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունը, որի հետևությունների մասի համաձայն՝ հանցավոր արարքը կատարելու պահին Վալերի Պերմյակովի հուզական վիճակն էապես չի ազդել նրա գիտակցության և դրսևորած վարքի վրա: Նրան հատուկ են անհատական հոգեբանական առանձնահատկություններ՝ իմպուլսիվություն, կամակորություն, եսակենտրոնություն, իրավիճակային ագրեսիվություն, բռնկվողություն, տագնապային համակցումով պրիմիտիվություն և ֆանտազյորություն, ինչպես նաև՝ հուզական լարվածության ժամանակ ադապտացիայի դժվարություններ, շտապողականություն՝ դյուրագրգռվածության համակցումով: Ըստ եզրակացության՝ Պերմյակովին հատուկ իմպուլսիվությունը, պրիմիտիվությունը, իրավիճակային բարձր ագրեսիվությունը, բռնկվողությունը, եսասիրությունն էապես ազդել են տվյալ իրավիճակում նրա վարքի վրա: Պերմյակովին հատուկ բարձր ագրեսիվությունը, դաժանությունը, ցածր իրավագիտակցությունը, սոցիալ-բարոյական դիրքորոշումների թերզարգացումը պայմանավորել են նրա հակաիրավական գործողություները: Դրդապատճառային ոլորտի հետ առնչվող եսակենտրոնությունը, դժվարություններից խուսափողականությունը, ձգտումը դեպի անհոգ, հանգիստ կյանք՝ փոխկապակցված են քրեական գործի հանգամանքների հետ:
Հանձնաժողովը հանգել էր եզրակացության, որ Վալերի Պերմյակովը քրոնիկական հոգեկան հիվանդությամբ չի տառապել և չի տառապում, հանդիսանում է ինֆանտիլ անձ՝ բնավորության փսիխոպատանման գծերով ու հուզական էմոցիոնալ թերհասությամբ, ինչն իրենց ներկայացնում է անձի ընդհանուր զարգացման որոշակի շեղում և դրսևորվում է մակերեսային, պարզունակ դատողություններով, որոշակի մանկամտությամբ, հուզական ռեակցիաների միօրինակությամբ, պրիմիտիվությամբ: Մեղսագրվող արարքները կատարելու ընթացքում նա գործել է նպատակուղղված, նա ամբողջովին կարող էր գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և հակահասարակական բնույթը և ղեկավարել դրանք: Մեղսագրվող արարքների նկատմամբ փորձագետները Վալերի Պերմյակովին մեղսունակ էին ճանաչել՝ նշելով, որ նա կարող է ճիշտ հասկանալ քրեական գործի համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքները, տալ ճշմարիտ ցուցմունքներ, կարող է մասնակցել դատաքննչական գործողությունների:
Քրեական գործին կցված էր նաև նախորդ տարի ռուսական դատարանի կողմից Վալերի Պերմյակովի վերաբերյալ կայացված դատավճիռը, որով վերջինս նա մեղավոր էր ճանաչվել դասալքություն, հրազենի և զինամթերքի հափշտակության, հրազեն և զինամթերք ապօրինի կրելու մեջ՝ դատապարտվելով 10 տարվա ազատազրկման: Ավարտվեց քրեական գործի 26 նյութերի հրապարակումը:
Դատական նիստը հետաձգվեց. հաջորդ նիստին դատարանը կհետազոտի իրեղեն ապացույցները: