Բաժիններ՝

Սեպտեմբերից ԵՊՀ-ում կգործի IBM Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը

ԵՊՀ 7-րդ մասնաշենքի 6-րդ հարկում 2016 թվականին մեկնարկել է IBM Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ISTC) շինարարությունը:

Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծման աշխատանքներն իրականանում են ՀՀ Կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, IBM միջազգային կազմակերպության, ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID), Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և ԵՊՀ-ի ջանքերով:

168.am-ի հետ զրույցում Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի նախագահ Բագրատ Ենգիբարյանը պատմեց, որ նման կենտրոն ունենալու գաղափարն առաջացել է 4 տարի առաջ, երբ ՀՀ արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը Սիլիկոնային հովտում մասնակցում էր ArmTech բարձր տեխնոլոգիաների համաժողովին: Հայաստան-IBM համագործակցությունը ստացվեց, և հաշվի առնելով Հայաստանի հաջողություններն այս ոլորտում՝ IBM-ը Հայաստանում բացեց նորարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն:

«IBM նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնն աշխատում է արդեն 3 հիմնական ուղղություններով: Առաջինը բուհական միջավայրում և՛ IT ոլորտում, և՛ քիմիայի, ֆիզիկայի, բիոլոգիայի ոլորտներում, նոր որակական փոփոխություններ բերելն է: Նոր դասընթացներ, նոր դասեր, նոր վերապատրաստված դասախոսներ… Դասախոս, որը ոչ միայն կրթում է, այլև հետազոտում է:

Կարդացեք նաև

Երկրորդը կլինի աջակցությունը մյուս կազմակերպություններին: Առանց դրա անհնար է: Կենտրոնը աքսելերատոր է և կփորձի այլ կազմակերպությունների հետ IBM տեխնոլոգիաների վրա մշակումներ իրականացնել: Եվ երրորդը՝ IMB-ի մեծ պրոդուկտները լոկալիզացնել Հայաստանի խնդիրների վրա և փորձել տարածել այլ փոքր երկրներում»,- նշեց Բագրատ Ենգիբարյանը:

Բագրատ Ենգիբարյանի խոսքերով ՝ IBM-ին հետաքրքրում է ԵՊՀ-ն, քանի որ այստեղ կան տարբեր ուղղություններ՝ մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, բիոլոգիա, տնտեսագիտություն: Առհասարակ բոլոր կենտրոնները տեղաբաշխված են Հայաստանի տարբեր համալսարաններում:

Այն, որ կենտրոնը գործելու է ԵՊՀ-ում, չի նշանակում, որ այն նախատեսված է միայն ԵՊՀ-ի ուսանողների համար: Չկա որևէ սահմանափակում, և կենտրոնից ազատորեն կարող են օգտվել նաև բոլոր համալսարանների ուսանողները, անհատ անձինք, ովքեր ցանկանում են զբաղվել այս ոլորտի ուսուցմամբ, խմբեր, ստարտափներ:

Դասընթացները մեծամասամբ կլինեն անվճար և հնարավորություն կտան ոլորտով հետաքրքրվող ցանկացած մարդու կատարել ուսումնասիրություններ: Կենտրոնը նախատեսում է նաև կապ պահպանել ԱՄՆ-ի հետ: Կլինեն այցեր IMB-ի գրասենյակներ հենց Միացյալ Նահանգներում:

Կենտրոնի շինարարական աշխատանքները կավարտվեն հունիս ամսին, իսկ սեպտեմբերից IMB նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը կսկսի լիարժեք գործունեությունը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս