«Հայաստանին պետք են մեքենայական ուսուցման մեթոդներ. ուղղակի ծրագրավորմամբ մենք չենք կարող մրցակցել մեծ երկրների հետ». Արամ Գալստյան

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ծննդյան օրը համընկել էր հայազգի նշանավոր գիտաշխատողներից մեկի՝ Արամ Գալստյանի՝ համալսարան այցելության հետ: ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում, Կալիֆոռնիայի համալսարանի դոցենտ,  Տեղեկատվական գիտությունների ինստիտուտի գիտաշխատող Արամ Գալստյանը բաց դասախոսություն կարդաց «Գիտական բացահայտումները՝ մեծածավալ տվյալների դարաշրջանում» թեմայով:

Սա Արամ Գալստյանի առաջին այցը չէ Հայաստան: Տարիներ առաջ նա դասախոսություն է կարդացել Ամերիկյան համալսարանում: 168.am-ի հետ զրույցում Արամ Գալստյանը խոստացավ, որ շուտով կվերադառնա և կշարունակի դասախոսությունների շարքը:

Իր խոսքում Արամ Գալստյանը նշեց, որ դասախոսության ժամանակ ներկայացրել է նյութեր, որոնք պատրաստել էր մի քանի տարի առաջ Ամերիկայում ցուցադրելու համար: Ըստ նրա՝ այդ նյութերը Հայաստանում դեռ արդիական են:

«Իմ կարծիքով՝ Հայաստանին պետք են մեքենայական ուսուցման մեթոդներ, որովհետև ուղղակի ծրագրավորմամբ մենք չենք կարող պայքարել կամ մրցակցել մեծ երկրների հետ, որովհետև մենք այդ մարդկային ռեսուրսները չունենք: Իմ կարծիքով՝ պետք է ուշադրություն դարձնել այն ոլորտներին, որտեղ հաղթում են քանակով, այլ ոչ թե՝ որակով, որտեղ պետք է լինեն շատ առաջատար տեխնոլոգիաներ, առաջատար մեթոդներ: Մեքենայական ուսուցումը, իմ կարծիքով, այժմ համապատասխանում է այդ ցուցանիշներին»,- նշեց Ա. Գալստյանը:

Կարդացեք նաև

Մեզ հետ զրույցում Ա. Գալստյանը խոստովանեց, որ այդքան էլ լավ ծանոթ չէ Հայաստանի կրթական մակարդակին, բայց կարծում է, որ ոլորտում հաջողությունների հասնելու համար չպետք է բավարարվել միայն համալսարանական կրթությամբ. «Բակալավրի կրթությունը նման է 70-ականների ավագ դպրոցներին: Մասնագիտական հաջողությունների համար պետք է անպայման շարունակել կրթությունը»:

Ըստ Արամ Գալստյանի՝ այսպիսի կրթությունը շատ ռեսուրսներ չի պահանջում: Կրթության համար ամեն ինչ կարելի է գտնել համացանցի միջոցով՝ առցանց դասախոսություններ, տեսանյութեր, և այլն: Պետք է խրախուսել դրսում սովորելու միտումը, բայց՝ Հայաստան վերադառնալու պայմանով:

Խոսելով Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում Հայաստանի հաջողությունների մասին, Ա. Գալստյանը նշեց, որ Հայաստանում նկատվում է զարգացման միտում, սակայն մեծ տերությունների հետ մրցելու համար պետք է, ծրագրավորումից բացի, տեղ հատկացնել նաև մեքենաշինությանը:

Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի անդամ Գևորգ Վարդանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նման դասախոսություններով փորձ է արվում հայազգի գիտնականների ներուժն օգտագործելով՝ համատեղ ծրագրեր իրականացնել:

«Սա արդեն երկրորդ դասախոսությունն է: 2015-ին դասախոսությամբ հանդես եկավ հայազգի գիտնական Արտեմ Օգանովը: Նրա աջակցությամբ շատ շուտով Երևանի պետական համալսարանից մեկ ասպիրանտ կմեկնի սովորելու: Ճանապարհածախսը մենք ենք հոգում, իսկ մնացած ծախսերը կհոգա հենց Արտեմ Օգանովը: Միայն պայման կա, որ ասպիրանտը պետք է վերադառնա Հայաստան և փորձի իր գիտելիքները տարածել այլ երիտասարդների շրջանում»,- նշեց Գևորգ Վարդանյանը:

Ըստ Գ. Վարդանյանի՝ սա ոչ միայն լուծում է երկրից երիտասարդների արտագաղթի խնդիրը, այլև այս ծրագրի շրջանակներում ինչ-որ չափով խթանում է երիտասարդ գիտնականների գիտական գործունեությունը: Դասախոսությունների շնորհիվ հաստատվում են կապեր, որոնց շնորհիվ հայ ուսանողները կկարողանան կապվել արտասահմանում գործող հայ գիտնականների հետ և օգտագործել նրանց ներուժը:

«Մենք պետք է օգտագործենք ոչ միայն սփյուռքի բարերարների, մեծահարուստների կապերը, այլև պետք է օգտագործենք սփյուռքում գտնվող գիտնականների պոտենցիալը»,- նշեց Գևորգ Վարդանյանը:

Սիրարփի Աղաբաբյան

Տեսանյութեր

Լրահոս