Բաժիններ՝

«Սպիտակ թուղթն ինքնաբավ է, այն քանդակաստեղծ է». Ասյա Կոզինա

Ասում է ուկրաինացի նկարիչ, թղթե քանդակների ստեղծող Ասյա Կոզինան

Թղթե աշխատանքների վարպետ, ուկրաինացի նկարիչ, ներկայումս՝ Սանկտ Պետերբուրգում բնակվող Ասյա Կոզինայի յուրօրինակ աշխատանքները շատերին են գրավում: 2007-ին Կոզինան ունեցել է իր առաջին ցուցադրությունը: Նկարիչը ճերմակ թղթից պատրաստում է թղթե տիկնիկներ, դիմակներ, դեկորներ: Նկարիչը ստեղծում է հարսանեկան գեղեցիկ զգեստներ, էթնիկ կոստյումներ: «168 Ժամը» զրուցել է նկարչուհու հետ:

– Ասյա, կպատմե՞ք՝ ինչպե՞ս ստացվեց, որ լինելով ուկրաինուհի՝ ստեղծագործում եք Սանկտ Պետերբուրգում:

000

Կարդացեք նաև

– Ծնվել ու կրթությունս ստացել եմ Ուկրաինայում: Այնտեղ էլ սկսել եմ ստեղծագործական կարիերաս: Չերկասկի Ազգային համալսարանում անցում էի թղթե պլաստիկի առարկան, ու հենց այդտեղից էլ սկսվեց իմ աշխատանքների ավելի պրոֆեսիոնալ մակարդակը: Մինչ այդ ես զբաղվում էի միայն թղթից փորագրությամբ, ուկրաիներեն դա կոչվում է վիտինանկա (вытынанка), ես դրանով զբաղվում էի դեռ մանկուց՝ հենց այնպես սպիտակ ու գունավոր թղթից կտրում էի տարբեր ծիծաղելի մարդուկների, կենդանիների ու պատմական հերոսների: Առաջին վիտինանկաներից մեկը ճապոնացի սամուրայ էր ու հեյշա: Հավանաբար, արդեն այդ աշխատանքներում կարելի է նկատել նորաձևության պատմության նկատմամբ առանձնահատուկ ուշադրություն:

Asya Kozin (45) Asya Kozin (43) Asya Kozin (42) Asya Kozin (41) Asya Kozin (38) Asya Kozin (39)

Համալսարանում իմ դասախոսներից մեկն ամփոփիչ հանձնարարություն տվեց՝ թղթե պլաստիկից պատրաստել տիկնիկ: Այն դարձավ «Պատմական կոստյումներ» հավաքածուի առաջին աշխատանքը, առաջին ցուցադրությանս ցուցադրված էր 27 տիկնիկ: Ահա այսպես ամեն ինչ սկսվեց: Իսկ Սանկտ Պետերբուրգ տեղափոխվելուս պատճառն ամուսնությունս էր, որտեղ էլ ապրում ու արարում եմ:

– Ինչպե՞ս կբնորոշեիք ձեր ստեղծագործական ոճը: Դա որևէ անվանում ունի՞:

– Երբ ես սկսեցի աշխատել թղթի հետ, նման էի նոր աշխարհ բացահայտած մարդու. ոչ մի մասնագիտական գրականություն չկար, համացանց՝ նույնպես: Ամեն ինչ զրոյից է մտածվել՝ ինչպես ծալել, ճկել, կտրել, և այլն: Իմ առաջին մկրատներն ու առաջին պլանշետը հիմա չեն կարող ժպիտ չհարուցել: Թղթի արվեստում ես փորձում եմ ինձ տարբեր ուղղություններում ու տեխնիկաներում, համադրում եմ, սինթեզում, կարելի է ասել՝ միակ բանը, որ անփոփոխ է մնում, նյութն է:

Asya Kozin (36) Asya Kozin (34) Asya Kozin (33) Asya Kozin (27) Asya Kozin (24) Asya Kozin (23)

– Ինչո՞ւ ընտրեցիք հենց թուղթը՝ որպես ստեղծագործական նյութ: Չէ՞ որ թուղթն ամենանուրբ նյութն է: Ինչո՞վ է թուղթը ձեզ գրավում:

– Կարծում եմ՝ թուղթը հենց իր փխրունությամբ ու նրբությամբ էլ ինձ գրավում է: Մի կողմից՝ այն ամենահասանելի ու կենցաղային նյութերից մեկն է՝ ստեղծագործելու համար, մյուս կողմից՝ նյութ է, որը հնարավորություն է տալիս օգտագործել այն տարբեր ձևերով ու ոչ ավանդական եղանակներով:

– Ինչո՞ւ եք դուք ընտրել սպիտակ թուղթը, այլ ոչ թե՝ գունավորը: Երբեք չե՞ք մտածել գունավոր թղթով ստեղծագործելու մասին:

– Սպիտակ թուղթն ինքնաբավ է, այն հիանալի կերպով է կարողանում փոխանցել ռելիեֆը, լույսն ու ստվերը, այն քանդակաստեղծ է: Ես ունեմ երկու նախագիծ, որոնցում օգտագործել եմ գունավոր թուղթ, առաջինը ձիեր են, որոնցից մեկը եղել է սև, երկրորդը ֆանտաստիկ գույներ են՝ ստեղծված մանկական ստեղծագործությունների ազդեցության ներքո, նրանք ամբողջությամբ գունավոր են: Դա հետաքրքիր փորձ էր, սակայն սպիտակն ինձ համար անփոխարինելի է:

– Ովքե՞ր են ձեր հերոսները: Ո՞ւմ եք դուք կերտում: Ինչո՞ւ են ձեր հերոսները միջնադարից, ինչո՞ւ են կրում ծավալուն կեղծամներ:

– Ինձ միշտ հետաքրքրել է նորաձևության պատմությունը, հագուստը, աքսեսուարները, անցյալը, որը մարդուն դարձրել է այն, ով նա այսօր կա: Ես մարդկանց չէի անվանի իմ ստեղծագործությունների հերոսներ, քանի որ տիկնիկներն անդեմ են, դրանք կարծես անոթներ լինեն:

Asya Kozin (31) Asya Kozin (28) Asya Kozin (26) Asya Kozin (25) Asya Kozin (22) Asya Kozin (21) Asya Kozin (17) Asya Kozin (20) Asya Kozin (1)

 – Պատմեք խնդրեմ՝ ինչպե՞ս որոշեցիք թղթից հարսանեկան զգեստներ ստեղծել:

– Առաջին աշխատանքը մարդկային հասակի մասշտաբով, շարք էր՝ բաղկացած հարսանեկան 4 կոստյումներից: Այդ հարսնացուները ներկայացնում էին կոստյումներ աշխարհի տարբեր ծագերից: Հաջորդ շարքը մոնղոլական հարսանեկան զգեստներ էին: Ի սկզբանե ես էսքիզներ էի մշակել պատվիրատուի համար, սակայն պատվերը չեղյալ հայտարարվեց, սակայն ես այնքան էի ուզում պատրաստել այդ կոստյումները, որ մեկ շաբաթում արդեն պատրաստ էր այդ երեք կոստյումների շարքը: Այդ զգեստները, իհարկե, շատ հեռու են մոնղոլ հարսնացուի ավանդական հագուստ համարվելուց, սակայն վառ, արտահայտիչ գծերը, յուրահատկությունները փորձել եմ պահպանել, ու առավել գնահատելին այն է, որ մշակույթի կրողները՝ մոնղոլները, հավանություն տվեցին աշխատանքիս:

Asya Kozin (2) Asya Kozin (3) Asya Kozin (4) Asya Kozin (5) Asya Kozin (11) Asya Kozin (13) Asya Kozin (14) Asya Kozin (18) Asya Kozin (19)

– Գիտեմ, որ ստեղծում եք նաև ազգային զգեստներ, ո՞ր ժողովուրդների ազգային տարազներն եք ստեղծում: Արդյոք հայկական զգեստներ փորձե՞լ եք ստեղծել:

– Ես ունեմ քանդակների շարք՝ էթնիկ հարսանեկան կոստյումներ, կան հարսնացուներ Ղազախստանից, Յարուբա ցեղից, Մոնղոլիայից, Գերմանիայից, Պաղեստինից, Մարոկկոյից… Հայկական զգեստներ դեռ չեմ պատրաստել, հարցը տեղեկատվության մեջ է, որը հաջողվում է գտնել, ինձ հարկավոր են ոչ թե՝ ավանդական կոստյումի ժամանակակից ինտերպրետացիաները, այլ՝ դարասկզբի հարսնացուների լուսանկարներ, թանգարանային ցուցանմուշներ, իսկ այդ ամենը գտնել հեշտ չէ: Ես համակարգչումս ունեմ բազմաթիվ ֆայլեր՝ տարբեր երկրների ու քաղաքների հարսնացուների նկարներով, երբեմն պատահում է անհավանական արտահայտիչ կոստյում, սակայն երաշխիք չունեմ, որ դա բնորոշ է եղել այդ տեղանքի համար կամ հենց այդ երկրին է բնորոշ եղել: Սկզբում պեղում ես, հնագետի պես որոնում ես հավաստի տեղեկատվություն, ապա ձեռնամուխ ես լինում տիկնիկի վրա աշխատանքին:

– Կա՞ արդյոք աշխատանք, որը չափազանց հոգեհարազատ է ձեզ:

– Ամեն շարք պահանջում է յուրահատուկ աշխատանք, այդ իսկ պատճառով չեմ կարող առանձնացնել միայն մեկը: Միանշանակ կարող եմ ասել, որ այդ աշխատանքները կապված են ինչ-որ անձնական զգացումների հետ ու ինձ համար թանկ մարդկանց հետ, հավանաբար դրանցում է նրանց գլխավոր արժեքն ու յուրահատկությունը:

ԿԱՐՄԵՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս