«Փամփուշտը գիտե՞ս՝ որն է, որ կրակում ես, գնում-կպնում է թուրքերին, թուրքերը մեռնում են…»
Ոլոր-մոլոր ճանապարհը տանում է սարերի բարձունք: Ասֆալտը լավ է պահպանված, զգացվում է, որ ոչ շատ վաղուց է ճանապարհը վերանորոգվել: Բայց, մեկ է` ներքև նայելիս՝՝ մարդու սիրտ է կանգնում, թվում է՝ մի սխալ շարժում, և անդունդը կկլանի ամեն ինչ: Սարերի գլխին, անհուն անդորրի մեջ Խաչիկ գյուղն է, Զանգեզուրի դարպասը, որ երեք կողմից շրջապատված է թշնամի հարևանով: Գյուղից ընդամենը 500 մ հեռավորության վրա հայ-ադրբեջանական սահմանն է, սահմանից այն կողմ՝ Նախիջևանը: Եվ խաչիկցիները տարիներ շարունակ անխոնջ հսկում են իրենց վստահված 27 կմ երկարությամբ սահմանը, ծառայելու ուղարկում երիտասարդներին և մեծացնում ապագա զինվորների:
«Ահով-դողով ստեղ ապրում ենք: Մեր արտը թուրքի պոստից 300 կմ հեռու ա, թուրքի չասավոյը՝ նստած, մենք էլ վարում, ցանում, քաղում ենք: Բայց հիմա կրակոցները շատ չեն, մեկ-մեկ պատահում ա: Սահմանի մոտ նրանք պալիգոն ունեն, կրակում են…»,- ասում է 76-ամյա բնիկ խաչիկցի Սերգեյ Սարգսյանը:
Սերգեյ պապը երկու որդի ունի, մեկը գյուղում իրեն է օգնում, մյուսը Երևանում նախարարություններից մեկում է աշխատում: Պապը գովում է իր հարազատ գյուղը՝ «խնձորի, պոպոքի հայրենիքն ա էս գյուղը, շատ լավ պոպոք ունենք»: «Էս տունն էլ 60 թվին եմ սարքել, ցեխից սարքած տուն ա, ժամանակին շատ լավ սարքել էի, բայց հիմա ամենահետամնաց տունն ա,- պատմում է Սերգեյ պապն ու նայելով գյուղ բերող դատարկ ճանապարհին՝ շարունակում,- Է՜հ, ազիզ ջան, էն ժամանակները հըլը էս ճանապարհը չկար, է՜, ստեղից իջնում էինք Յաջի, Յաջիով նոր ձորը տալիս-բարձրանում էինք, գնում Եղեգնաձոր, 60 կմ ճանապարհ էինք կտրում, բայց հիմա ինչքա՞ն ա՝ 20 կմ մինչև Արենի ա, մի 10-15 էլ Արենիից Եղեգնաձոր ա: Կյանքը հեշտացել ա, բայց դե մարդիկ գյուղից գնում են, բայց ռայոնի գյուղերից ավելի շատ են գնում՝ Բեռնաձոր, Գլաձոր սաղ դատարկվել ա, Խաչիկ հլա մեկ-մեկ մարդ երևում է»:
Պապի կողակից 74 տարեկան Էմմա տատը հիշում է լավ ժամանակներն ու ասում, որ հարևանները շատ էին, հացի կարիք շատ կար, ու ինքն ամբողջ օրը հաց էր թխում: Հիմա, նշում է տատը, մարդիկ պակասել են, էլ թոնիր չեն վառում, էլեկտրական փուռերով են օրվա հացը թխում: «Հիմի կնանոց գործը հեշտացել ա, հրես՝ լվացքի մեքենա էլ ենք առել, բերաններիցս կտրել ենք, բայց առել ենք»,- մեջբերում է ամուսինը:
Տարեց կինն իշխանավորներից հույս չունի՝ «ո՞վ պիտի Խաչիկի համար գա մի բան անի», բայց պահանջը մեկն է՝ երիտասարդներին աշխատանքով ապահովեն, որ գյուղից դուրս չգան:
Եթե տան գաղտնիքը կարելի է իմանալ երեխայից, ապա գյուղի իրավիճակի մասին կարելի է դատել խանութում պարտքի տետրակից: Գյուղի միակ գործող խանութի «սև ցուցակում» շատերն են գրանցված: Խանութի տիրուհին ու ծառան Աիդա Բաղրամյանն է: Կասկածանքով բացում է պարտքերի տետրը, ու հարցին, թե որքա՞ն է պարտքի չափը, միանգամից խավար հույսով հարցնում է. «Որ ասեմ, դուք տալո՞ւ եք պարտքը»: Հետո ժպտում ու ասում է՝ 3.5 մլն դրամ: Թե ինչքա՞ն ժամանակում է այդ գումարը կուտակվել՝ տիկին Աիդան դժվարանում է պատասխանել. «Անընդհատ վերցնում են, անընդհատ՝ տալիս: Ես չեմ դժգոհում առևտրից, լինում է պահ, որ մարդը նեղված է, պարտքով է վերցնում և նորից վերադարձնում է անպայման: Չեմ կարծում, որ անհուսալի պարտքեր շատ կան, չկան, շատ քիչ են էդպիսիները: Կան արտագնա աշխատողներ, բայց միևնույն ժամանակ՝ էստեղ կան մանկավարժներ, որոնք պարտավորված բերում-տալիս են, թոշակառուները թոշակ ստանալուց են բերում վերադարձնում պարտքը, կամ պայմանագրային զինծառայողներն իրենց աշխատավարձից են տալիս, նորից նույն ձևով շրջանառության մեջ է դրվում»:
1800 մետր բարձրության վրա գտնվող գյուղն ունի 160 տնտեսություն, շուրջ 720 բնակիչ, դպրոցում 90 աշակերտ կա, առաջին դասարանցիների թիվն էլ տարեցտարի պակասում է, այս տարի միայն 9 երեխա է ընդունվել դպրոց: Ամենացավոտ հարցը գյուղացիները նշում են գազի բացակայությունը, նաև ոռոգման ջուր չկա, խաղողի այգիները մասամբ ոչնչացել են ջրի պատճառով, որն էլ պահպանվել է՝ բերքը պիտանի չէ: Մարդիկ հիմնականում անասուն են պահում, կաթից պանիր ստանում ու տանում շրջկենտրոն: Բայց գյուղի պահողը զորամասն է: Գյուղացիներից շատերը պայմանագրային զինծառայող են դարձել, աշխատավարձը միջինում 150 հազար դրամ է:
Տիկին Գոհարն աշխատում է զորամասի խոհանոցում, զինվորների համար ճաշ է եփում: «Սահմանը նորմալ է, բայց մարդկանց մոտ լարվածություն կա, կռիվը որ տեսել են, վախը կա: 90-ականներից հետո մի մասը, ով հնարավորություն է ունեցել, հեռացել է, կողպված դռները շատ են: Բայց հիմա երիտասարդները չեն գնում, մնում են, անասուն են պահում, ես էլ 2 կով, ոչխարներ ունեմ, աշխատանքից հետո գնում եմ կով եմ կթում, կաթը մշակում: Գյուղում առաջ շատ վատ ենք եղել, հիմա ոչինչ, աշխատողն ապրում է»:
Տիկին Գոհարի ամուսինը նախկինի պես արտագնա աշխատանքի չի գնում, տղաներից մեկը պայմանագրային զինծառայող է, մյուսը բանակում է՝ հայրենիքի հանդեպ պարտքն է կատարում: Չնայած ապրուստը բավարար է, բայց երեխաների ապագան տիկին Գոհարը Խաչիկում չի տեսնում. «Չեմ ուզի գյուղում մնան, գծից հեռու ա, չես կարողանում քո ունեցածը իրացնես: Մթերող մեքնաներ չեն գալիս, դժվար է»:
Ժրաջան, սև, վառվռուն աչուկներով Ալեքսն ուրախ վազում է գյուղամիջով: Փորձում է խույս տալ անծանոթներից, հարցերին սկզբում ամաչկոտ է պատասխանում, բայց շուտով անկեղծանում է ու բացում գաղտնիքները: 8-ամյա Ալեքսը սիրահարված է իրենց դասարանի աղջիկներից մեկին, բայց այդ մասին ոչ մեկին չի ասում. «Մենծ ախպերը իմանա՝ կգա-կթակի»: Ալեքսը դասերից հետո օգնում է հորը, տնամերձն է ջրում, ճագար ու կով է պահում: Երազում է ոստիկան դառնալ՝ Խաչիկը հանցագործներից ու գողերից պաշտպանել: Մի երազանք էլ ունի՝ զինվորական է լինելու, որ սահմանը պաշտպանի, թուրքերին՝ ամենավատ մարդկանց, տանից ներս չթողնի:
«Ես իրանց կրակոցներից չեմ վախենում, պոստեր ենք գնում, փամփուշտներ գտնում, հավաքում: Փամփուշտը գիտե՞ս՝ որն է, որ կրակում ես, գնում-կպնում է թուրքերին, թուրքերը մեռնում են…»,- ոգևորված պատմում է Ալեքսը: