Իրանի վերադարձը

Տնտեսական տարին բարդ ու հակասական սկսվեց: Ռուսաստանի տնտեսության հետ կատարվող գործընթացների բացասական ազդեցությունը մեր տնտեսությունը վաղուցվանից է զգում: Միակ դրական սպասելիքն Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների վերացման հետ էր կապված:

Բայց այս ոլորտում էլ ամեն ինչ պարզ չէ: ԱՄՆ-ը մի կողմից՝ համաձայնեց վերացնել տասնամյակներ ձգվող պատժամիջոցները, մյուս կողմից՝ նոր արգելքներ սահմանեց: Իրանի նավթի արտահանման վրա դրված արգելքների վերացումից հետո միջազգային շուկայում ավելի խառն իրավիճակ ձևավորվեց: Թվում էր, թե Սաուդյան Արաբիան կոշտ քայլեր էր պատրաստել իրանական «նորամուտի» դեմ: Բայց Իրանը շուկա մտավ՝ հայտարարելով, որ եվրոպական գնորդներին երկու դոլարով ավելի էժան նավթ կվաճառի, քան Սաուդյան Արաբիան: Իրանական «նորամուտին» ամենահիմնավորը Ռուսաստանն էր պատրաստվել:

Այդ երկու երկրների միջև դեռ 2014-ին պայմանագիր էր կնքվել, որի համաձայն՝ միջազգային բարենպաստ պահին Ռուսաստանը 2,3 մլրդ դոլար արժեքով պարսկական ատոմակայանի համար ութ էներգաբլոկ կկառուցի: Իսկ 2015-ին նոր պայմանագիր կնքվեց 2,2 մլրդ դոլար արժեքով՝ էլեկտրակայանների կառուցման և Իրանի երկաթգծի էլեկտրիֆիկացիայի աշխատանքների համար: Սրանք իսկապես հսկայածավալ պայմանագրեր են, որովհետև 2014թ. պաշտոնական տվյալներով՝ ՌԴ-ի և Իրանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է ընդամենը 1,68 մլրդ դոլար:
Թուրքիայի հետ վատացող հարաբերությունների ֆոնին Իրանը ձգտում է ամրապնդվել ռուսական շուկայում: Խոսքն առաջին հերթին՝ սննդամթերքի մատակարարման մասին է: Ռուսաստանը տարեկան 200 հազար տոննա թռչնամիս է ներմուծում: Հիմնականում երեք երկրներից՝ Թուրքիա, Բելառուս և Բրազիլիա: Հիմա Իրանը հայտարարում է, որ միայնակ կարող է իրացնել այդ ծավալի ներմուծումներ:

Դեկտեմբերի 21-23-ը Ռուսաստանը Թեհրանում առևտրաարդյունաբերական ցուցահանդես կազմակերպեց և հայտարարեց, որ պատրաստ է Իրանին 5 մլրդ դոլար վարկ տալ՝ երկու երկրների միջև առևտուրը խրախուսելու նպատակով:

Այս ընթացքում մեր տնտեսվարողները փորձում էին պատկերացնել, թե ինչ կարող ենք մենք ակնկալել ռուս-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացումից: Ու հանկարծ անսպասելի իրավիճակին խառնվեց Վրաստանը: Հայտնի է, որ Հայաստան մատակարարվող ռուսական գազի դիմաց «Գազպրոմը» Վրաստանին կանխիկ փողով չէր վճարում: Տարանցիկ խողովակաշարի դիմաց Վրաստանը վերցնում էր տեղափոխվող գազի 10 տոկոսը: Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն դեռ անցած տարի էր հայտարարել, որ իր երկիրը պատրաստվում է հրաժարվել ռուսական գազից և պահանջում է կանխիկ վճարել տարանցիկ խողովակաշարի դիմաց:

Հիմա վրացական աղբյուրներից հայտնի դարձավ, որ Ռուսաստանը համաձայն չէ պայմանագրի փոփոխությանը և չի պատրաստվում վճարել: Ըստ վրաց նախարարի՝ «Գազպրոմը» պատրաստվում է վրացական կողմի հետ լեզու չգտնելու դեպքում Հայաստանին գազ մատակարարել Իրանի տարածքով: Ակնհայտ է, որ «Գազպրոմի» նման հզոր ընկերության համար սա լուծվող տեխնիկական խնդիր է: Իրանն ինքը գազի խոշոր պաշարներ ունեցող երկիր է:

Ընդունված է համարել, որ Իրանի տարածքում են համաշխարհային նավթի՝ 10 տոկոս, իսկ բնական գազի՝ 16 տոկոս պաշարները:

Փաստորեն, ռուս-վրացական բարդ տնտեսական ու քաղաքական հարաբերությունները կարող են խթանել հայ-իրանական հարաբերությունները: Տնտեսական պաշտոնական վիճակագրությունն ապացուցում է անզեն աչքով էլ նկատելի այն փաստը, որ մեր տնտեսական հարաբերությունները բավարար մակարդակի վրա չեն: 90-ականների սկզբին, երբ Հայաստանը նոր-նոր էր հայտնվել շրջափակման մեջ, Իրանը մեր լրջագույն տնտեսական գործընկերն էր:

Մինչդեռ վերջին տարիներին առևտրային հարաբերություններն անկում են արձանագրում: Դեպի Իրան արտահանումը տարեցտարի կրճատվում է: 2011-ին Պարսկաստան արտահանել ենք 106 մլն դոլարի ապրանք, 2012թ.՝ 108, 2013-ին՝ 95, իսկ 2014-ին՝ 85 մլն դոլարի չափով: Համարյա նման վայրիվերում է ներմուծման ոլորտում՝

2011-ին ներմուծումը կազմել է 217 մլն, 2012-ին՝ 219 մլն, 2013-ին՝ 198 մլն, իսկ 2014-ին՝ 206,5 մլն դոլար: Այլ կերպ ասած, մինչ տարածաշրջանի երկրները պատրաստվում էին Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացմանը, մենք «քնով էիք ընկած»: Կամ պարբերաբար խոսում էիք Հայաստանն Իրանին կապող թանկուկրակ ու առասպելական երկաթգծի մասին, որն այդպես էլ իրական չդարձավ:

Հասցրեցինք փչացնել անգամ կրթության ոլորտում տասնամյակների պատմություն ունեցող փոխշահավետ հարաբերությունները: Հիմա նորից մտմտում ենք ռուս-իրանական զարգացող հարաբերություններում մեր տնտեսական շահը գտնելու մասին: 78,5 մլն բնակչություն և 1,3 տրիլիոն ՀՆԱ ունեցող երկիրն ակտիվ փորձելու է ռուսական շուկայում զբաղեցնել դուրս մղված Թուրքիայի մասնաբաժինը և ակտիվորեն վերադառնալ տնտեսական համաշխարհային շուկա: Իսկ մենք հավանաբար դեռ չենք էլ նախագծել մեր անելիքն այս ընթացքում: Ու, հավանաբար, էլի բաց կթողնենք տնտեսական այս բարենպաստ պահը:

 

Տեսանյութեր

Լրահոս