Նիկոլ Փաշինյանի ելույթը Ստրասբուրգում

Ստորեւ ներկայացնում ենք ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Հայաստան-ԵՄ Միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 16-րդ նիստում, որ սկսվել է երեկ՝ Ստրասբուրգում:

«Տիկնայք և պարոնայք.

2015 թվականի դեկտեմբերի 6-ին Հայաստանում տեղի ունեցավ հերթական համապետական քվեարկությունը, այս անգամ Սահմանադրության փոփոխությունների կապակցությամբ։

Քվեարկության պաշտոնական արդյունքները այս անգամ էլ արձանագրեցին այն, ինչ արձանագրել են Երրորդ հանրապետության պատմության մեջ տեղի ունեցած բոլոր համապետական ընտրությունները։ Գործող իշխանությունը հաղթանակ է տարել։

Տեղի ունեցած բոլոր ընտրություններում տվյալ պահին գործող իշխանության անվերջանալի հաղթանակներն են, որ քաղաքացիների շրջանում ամրագրում տեսակետը, թե ընտրությունները Հայաստանում տեղի են ունենում ոչ թե իշխանություն ձևավորելու, այլ ձևավորված իշխանության վերարտադրությունն ապահովելու համար։

Այս տեսակետը ամրապնդվում է վարչական լծակների օգտագործման, ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցությունների, ընտրակաշառքների, լցոնումների ու կեղծումների մասին բազմաթիվ վկայությունների պատճառով:

Այս ամենը շատերին է դրդում ասելու, թե Հայաստանում իշխանության փոփոխություն հնարավոր է միայն ոչ ընտրական, այսինքն քաղաքացիական ընդվզման, անհնազանդության, հեղափոխական, ընդհուպ ապստամբության տարբերակով։

Բայց փաստն այն է, որ Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ընթացքում տեղ գտած նմանօրինակ փորձերը, միտումները նույնպես, լավագույն դեպքում ավարտվել են ոչնչով, վատագույն դեպքում՝ հետապնդումներով, քաղաքացիների խոշտանգումներով եւ սպանություններով, ընդդիմության ներկայացուցիչների դատավարություններով, բանտարկություններով:

Հենց այս ժամերին սոցիալական ցանցերում տագնապալի լուրեր են հայտնվում ընդդիմադիր ակտիվիստներ Հայկ Կյուրեղյանի և Գևորգ Սաֆարյանի՝ բանտում պահման պայմանների մասին, մինչդեռ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա Զավեն Միրիջանյանը, որ Սահմանադրական հանրաքվեի կապակցությամբ ընդդիմության ներկայացուցչին կաշառելու փորձ էր արել, դատարանի դահլիճից ազատ արձակվեց։

Միևնույն ժամանակ, հետաքրքիր զուգադիպությամբ, փողոցային ամենատպավորիչ քաղաքական շարժումները կապված են եղել ընտրությունների հետ, այսինքն բնույթով եղել են ետընտրական։ Սա զարմանալի չէ, որովհետև ընտրությունների ընթացքում ոչ միայն հսկայական էներգիա է ձևավորվում, այլև անկախ ընտրությունների պաշտոնական արդյունքներից, ընդդիմությունը, կամ ընդդիմության որևէ առաջնորդ կամ որեւէ ուժ, ընտրություններում փաստացի ստացած ձայների բերումով ձեռք է բերում կուտակված էներգիան առաջնորդելու լեգիտիմ իրավունք և մանդատ։

Եվ, ընդհակառակը, բոլոր այն դեքերում, երբ քաղաքակական պայքար հարուցելու հավակնություն է ցուցաբերել այն քաղաքական ուժը, կամ առաջնորդը, ով կամ ընտրություններում ժողովրդի վստահության քվեն չի ստացել կամ չէր կարող ստանալ, օրինակ՝ ընտրական շրջան չլինելու, կամ ընտրություններին չմասնակցելու բերումով, այդպիսի ուժերի սկսած քաղաքական պրոցեսները բավական դժգույն ընթացք և առավել անփառունակ վախճան են ունեցել։

Սա ևս մեկ վկայությունն է այն բանի, որ ընտրությունները եթե նույնիսկ ոչ բավարար, առնվազն պարտադիր պայման են Հայաստանում փոփոխությունների հասնելու համար։ Այս է պատճառը, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի վարչության անդամ եմ, ոչ թե ասում է, թե ընտրություններով ոչինչ չի փոխվի, այլ փորձում է հասկանալ, թե ի՞նչ է պետք անել իշխանափոխության դե յուրե գործիք հանդիսացող ընտրությունները նաև դե ֆակտո իշխանափոխության, ժողովրդավարության գործիք դարձնելու համար։

Մեր եզրակացությունը հետևյալն է. գործող իշխանության վերարտադրության լճացնող պրոցեսին վերջ դնելու համար հարկավոր է իրագործել երկու պայման.

1. Պետք է լինի ընդդիմադիր քաղաքական ուժ, որ ստանա ժողովրդի վստահության քվեն, այսինքն քվեարկությանը մասնակցած ընտրողների ձայների 50+1 տոկոսը։

2. Պետք է ընդդիմադիր այդ ուժը կարողանա լրջորեն հակազդել ընտրակեղծիքներին, ֆիքսել, պահել իրեն տրված ձայները, եւ կարողանա հրապարակայնորեն ապացուցել, որ ինքը ստացել է ժողովրդի վստահության քվեն:

Ես հասկանում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր ասում են, թե նույնիսկ այս դեպքում իշխանափոխությունը ժամանակակից Հայաստանում երաշխավորված համարել չի կարելի:

Բայց ինձ համար ակնհայտ է, որ առանց այս երկու կետերի ապահովման ժողովրդավարական իշխանափոխությունը գործնականում անհնար է, որովհետեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրության` փոփոխման ոչ ենթակա հոդվածում ասվում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների (…) միջոցով:

Եւ ուրեմն երկրում իշխանության միակ աղբյուրը ժողովրդի քվեն է, եւ իշխանափոխություն իրականացնելու առաջին քայլը ժողովրդի քվեն ստանալն է, ապա եւ այդ քվեն պահելը եւ այդ ձայնը ստացած լինելու ապացույց ունենալը: Ինչպիսի հետագա գործողություններ էլ ձեռնարկելու անհրաժեշտություն առաջանա, այդ գործողությունների լեգիտիմության միակ աղբյուրը կարող է լինել ժողովրդի քվեն, ժողովրդի մանդատը, որը ստանալու միակ միջոցը ընտրություններն են:

Տիկնայք եւ պարոնայք. երբ հարց է հնչում Հայաստանում ժողովրդավարության վիճակի վերաբերյալ, ես ասում եմ, որ մեր երկրում ցավոք, ժողովրդավարություն չկա, որովհետեւ ժողովրդավարությունը խաղաղ-ընտրական ճանապարհով իշխանության փոփոխության ոչ միայն դե յուրե, այլեւ դե ֆակտո հնարավարությունն է:

Քանի դեռ Հայաստանյան որեւէ ընտրությունների պաշտոնական արդյունքներով ընդդիմությունը չի հաղթել, ժողովրդավարության մասին խոսելն ավելորդ է: Եւ ուրեմն, ժողովրդավարության հաստատումը շարունակում է մնալ Հայաստանի քաղաքական կյանքի առաջնահերթ խնդիրը:

Բայց մյուս կողմից, դա Հայաստանի, բացառապես Հայաստանի լուծելու խնդիրն է, եւ Հայաստանը պետք է ինքը կարողանա կառուցել ժողովրդավարության սեփական շենքը: Եւ այս իմաստով պակաս կարեւոր չեմ համարում, որ հայաստանյան քաղաքական կյանքի դերակատարները հրաժարվեն որպես Ռուսաստանի, կամ Եվրոպայի կամ ԱՄՆ-ի հայաստանյան պրոտեժե ներկայանալու եւ աշխարհքաղաքական այդ կենտրոնների շահերը Հայաստանի ներքաղաքական կյանքի գործոն դարձնելու բոլոր փորձերից:

Հայաստանում ժողովրդավարության աղբյուրը Հայաստանի ժողովրդի ինքնիշխանությունն է, եւ Հայաստանին հարկավոր է այնպիսի ժողովրդավարություն, որ ուժեղացնում է Հայաստանի եւ հայ ժողովրդի ինքնիշխանությունը եւ տեղի է ունենում հանուն եւ ոչ թե ի հեճուկս այդ ինքնիշխանության:

Շնորհակալություն ուշադրության համար»:

Տեսանյութեր

Լրահոս