«ԱՄՆ Կոնգրեսում շրջանառության մեջ դրված փաստաթղթում ներառված առաջարկությունները հնարավորություն են ստեղծում ԼՂ անկախության միջազգային ճանաչման համար»

168.am-ի զրուցակիցն է Երևանի պետական համալսարանի Եվրոպական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը

– Վերջին շրջանում զգալիորեն ակտիվացել են մեր տարածաշրջանում ընթացող աշխարհաքաղաքական գործընթացները, ինչի ապացույն է ռուսթուրքական հարաբերությունների աննախադեպ լարվածությունը, Սիրիական հակամարտության և հակաահաբեկչական կոալիցիայի և Ռուսաստանի առանձին գործողությունները: Ինչո՞վ են պայմանավորված գործընթացների նման ակտիվացումները:

– Նախ, որպեսզի հասկանանք ստեղծված իրավիճակում Հայաստանի ռիսկերն ու հնարավորությունները, պետք է բացահայտել այս գերլարված իրադրության իրական պատճառներն ու հիմքերը: Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների սրման համար պատճառ դարձավ ՌԴ նախագահի՝ Սիրիայում գտնվող քիմիական զենքն Ասադի կողմից հանձնելու նախաձեռնությունը, ինչն էապես սահմանափակեց ԱՄՆ-ի կողմից Մերձավոր Արևելքում իր քաղաքականությունն իրագործելու հնարավորությունը:

Այս խնդիրը շատ արագ հարթվեց գոնե արտաքուստ, սակայն նորովի դրսևորվեց Ուկրաինայում` Ռուսաստանի կողմից հովանավորվող իշխանության դեմ սկսված համաժողովրդական բողոքի ցույցերի և դրա արդյունքում իրականացված իշխանափոխության արդյունքում: Ուկրաինայի ժողովրդի կողմից ընդունված սուվերեն որոշումը հանդիպեց Ռուսաստանի սուր հակազդեցության, ինչը դրսևորվեց Ղրիմի անեքսիայով և Ուկրաինայի հարավում ռուսամետ խմբավորումների և Ուկրաինական բանակի միջև սկսված ռազմական գործողություններով: Այս գործողություններում Ռուսաստանը` զինելով գրոհայիններին և իր կանոնավոր բանակի զինվորներին Ուկրաինա գործուղելով, մասնակցում էր՝ որպես հակամարտության կողմ:

ԱՄՆ-ի և ԵՄ արձագանքը չուշացավ, և Ռուսաստանի դեմ գործի դրվեցին բավականին խիստ պատժամիջոցներ, ինչի արդյունքում Ռուսաստանի տնտեսությունը հայտնվեց խորագույն ճգնաժամի մեջ: Օրեցօր խորացող ճգնաժամն իր ազդեցությունն ունեցավ այլ գործընթացների վրա, մասնավորապես, Մերձավոր Արևելքում ընթացող հակաահաբեկչական գործողությունների, իսկ ավելի ուշ՝ արդեն Հարավային Կովկասում առկա խնդիրների, մասնավորապես՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վրա:

Ռուսաստանը, լինելով Ասադի ռեժիմի պահպանման կողմնակից, միակողմանիորեն միջամտեց Սիրիայի ներսում ընթացող քաղաքացիական պատերազմին և հայտարարեց Սիրիայի տարածքում գործելու իր բացառիկ իրավունքի մասին` հիմնվելով Սիրիայի լեգալ իշխանություն համարվող Ասադի կողմից ՌԴ Նախագահին ուղղված ռազմական օժանդակության խնդրագիրը: Ռուսաստանի կողմից հռչակված հակաահաբեկչական գործողությունների ընթացքում, ինչը որոշ արևմտյան կառույցների կողմից սկսվեց վիճարկվել առաջին իսկ ավիահարվածներից հետո, Թուրքիայի օդուժը խոցեց ռուսական կործանիչը, ինչն առաջացրեց Ռուսաստանի և Թուրքիայի միջև նորագույն պատմության մեջ խորագույն և աննախադեպ լարվածություն:

Հաշվի առնելով այն փաստը, որ Թուրքիան հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ, Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտությունը մեծ ռիսկ էր կրում երրորդ համաշխարհային պատերազմի վերածվելու, ինչը գիտակցեցին և՛ ՆԱՏՕ-ի, և՛ Ռուսաստանի ղեկավարությունը: Սակայն Ռուսաստանի դեմ ուղղված այս ագրեսիան չէր կարող մնալ անպատիժ, ընդ որում, պատիժը միանգամայն հնարավոր էր կիրառել միջնորդավորված ձևով` հարվածելով Թուրքիայի համար նշանակություն ու կարևորություն ներկայացնող ոլորտներում: Այս պարագայում, չի բացառվում նաև ԱՄՆ-ի կողմից՝ Թուրքիայի օրեցօր աճող տարածաշրջանային քաղաքական նկրտումները զսպելուն ուղղված կոնկրետ քայլերի իրականացումը, ինչը հնարավոր է դարձնում այս նպատակի շուրջ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև փոխգործակցությունը:

– Նշվածի համատեքստում ինչպե՞ս եք պատկերացնում Ռուսաստանի և ԱՄՆի փոխգործակցության ձևաչափը, ու որո՞նք են այն ոլորտները, որտեղ այս երկու պետությունները դեռևս կարող են գործակցել:

– Լինելով միջուկային գերտերություններ, և՛ ԱՄՆ-ը, և՛ Ռուսաստանը չեն կարող բացառել փոխգործակցության որևէ հնարավորություն, իսկ դրանց պրակտիկ իրագործման ձևաչափերն ու հարթակները ենթակա են մշակման ու համաձայնեցման: Մասնավորապես, Թուրքիայի կողմից վերջին շրջանում տարվող ռեակցիոն արտաքին և ներքին քաղաքականությունը խոր անհանգստություն է առաջացում Վաշինգտոնում, իսկ Ռուսաստանը դեռևս չի հասել խոցված կործանիչի արդյունքում ակնկալվող պաշտոնական ներողությանն ու հասցված վնասի փոխհատուցմանը, և դատելով Թուրքիայի դիրքորոշումից՝ որևէ հնարավորություն չունի դրան հասնելու, ապա պարզ է դառնում, որ Թուրքիային զսպելու և պատժելու գործում Ռուսաստանի և ԱՄՆ-ի համատեղ գործելու համար առկա է կոնկրետ հիմք: Թե որքանով այն կկիրառվի՝ կախված է կողմերի՝ այլ հարցերում ունեցած դիրքորոշումներից և շահերից:

Որպես այդպիսի ոլորտ՝ կարելի է դիտարկել Իրաքի և Սիրիայի տարածքում միասնական Քուրդիստանի ստեղծման հնարավորությունը, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Վերջինս, թերևս, միակ գոյություն ունեցող գործընթացն է, որում Ռուսաստանն ու ԱՄՆ-ը շարունակում են իրենց փոխգործակցությունը` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որը կարող է հիմք դառնալ տարածաշրջանային այլ խնդիրների շուրջ փոխգործակցության նոր ձևաչափի մշակման համար: Հիմք ընդունելով ԱՄՆ Կոնգրեսում ԼՂ հակամարտության վերաբերյալ մշակվող փաստաթղթերը՝ կարելի է եզրակացնել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պլանավորում է ակտիվացնել իր ջանքերը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, ինչը, առանց ՌԴ մասնակցության, էապես կսահմանափակի հաջողության հասնելու հնարավորությունը: ԱՄՆ Կոնգրեսում շրջանառության մեջ դրված փաստաթղթի մեջ ներառված առաջարկությունները խիստ հայանպաստ են և պրակտիկ կյանքում իրագործվելու պարագայում մեծ հնարավորություն են ստեղծում ԼՂ անկախության միջազգային ճանաչման համար:

Ադրբեջանն արդեն իսկ հայտնել է իր բացասական դիրքորոշումը ԱՄՆ Կոնգրեսի այս նախաձեռնության վերաբերյալ, մինչդեռ Ռուսաստանը դեռևս չի հստակեցրել իր դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ: Հաշվի առնելով ԼՂ հիմնախնդրի կարևորությունը Ռուսաստանի համար, ինչպես նաև՝ վերջին ամիսներին ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը, Ռուսաստանը պետք է ընտրություն կատարի. կամ՝ համաձայնել և հաստատել շփման գծում մշտադիտարկումն ուժեղացնելու ԱՄՆ առաջարկի հետ և վերցնի նախաձեռնությունն իր ձեռքը` կազմակերպելով Հայաստանի, Ադրբեջանի և ԼՂ նախագահների հանդիպում, կամ էլ Ադրբեջանի հետ միասին մերժի ԱՄՆ նախաձեռնությունը` դրանով իսկ մեծացնելով ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը: Դատելով Ռուսաստանի ներկայիս ոչ բարենպաստ տնտեսական և աշխարհաքաղաքական վիճակից, կարելի է ենթադրել, որ Ռուսաստանը չի ցանկանա ևս մեկ կոնֆլիկտագեն իրադրություն իր հարավային սահմանին, հետևաբար՝ Ռուսաստանը, իմ խորին համոզմամբ, պետք է աջակցի ԱՄՆ-ի առաջարկությանը, որը դե ֆակտո նշանակում է՝ խաղաղապահ առաքելություն շփման գծում` ԵԱՀԿ շրջանակներում:

– Իսկ որո՞նք են Հայաստանի համար ռիսկերն ու հնարավորություններն այս գործընթացում: Կարո՞ղ ենք մենք ակնկալել Հայաստանի դիրքերի ուժեղացում բանակցային գործընթացում:

– Իմ կարծիքով՝ Հայաստանի համար ստեղծվել է բավականին շահեկան վիճակ, ինչից մենք պետք է կարողանանք օգտվել: Խիստ անբարենպաստ միջազգային դրության մեջ է հայտնվել Ադրբեջանը` ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից իրականացվող և օրեցօր ուժեղացող ճնշումն Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ, ինչպես նաև՝ ընկնող նավթի միջազգային գներն ու ազգային արժույթի կտրուկ անկումն Ադրբեջանում ստեղծում են պայթյունավտանգ իրադրություն:

Այս իրավիճակում Բաքվի մանևրելու հնարավորություններն էապես նվազում են, ինչն ավելացնում է հայկական երկու պետությունների կողմից առավել ճկուն և նախաձեռնողական քաղաքականություն իրականացնելու հնարավորությունները, ինչը պետք է իրացնել նախ՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում, ապա նաև՝ միջազգային այլ ատյաններում:

Դրա վկայությունն է նախօրեին ՀԱՊԿ գագաթաժողովում ՀՀ Նախագահի ունեցած ելույթը, որում արված շեշտադրումներն ու տրված գնահատականներն ամբողջությամբ արտացոլում են տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, իսկ ՀԱՊԿ-ին ուղղված քննադատությունը բացահայտում է այս կառույցի ներսում առկա հակասություններն ու խնդիրները, որոնց մասին արդեն տևական ժամանակ խոսում են փորձագիտական շրջանակները:

ՀՀ Նախագահի կողմից արտահայտված այն միտքը, որ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունն ու գործելաոճը կարող է ուղղորդված լինել այլ պետության կողմից, խոսում է այն մասին, որ ապագայում Ադրբեջանը ստիպված է լինելու ընտրություն կատարել Թուրքայի հետ ձևավորված ռազմաքաղաքական ու տնտեսական դաշնակցության և Ռուսաստանի հետ նոր ռազմաքաղաքական հարաբերությունների ձևավորման և խորացման միջև: Ցանկացած ընտրության պարագայում Ադրբեջանը հայտնվում է աննախանձելի իրավիճակում և վտանգի տակ դնում իր անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը:

Տեսանյութեր

Լրահոս