«Գրիչն ու թուղթն իրենց տեղը զիջում են համակարգչին». Ամատունի Վիրաբյան
«Մեր գործունեության մեջ կան երևացող ու չերևացող կողմեր։ Վերջինս ամենակարևորն է մեզ համար և կապված է փաստաթղթեր համալրելու, պահպանելու, օգտագործելու, քաղաքացիների պահանջը բավարարելու հետ, իսկ մեզ դիմող քաղաքացիների թիվը մեծացել է։ Եթե նախորդ տարի մեզ դիմել էր մոտ 30 հազար քաղաքացի, ապա այս տարի նրանց թիվը կազմում է մոտ 35 հազար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
Ամփոփելով տարին՝ բանախոսը նշեց, որ այն կարևոր էր նաև նրանով, որ գրեթե ողջ համակարգչային պարկը թարմացրել են, ու հիմա արխիվը տեխնիկապես արդեն զինված է. «Գրիչն ու թուղթն իրենց տեղը զիջում են համակարգչին: Տարվա ընթացքում երկու կարևոր միջոցառում ունեցանք՝ Ցեղասպանության տարելիցն ու Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի 70-ամյակը: Ցեղասպանության հայտնի ժողովածուն՝ «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում» 1-հատորյակը, որը լույս էր տեսել հայերեն, անգլերեն ու թուրքերեն լեզուներով, լույս տեսավ նաև ռուսերենով, իսկ իսպաներեն լեզվով կհրատարակենք մյուս տարի։
Մյուռոնօրհնեքի առթիվ հրապարակեցինք այն բոլոր փաստաթղթերը, որոնք կապված են Մյուռոնօրհնեքի, այն եփելու ու բաժանելու հետ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին արված ծաղրանկարների հավաքածուի (107 ծաղրանկար է եղել, որից 106-ն ունենք) ցուցահանդես ունեցանք և տպագրեցինք այդ ծաղրանկարների հավաքածուն: Երկու գիտաժողով կազմակերպեցինք»։
Ա. Վիրաբյանը նշեց, որ Հայաստանի ազգային արխիվի առաջնահերթ խնդիրներից մեկը փաստաթղթերի թվայնացումն է, որի շնորհիվ ուսումնասիրողը վայրկյանների ընթացքում գտնում է այն, ինչ իրեն պետք է. «Այս տարի թվայնացրել ենք 190 հազար 317 պատկեր (էջ)։ Այս տարի ավարտել ենք մեր հիմնական ֆիլմերի (որոնց քանակն է՝ 2643) թվայնացումը, և թվայնացրել ենք 512 փաստագրական ու վավերագրական ֆիլմեր: Մեզ մնացել են ֆիլմերի այն հատվածները, որոնք ֆիլմի մեջ չեն մտել, բայց նկարահանվել են ու պատմական, մշակութային տեսանկյունից ևս արժեք են ներկայացնում»: