Կերակրում ենք Ռուսաստանին

Կրկին ու պարբերաբար հառնող հարցն էլի օրակարգում է: Մեր տնտեսությամբ հետաքրքրվողները նորից խոսում են հերթական պայծառ ապագայի մասին: Ոգևորության պատճառը կրկին արտահանումների աճի հեռանկարն է: Նախավերջին անգամ արտահանումների աճ մեզ խոստացան Մաքսային միությանն անդամակցելու կապակցությամբ: 170 միլիոնանոց սպառողական շուկա էր ընկնելու մեր տնտեսության ճանկը: Չընկավ: Կամ` առայժմ չընկավ: Հետո Արևմուտքը տնտեսական պատժամիջոցներ կիրառեց Ռուսաստանի դեմ: ՌԴ-ն էլ որպես պատասխան` հրաժարվեց եվրոպական արտադրության սննդամթերքից:

Մերոնք նորից իրարով անցան: Նորից այժմեական դարձավ «Կերակրենք Ռուսաստանին» կարգախոսը: Հիմա ՌԴ-ն հրաժարվում է թուրքական արտադրության սննդամթերքից: Մերոնք կրկին ոգևորվել են: Տնտեսական ոլորտի հասարակական կազմակերպություններից մեկի ղեկավարը նույնիսկ կարծիք հայտնեց, որ ՌԴ սննդամթերքի շուկայի 10 տոկոսը զբաղեցնելը լուրջ հաջողություն կլինի: Դժվար է ասել, թե իրականում ինչ հիմք ունի այս առասպելական ու լավատեսական երազանքը: Որովհետև ժամանակն անցնում է, իսկ մեր տնտեսությունը ոչ մի կերպ չի հաջողում իրենով անել ռուսական շուկան:

Տնտեսական ամենաթարմ վիճակագրությունն անողոք է: Այս տարվա առաջին 10 ամիսների ընթացքում Ռուսաստանի հետ մեր ապրանքաշրջանառությունը կրճատվել է 15 տոկոսով: Այս ընթացքում ՌԴ-ից ներմուծումները նվազել են 13 տոկոսով: Արտահանումների 30 տոկոսանոց կրճատումը լավատեսության ոչ մի հույս չի թողնում: Բայց Ռուսաստանին կերակրելու հերթական պատմական պահին նույնիսկ ՀՀ Գուղնախարարությունն է հավատացել: Նրանք նույնիսկ հատուկ կոչով դիմեցին գյուղմթերք արտադրողներին ու իրացնողներին: Կարելի է կարծել, թե մեր երկիրը սննդամթերքի անսպառ պահեստներ ունի:

Ամբարներ, ուր բնության ու տրամաբանության օրենքներին հակառակ` թարմ գյուղմթերքներ են պահվում: Ու եկել է վերջապես դրանք արտահանելու ժամանակը: Իրականում գյուղմթերքներ արտադրող (hատկապես ջերմոցային տնտեսություններ ունեցող) գործարարներն անհանգստացած են: Իրենց ռմբակոծիչի կործանումից հետո ռուսական իշխանությունները սովորականից ավելի շատ են զայրացած: Արևմուտքի սննդամթերքի դեմ արգելքներ սահմանելու օրերին ՌԴ առաջին դեմքերը հայտարարեցին, որ դեմ չեն լինի, որ իրենց գործընկերները` Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը, վերամշակեն արգելքի տակ հայտնված մթերքներն ու ներմուծեն Ռուսաստան: Դեպքերի հետագա զարգացումից պարզ դարձավ, որ ռուսական իշխանությունները շատ ավելի մեղմ էին:

Բելառուսները, օրինակ, լեհական խնձորները վերափաթեթավորելով` սկսեցին արտահանել ՌԴ: Ռուսական իշխանությունների պատասխանը կոշտ չէր: Մեկ-երկու դեպք արձանագրեցին սահմաններին ու մնացածը չտեսնելու տվեցին: Թուրքական ապրանքների պարագան, կարծես, այլ է: ՌԴ «հավատարիմ գործընկերները» դեռ չեն հասցրել թուրքական սննդամթերքը վերափաթեթավորել ու առաքել: Չեն հասցրել, բայց ՌԴ-ն արդեն միջոցներ է ձեռնարկում դա կանխելու համար: Ծով չունեցող Բելառուսն ամիսներ շարունակ ծովային ձկներ ու այլ ծովամթերք էր մատակարարում Ռուսաստանին: Ռուսական իշխանությունները դեմ չէին: Միայն ռուսական մամուլն էր, իրեն բնորոշ մեծամտությամբ, ծաղրում այդ փաստը:

Իսկ հիմա հայտարարվեց, որ դեկտեմբերի 7-ից Բելառուսի սահմանին ՌԴ-ն փոխում է ֆիտոսանիտարական ռեժիմը: Նպատակ է հայտարարված «Բուսական անհայտ ծագման ապրանքների մուտքն արգելել Ռուսաստան»: Միայն այն, որ ռուսական պաշտոնական հայտարարության մեջ խոսվում է «բուսական անհայտ ծագման ապրանքների» մասին, հուշում է, որ այս պատժամիջոցի թիրախը թուրքական սննդամթերքն է: Թուրքիան մինչ այսօր ՆԱՏՕ-ի անդամ միակ երկիրն էր, որ չէր միացել ՌԴ-ի դեմ տնտեսական պատժամիջոցներին: Ավելին` այս երկիրը լրջորեն ավելացրել էր սննդի արտահանումը ՌԴ: Ու հիմա այդ նպատակով արտադրված ու արտադրվող գյուղմթերքի դիմաց փակում է իր շուկան:

Պարզ տրամաբանությունը հուշում է, որ այդ սննդամթերքն առաջին հերթին` կհայտնվի մեր տարածաշրջանի երկրներում: Նախորդ տարվա փորձը ցույց տվեց, որ հայ գործարարներն առանձնապես մեծ «հաջողություններ» չարձանագրեցին օտարերկրյա արտադրանքը վերափաթեթավորելու և Արարատյան դաշտավայրի բերք ու բարիքի անվան տակ Ռուսաստանում իրացնելու գործում: Հավանաբար ՌԴ-ն թույլ չտվեց: Որովհետև մեր տնտեսական ամենամեծ գործընկեր երկիրը պարբերաբար արգելում էր Հայաստանում արտադրված ձկնատեսակների մուտքն իր շուկա: Արգելում էր ոչ թե` քաղաքական, այլ` սանիտարահիգիենիկ նորմերի «հիշատակմամբ»: Ու նաև նման վերաբերմունքով է բացատրվում հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների 15 տոկոսանոց կրճատումը:

Այս անգամ էլ ՌԴ-ն թույլ չի տա թուրքական ցիտրուսներն ու թռչնամիսը ներկրել` իբրև Արարատյան դաշտավայրի բարիք: Փոխարենը՝ դրանք կհայտնվեն մեր ներքին շուկայում: Վստահ չեմ, բայց չեմ բացառում, որ իրապես նրբաքիմք մարդիկ կարող են Արաքսի ձախ ափին աճած լոլիկը կամ ծիրանի չիրը տարբերակել աջ ափին աճածից: Փոխարենը` գիտեմ, որ թուրքական արտադրության գյուղմթերքները գնով տարբերվում են: Դրանք էապես էժան են մեր արտադրածից: Հետևաբար` Ամանորի շեմին կարող են որպես ընծա՝ յուրօրինակ Տրոյական ձի լինել: Հայրենական արտադրողին հերթական անգամ իրացման եզակի հնարավորություն խոստացողներն ամենևին էլ հակված չեն գնահատելու այն վտանգները, որ առաջիկա ամիսների ընթացքում հարվածելու է նրանց: Հին ճշմարտություն է, որ «Դժոխքի ճանապարհը սալահատակված է բարի մտադրություններով»: Ռուսական սանիտարական ծառայությունն արդեն ուրախ-ուրախ հրապարակում է, որ մեկ շաբաթվա ընթացքում սահմանից ետ է վերադարձրել 185 տոննա գյուղմթերք: Փորձենք գուշակել, թե որ երկրներում են դրանք իրացվելու:

Տեսանյութեր

Լրահոս