«Մատնունի ծիրանավոր» հազվագյուտ բուսատեսակի մի մասն Ամուլսարից Սևան է տեղափոխվել՝ պահպանության և հետազոտության նպատակով
ՀՀ Կարմիր գրքում գրանցված «Մատնունի ծիրանավոր» (Potentilla porphyrantha) հազվագյուտ բուսատեսակի մի մասի պահպանության համար ծախսվելու է ավելի քան 500000 ԱՄՆ դոլար։ Ծրագիրն իրականացնելու են «Գեոթիմ» ՓԲԸ-ն և «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերությունը՝ համագործակցելով ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Բուսաբանության ինստիտուտի, Treweek Environmental Consultants ընկերության (Մեծ Բրիտանիա) և Քեմբրիջի համալսարանի (Մեծ Բրիտանիա) Բուսաբանական այգու հետ։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «Գեոթիմի» կայուն զարգացման գծով ավագ մենեջեր Արմեն Ստեփանյանը։ Նա նշեց, որ իրենց ընկերությունը «Մատնունի ծիրանավորի» պոպուլյացիաներ է հայտնաբերել բուսատեսակի համար նախկինում անհայտ կենսամիջավայրում` Ամուլսարի ցածրադիր հատվածներում։
««Մատնունի ծիրանավոր» բուսատեսակը տեղափոխվելու է Սևանի բուսաբանական այգի Ամուլսարի հանքավայրի այն հատվածներից, որտեղ ենթակառուցվածքներ են տեղադրվել։ Կատարվելու են համապատասխան մի շարք գիտական աշխատանքներ, որպեսզի ապահովվի բուսատեսակի ոչ միայն անվտանգ տեղափոխումը Սևանի բուսաբանական այգի, այլև նրա «վերադառնալը» Ամուլսար։ Այս ծրագրի վրա ծախսվելու է մոտավորապես 500 հազար ԱՄՆ դոլար, ներգրավվելու են տեղացի ասպիրանտներ, որոնք որոշ ժամանակ են անցկացնելու Քեմբրիջում»,- նշեց Ա. Ստեփանյանը։
ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի գեոբուսաբանության և Էկոլոգիական ֆիզիոլոգիայի բաժնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր Գեորգի Ֆայվուշն էլ նշեց, որ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է` այդ տարածքում ընդամենը 5 հազար նման բուսատեսակ կա, ու մոտավորապես 2 հազարն ընկնում է այն հատվածում, որ կարող է վնասվել։
«Որոշվեց, որ բուսաբանական այգու Սևանի մասնաճյուղում կկառուցվի նոր ջերմոց, որտեղ կարող են բերել այն բուսատեսակները, որոնք կարող են ոչնչանալ հանքի աշխատանքների ժամանակ, մի կողմից` գիտական հետազոտություններ կատարելու, մյուս կողմից` այդ բուսատեսակների պահպանման համար։ Սա իսկապես հիանալի է. բացի նրանից, որ այդ բուսատեսակը կպահպանվի, նաև շատ հետաքրքիր գիտական նյութ կտա, թե ինչպես է այդ բույսը ադապտացվում այս միջավայրին»,- նշեց Գ. Ֆայվուշը։ Նրա խոսքով` բուսատեսակը հենց Սևան են բերել, քանի որ կլիմայական պայմանները համեմատաբար մոտ են այնտեղի պայմաններին։
«Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության առողջապահության, բնապահպանության և անվտանգության գծով մենեջեր Ուլրիխ Սիբիլսկին էլ լրագրողների հետ զրույցի ժամանակ կարևորեց Ամուլսարի ծրագիրը` նշելով, որ ինքը եղել է շատ երկրներում, ու կարծում է` այս հանքի շահագործումը համապատասխանում է միջազգային լավագույն փորձին։
«Ես եղել եմ աշխարհի տարբեր վայրերում` Աֆրիկայում, Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում, Ասիայում, և կարծում եմ` այն, ինչ այստեղ է տեղի ունենում, բնապահպանական տեսանկյունից միջազգային լավագույն փորձին համապատասխան է իրականացվում»,- նշեց Ու. Սիբիլսկին։
Նշենք, որ «Մատնունի ծիրանավորը» փոքր, սպիտակավուն ծաղիկ է, որն աճում է բարձրլեռնային կլիմայական պայմաններում` քարքարոտ լանջերին և քարացրոններում։ Այս բուսատեսակը համարվում է հազվագյուտ և գրանցված է ՀՀ Կարմիր գրքում, քանի որ աճում է 3300 մետր բարձրության վրա գտնվող սակավաթիվ կենսամիջավայրերում։