ԵՄ ծրագրերը` բուհերի միջազգայնացման արդյունավետ գործիք
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Կրթության, աուդիովիզուալ և մշակութային գործադիր գործակալության Էրազմուս+ բարձրագույն կրթություն-Միջազգային կարողությունների զարգացում բաժնի ծրագրային համակարգող Խոսե Գուտիերեսին, նույն գործակալության` Հայաստանում իրականացվող ծրագրերի պատասխանատու Ալմուդենա Սայենս դե Միերային և Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովային: Ողջունելով հյուրերին` նախարարը վերջիններիս է ներկայացրել Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները, դրանց արդյունքները, Երևանում մայիսին տեղի ունեցած Բոլոնիայի նախարարական գագաթաժողովի շրջանակում ընդունած Երևանի հռչակագրի հիմնական շեշտադրումները բուհական ինքնավարության վերաբերյալ:
Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ ԵՄ ծրագրերը Հայաստանի բուհերի միջազգայնացման գործընթացը խթանելու արդյունավետ գործիք են` կարևորելով, որ հատկապես վերջին տարիներին ԵՄ ծրագրերում մասնակցության ցուցանիշի ակտիվությամբ Արևելյան գործընկերության անդամ երկրների շարքում Հայաստանը դարձել է տարածաշրջանի առաջատարը.
«Արձանագրված արդյունքները վկայում են, որ Հայաստանը ԵՄ բարձրագույն կրթության տարածքի մաս է, հետևաբար սկսված բարեփոխումներն այդ ուղղությամբ շարունակվելու են»,- նշել է Ա. Աշոտյանը` ընդգծելով, որ ՀՀ բուհերի համար ԵՄ կողմից իրականցվող ծրագրերից, հատկապես «Տեմպուս» և «Էրազմուս Մունդուս» ծրագրերը ուսանողների և դասախոսների շարժունության, բուհերի միջազգայնացման տեսանկյունից բացառիկ հաջողություն են ունեցել: Այդ համատեքստում նախարարը կարևորել է այդ ծրագրերում ՀՀ բուհերի ներգրավվածության, ինչպես նաև Էրազմուս+ ծրագրերի թափանցիկության, դրանք շահառուների հասանելի դարձնելու խնդիրը:
Խոսե Գուտիերեսն իր հերթին անդրադարձել է վերոնշյալ ծրագրերի շրջանակում բուհերի միջազգայնացման, միջբուհական ուղղակի կապերի զարգացման և Էրազմուս+ նախագծին հայկական բուհերի մասնակցությամբ իրականացվող ծրագրերին: Նա կարևորել է վերոնշյալ ծրագրերի արդյունավետության բարձրացման հարցը` ընդգծելով, որ դրանք լավ գործիք են` բարձրագույն կրթության ոլորտում կարողությունների հզորացման, ուսանողական շարժունության և միջբուհական համագործակցության, բուհական ինքնավարության ապահովման առկա մեխանիզմների տեսանկյունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև նոր կրթական ծառայությունների մատուցման, փոխանակման ծրագրերի, դրանցում ներգրավված երկրների համար հավասար սկզբունքների կիրառման, «Հորիզոն 2020» ծրագրին Հայաստանի մասնակցության և այլ հարցեր: Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի կազմակերպաիրավական կարգավիճակի հարցին:
Նշենք, որ Խոսե Գուտիերեսի և Ալմուդենա Սայենս դե Միերայի` առաջին անգամ Հայաստան կատարվելիք այցելության շրջանակներում նախատեսվում են մի շարք միջոցառումներ՝ տեղեկատվական օր Երևանում, հանդիպում Էրազմուս+ ծրագրի բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների հետ, Տեմպուսի ընթացիկ ծրագրերի մշտադիտարկում և ծանոթություն Էրազմուս+ կարողությունների զարգացմանը միտված նոր ծրագրերի հայաստանյան ներկայացուցիչների հետ։