15 անձնագիր կամ ID ունեցող անձը կարո՞ղ է 15 անգամ քվեարկել
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեի մասնակիցների ընդհանուր թիվն է` 2.554.332: Այս մասին այսօր ՀՀ ոստիկանությունում քննարկման ընթացքում ասաց ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Բիչախչյանը: Նրա խոսքով՝ նոյեմբերի 4-ի դրությամբ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված անձանց թիվը կազմում է 3.317.965:
«Օրինաց Երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի խոսքով՝ պետք չէ միշտ միտում փնտրել նրանում, որ ընտրացուցակներում անձանց անունները կրկնվում են: Նա նշեց, որ չպետք է բացառել նաև պատահականությունները: Ըստ նրա՝ նույնականացման քարտ ունեցող քաղաքացիներին, որոնց թիվը կազմում է 182 հազար, կարելի է անձնագիր տրամադրել: Նա նաև մտահոգիչ է համարում այն, որ նրանք զրկված են ՀՀ-ից դուրս գալու հնարավորությունից, քանի որ նույնականացման քարտով անձը չի կարող դուրս գալ հանրապետությունից, ուստի, ըստ նրա՝ եթե հնարավորություն կա, կարելի է նրանց հին նմուշի անձնագրեր տալ:
Հովհաննես Մարգարյանն ասաց, որ կարելի է նաև ընտրատեղամասերում փակցնել այն անձանց ցուցակները, ովքեր քվեարկելու են նույնականացման քարտերով: Նա նաև հետաքրքրվեց՝ արդյոք հնարավո՞ր է բազա ստեղծել, որում մուտքագրելով որոշակի պարամետրեր՝ հնարավոր կլինի գտնել նույն տվյալներով անձանց, հաշվառման հասցեով հասկանալ՝ արդյո՞ք տարբեր մարդիկ են: Պատգամավորի խոսքով՝ եղել են դեպքեր, երբ քաղաքացիներն արդարացիորեն դժգոհել են, որ իրենց հասցեում տասնյակ քաղաքացիներ են հաշվառված. խոսքը, ըստ նրա, հիմնականում բազմաբնակարան շենքերի մասին է:
Մնացական Բիչախչյանն ասաց, որ ընտրողների ցուցակները ձևավորվել են բնակչության՝ պետական ռեգիստրի տվյալների հիման վրա: Ըստ նրա՝ գոյություն ունի մեկ սկզբունք՝ անձը պետք է հաշվառված լինի մեկ վայրում: Մնացական Բիչախչյանի խոսքով՝ Ընտրական օրենսգիրքը նախատեսել է գործուն մեխանիզմներ՝ 40 օր առաջ հրապարակել ընտրացուցակները՝ Ոստիկանության պաշտոնական կայքում ներբեռնելու հնարավորությամբ: Ըստ նրա՝ ցուցակները հրապարակվել են ընտրատեղամասերում, դրանք տրամադրվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, և անձն իր վերաբերյալ տեղեկատվությանը կարող է իրազեկ լինել նաև անհատական որոնման միջոցով: Ըստ նրա՝ պետք չէ կասկածի տակ դնել, որ ունենալով նույնականացման քարտ, ինչպես նաև՝ հին նմուշի անձնագիր, հնարավոր կլինի կրկնակի, եռակի անգամ քվեարկել. «Դա ուղղակի բացառված է»: Նրա խոսքով՝ նույնականացման քարտում ամրագրված է անձի անուն-ազգանուն-հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը: «Ոստիկանությունը՝ որպես ընտրողների ցուցակները վարող պաշտոնատար մարմին, հրապարակել է կրկնվող անձանց տվյալները՝ դրանք 218-ն են: Եթե, դրանցից բացի, կգտնեք այլ անձանց, որոնց բոլոր տվյալները կկրկնվեն, խնդրեմ՝ տեղեկատվությունը ներկայացրեք մեզ»,- հորդորեց նա՝ նշելով, որ բոլորի լուսանկարները Ոստիկանությունը հավաքել է: Նա նշեց, որ եթե անձը 15 անգամ խաբում է, հայտարարում է, որ կորցրել է հին նմուշի անձնագիրը, ունենում է 15 անձնագիր. «Ի՞նչ է, հարգելիներս, կարո՞ղ եմ 15 անգամ մասնակցել ընտրությանը, ո՛չ»:
Մնացական Բիչախչյանն ասաց, որ անձի տվյալը ցուցակներում լինում է մեկ անգամ, եթե անձը կփորձի իրավախախտում կատարել, դիտորդների ինստիտուտ կա, հսկողության լրացուցիչ մեխազնիզմներ, թող անձը ենթարկվի քրեական պատասխանատվության. «Բացառվում է՝ 15 անձնագիր ունենալով՝ անձը կարողանա մասնակցել ընտրությանը: Նույնն է՝ անձը 15 ID քարտ է ստացել, խաբել է Ոստիկանությանը, որ կորցրել է, բայց տանը դրված է, 15 հատ էլ հին նմուշի անձնագիր ունի: Ի՞նչ է՝ կարո՞ղ է 30 անգամ մասնակցե՞լ: Դրանք պարզապես միֆեր են, այնպիսի հայտարարություններ են, որոնք իրոք մոլորեցնում են հանրությանը»:
Անդրադառնալով մյուս հայտարարությանը՝ Մնացական Բիչախչյանն ասաց, որ, երբ անձը վաճառում է բնակարանը, տեղափոխվում այլ վայր, սակայն չի դիմում համապատասխան մարմնին՝ ըստ բնակության վայրի հաշվառվելու համար, ապա, ըստ նրա՝ Ոստիկանությունն իրավասու չէ փնտրել, գտնել նրանց, ովքեր բնակարաններ են վաճառել և մնացել հաշվառման մեջ հին բնակության վայրում. «Խնդրեմ, հարգելի սեփականատերեր, դիմում ներկայացրեք, այն անձանց, ովքեր հաշվառված են ձեր բնակության հասցեում, օրենսդրությամբ սահմանված կարգով կհանենք հաշվառումից»:
Նշենք, որ Ոստիկանությունում քննարկմանը մասնակցում էր միայն «Օրինաց Երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ասաց, որ հրավիրել են բոլոր այն քաղաքացիներին, ովքեր մտահոգ են խնդրով: Նրա խոսքով՝ հրավիրվածների թվում է եղել նաև ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, ով հեռախոսի միջոցով տեղեկացրել է, որ չի մասնակցելու քննարկմանը: