Խաղողի ռեկորդային բերքը ցավալի հետևանքներ ունեցավ Հայաստանի համար. Ավագ Հարությունյան
«99%-ով ավարտվել է խաղողի մթերման գործընթացը և այս պահի դրությամբ մոտ 214-15 հազար տոննա խաղող է մթերվել, իսկ ընդհանուր բերքը եղել է մոտ 305-10 հազար տոննա: Տարին ռեկորդային էր բազմաթիվ առումներով՝ սկսած կլիմայական տեսանկյունից՝ ռեկորդային տաք ձմեռ, ռեկորդային տաք ամառ, ռեկորդային խոնավ բերքահավաքի սեզոն, շատ բերք, արտահանման ռեկորդային նվազումներ, մեր ավանդական շուկաներում ռեկորդային անկում»,-այսօրվա ասուլիսին ասաց Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:
Նա նշեց, որ այս տարի 300 հազար տոննա խաղող ունեցանք այն դեպքում, երբ ունենք մոտ 16 հազար հա բերքատու այգի. «16 հազար հա բերքատու այգի ունեցել ենք 1940թ., իսկ այդ ժամանակ բերքը կազմել է 62 հազար տոննա: 80-ականների սկզբին ունեցել ենք 36 հազար հա այգի և ստացել ենք ռեկորդային բերք՝ 360 հազար տոննա: Այդ ժամանակ այգիները ջրվում էին 8-10 անգամ, պարարտացվում՝ 5-6 անգամ, այգիները բուժվում էին առնվազն 6-7 անգամ: Այսօր, երբ գյուղացին ոռոգում է, լավագույն դեպքում, 3-4 անգամ, չի պարարտացնում կամ պարարտացնում է երկու տարին մեկ, չի բուժում կամ բուժում է շատ քիչ, և ստանում է 16 հազար հա-ից 300 հազար տոննա խաղող»:
Ըստ նրա՝ խաղողի ռեկորդային բերքը ցավալի հետևանքներ ունեցավ Հայաստանի համար. «Նախ՝ գինու գործարանները պատրաստ չէին նման բերք ընդունել, երկրորդ՝ սա բերեց նրան, որ գինեգործարաններն սկսեցին մթերել խաղողը՝ առանց ուշադրություն դարձնելու որակին, երրորդ՝ հերթեր գոյացան, հերթերի մեջ խաղողը փչացավ, որակն ավելի վատացավ, արժեքը ընկավ, և գյուղացին, որն ամբողջ իր վարկային քաղաքականությունը կառուցել էր 150 դրամի վրա, չստացավ դա ։ Կոնյակագործները շահեցին, որովհետև ունեն կոնյակի էժան հումք։ Գինեգործները տուժեցին, որովհետև գներն ընկան, խաղողը որակազրկվեց»:
Բանախոսը նկատեց՝ գյուղնախարարությունը խոստացավ, որ ոչ մի խաղողի ողկույզ վազին չի մնա, ամբողջը կմթերվի ու, ըստ նրա, 98 տոկոսով դա կատարեց. «Սակայն, գյուղատնտեսության նախարարությունը չկատարեց իր այն խոստումը, որ գնի առումով էական նվազում չի լինի: 60 հազար տոննա խաղող մթերվել է 140 դրամից բարձր արժեքով, վստահ կարող եմ ասել՝ 30-50 դրամով կարող է մթերված լինել 2000 տոննա խաղող, մնացածը՝ 110-120 դրամով: Գյուղացին միանշանակ այս տարի տուժեց»:
Ա. Հարությունյանն ընդգծեց՝ գինիների արտահանման բնագավառում ունենք 30-50% անկում. «ԵՏՄ անդամակցությունը Հայաստանի համար ոչ վնաս էր, ոչ օգուտ։ Առհասարակ, այս կամ այն կառույցին անդամակցությունը գինեգործության վրա չի ազդում, օրինակ՝ Ասոցացման պայմանագիրը չստորագրելուց կորցրինք միայն գրանտային ծրագրեր, որոնք տնտեսական գլոբալ երևույթներում չնչին նշանակություն ունեն: Անհավասար մրցակցություն կա հիմա Եվրամիության շուկաներում մեր և վրացական գինիների միջև, բայց այս դեպքում էլ խոսքը գնում է 5-10% հարկային արտոնությունների մասին, որը նույնպես որևէ նշանակություն չունի: Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին՝ այն գայթակղիչ շուկա է էժան ապրանքների համար. դրանց համար բացում է անծայրածիր հնարավորություններ։ Բայց գինու կամ կոնյակի դեպքում՝ այդ սահմանագծից շատ վերև ենք, այսինքն՝ չենք կարող դրանց արժեքն իջնել այնքան, որ ԵՏՄ շուկան մեզ համար գրավիչ լինի: Տարբեր պատճառներով էժան ապրանք արտահանել չենք կարող և անհավասար մրցակցության մեջ ենք ԵՏՄ անդամ երկրների հետ»: