Բաժիններ՝

«Ձկնաբուծության ոլորտը ցանկանում են մոնոպոլացնել». Արթուր Աթոյան

Ձկնաբուծությունը Հայաստանում բարձիթողի վիճակում է։  Այսօրվա ասուլիսին նման կարծիք հայտնեց «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» հ/կ նախագահ Արթուր Աթոյանը.

«Ունենք որոշակի օբյեկտիվ, ու տնտեսական առումով սուբյեկտիվ թելադրանքներ, որոնց չենք կարողանում դիմագրավել։ Մեր վիճակն առավել է բարդանում, երբ բարձրագույն պետական իշխանության մարմինը՝ Գյուղատնտեսության նախարարությունը, հայտարարում է, որ ձկնաբուծությունը Հայաստանում աճ է ունեցել 2013-14թթ. և չեն խոսում 2015թ.-ի մասին։ Եթե 2013-14թթ. գործում էին ինքնարժեքից մի քիչ ցածր շուկայական գներ, ապա 2015թ. ինքնարժեքից բավականին պակաս շուկայական մեծածախ ու մանրածախ գներ են։ Սա նշանակում է, որ Գյուղատնտեսության նախարարությունը կամ իրավիճակին չի տիրապետում, կամ չի ցանկանում տիրապետել, կամ ընդհանրապես շահագրգռված է փաստերը խեղաթյուրելու, ծռմռելու , ոչ ճշգրիտ հայտարարություններ կատարելու հարցում»:

Բանախոսը նշեց, որ 17 հարցից բաղկացած  գրություն է ուղարկել Գյուղատնտեսության նախարարություն՝ սակայն գրությունը անպատասխան է մնացել, ինչն, ըստ նրա, խախտում է իրենց կազմակերպության ու արտադրողների իրավունքները:

Ըստ նրա՝ ձկնարտադրության ոլորտում իրավիճակն անմխիթար է. «Շուկայում ձկան վաճառքի լիկվիդացիոն գներ են գործում, սակայն գյուղատնտեսության նախարարությունը հայտարարում է, որ ոլորտում աճ կա։ Չնայած` մեր միակ շուկան ՌԴ-ն է, այդուհանդերձ գյուղատնտեսության նախարարությունն ասում է, որ ռուբլու արժեզրկումը ոլորտի վրա բացասաբար չի ազդել։ Լիկվիդացիոն գների առկայության պայմաններում ի՞նչ է նշանակում, որ ռուբլու անկումը չի ազդել ոլորտի վրա։

Իրական վիճակն այն է, որ կազմակերպությունները գնում են քայքայման։ 50%-ով նվազել է կերի ներմուծումը։ Եթե ամենակայացած ընկերությունները պարտավոր են կերակրել ձկներին օրը երեք անգամ, ապա հիմա կերակրում են մեկ կամ երկու անգամ, որովհետև կերի խնդիր ունեն։ Առաջատար տնտեսությունները քայքայվում  ու սնանկանում են: Անուններ չեմ նշի, որովհետև դա առանձին  տնտեսության առևտրային գաղտնիք կարող է դիտվել»:

Ա. Աթոյանն ընդգծեց, որ ոլորտում անանկացման,  աղքատացման ու մենաշնորհացման գործընթաց է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս