«ԲՀԿ-ին չեմ կարող այիբով կուսակցություն ներկայացնել». «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երբ ամիսներ առաջ գրել էինք, որ փետրվարյան «հեղափոխությունից» հետո ԲՀԿ-ից հեռացածները Սերժ Սարգսյանի հետ Սահմանադրության փոփոխության հարցով հանդիպումից հետո անհանգստացած են, քանի որ ԲՀԿ վերադարձի ակնարկներ են իրենց արվել, չէինք սխալվում։ Այդ հանդիպման ժամանակ նախագահը, ըստ լուրերի, մեծամասնական ընտրակարգով խորհրդարան անցած նախկին ԲՀԿ-ականներին եւ ԲՀԿ խմբակցության կազմում գտնվող անկուսակցական պատգամավորներին ասել էր, որ մինչեւ հաջորդ ընտրությունները նրանցից շատերը պետք է վերադառնան ԲՀԿ, այդպիսով կլուծվի եւ նրանց մանդատ ունենալու հարցը, քանի որ| նոր Սահմանադրությունում այլեւս մեծամասնական ընտրակարգը չի գործելու, եւ պատգամավոր դառնալու համար հարկավոր է անդամակցել որեւէ քաղաքական ուժի, եւ իշխանության ծրագիրը կիրագործվի։
Տարիներ առաջ էլ նույն սցենարով նման «հեղինակություններ» գործուղվեցին ՕԵԿ, հետո միայն պարզ դարձավ, որ նրանք բոլորն էլ իշխանությունների ցուցումով են գնացել, որպեսզի բարձրացնեն այդ կուսակցության «վարկանիշը», փող ծախսեն եւ օգնեն, որ կառավարելի ՕԵԿ-ը մտնի խորհրդարան։ Հիմա ՀՀԿ-ն նոր սեր է արել եւ իր դուստր ձեռնարկության կարգավիճակը շնորհել է ԲՀԿ-ին ու ամեն ինչ անում է նրա ուժեղացման համար։ Առաջին ծիծեռնակն Արայիկ Աղաբաբյանն է, նա երեկ մեզ փորձում էր համոզել, որ փաստացի դուրս էլ չի եկել ԲՀԿ-ից. «էդ իմ իբր դուրս գալը ոչ մի բանի հետ կապված չէր, եւ նաեւ մուտքը ոչ մի բանի հետ կապված չէր… Ես դիմում էի ներկայացրել սկզբնական կազմակերպությանը՝ կուսակցությունից հեռանալու մասին, սակայն սկզբնական կազմակերպությունն իմ դիմումը չէր քննարկել եւ դրան հավանություն չէր տվել, այսինքն՝ շարունակում էի մնալ կուսակցության անդամ։
Ես մասնակցել եմ ԲՀԿ խմբակցության աշխատանքներին, երբեք չեմ կտրել կապս կուսակցական կառույցի հետ, որի ձեւավորման ակունքներում կանգնած եմ եղել։ 10 տարի այդ կառույցում ներդրում եմ արել, ու հիմա դիմումս վերանայվել է, եւ ինձ չեն հեռացրել»։
Մենք զրուցեցինք Արագած Ախոյանի հետ։
– Պարոն Ախոյան, կարծես թե ԲՀԿ վերադարձի գործընթաց է սկսվում, հնարավո՞ր է առաջիկայում Դուք նույնպես վերադառնաք նախկին կուսակցություն։
– Ես բազմիցս եմ պատասխանել եւ հիմա էլ սիրով կպատասխանեմ, քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում։ Ինչպես բոլոր կուսակցություններում, ԲՀԿ-ում կան լիդերներ, որոնք եղել են մեծամասնականի կարգավիճակում, հիմա սահմանադրական փոփոխություններից հետո մեծամասնական ընտրակարգը դուրս է մղվում, եւ անցում է կատարվում ամբողջությամբ համամասնական ռեյտինգային ընտրակարգի։ Հիմա ռեյտինգային համակարգում կարծես թե մեծամասնական ընտրակարգի մոտեցումները կան, այսինքն՝ մարդն ինչքան պահանջարկ ունի տվյալ ընտրատարածքում, եւ ընտրողները որքանով են վստահում այդ պատգամավորին։ Եթե նպատակահարմար գտնենք, որ պետք է լինենք խորհրդարանում, չէ՞ որ տեղերը սահմանափակ են եւ այլն, եւ այլն, այդ դեպքում նոր կերեւա։ Հիմա ո՞վ կարող է ասել, թե ինքը որքանով է պետք մեր քաղաքական դաշտում։ Ես կարծում եմ, որ ցանկացած պատգամավոր ինքը պետք է գնահատի՝ պետք է, թե՝ ոչ, որովհետեւչի կարելի միայն անձնական հարցերի համար խորհրդարան անցնել, դա լուրջ չէ։
– Ուզում եք ասել, որ եթե նույնիկ վերադարձ լինի, դա լինելու է ոչ այն պատճառով, որ Դուք գնահատում եք այդ կուսակցության քաղաքական հեռանկարը, այլ այն, որ առանց քաղաքական թիմի հնարավոր չի՞ լինելու մանդատ ստանալ եւ, ինչպես Դուք եք ասում, մարդկանց, հանրությանն օգտակար լինել։
– Այո, այո։ Հիմա մի բան էլ պիտի ասեմ, կոնկրետ ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, չպետք է այդ կուսակցությանն այսօր նայել այլ աչքերով։ ԲՀԿ-ն լուրջ տրավմա է տարել, մենք տեսանք, թե ինչ փոփոխություններ տեղի ունեցան։ ԲՀԿ-ն նման էր մեր ընդհանուր ճակատագրին, մենք դաստիարակվեցինք ընդհանուր հասարակարգում, հետո հասկացանք, որ՝ չէ, ինչ-որ բաներ են փոխվում, անցանք փոփոխությունների փուլով էլ, հիմա պետք է սպասել։ Ես համոզված եմ, որ ԲՀԿ-ում կան շատ խարիզմատիկ մարդիկ, կերպարներ։ Այնպես որ, ես ԲՀԿ-ին չեմ կարող այիբով կուսակցություն ներկայացնել»։