«Մենք այս Սահմանադրությամբ նպաստում ենք պետությանը՝ ունենալ պասիվ պարտավորություններ». Հրանուշ Խառատյան
Նոր սահմանադրության մեջ կան մի շարք և՛ դրական, և՛ բացասական կետեր: Այս կարծիքին է բնապահպան Կարինե Դանիելյանը, ով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեսակետ հայտնեց, որ դրականն այն է, որ առաջին անգամ Սահմանադրության մեջ ներառվում է կայուն զարգացման ծրագիրը, բայց, միաժամանակ, եթե գործող Սահմանադրության մեջ պետությունն ապահովում էր շրջակա միջավայրի պահպանությունը, ապա հիմա պետությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունը:
«Բոլորս էլ կարող ենք խթանել, բայց կարող է ստացվել, կարող է՝ չստացվել: Բարձրացրել ենք այս հարցը, բայց ոչ մի փոփոխություն չեղավ»,- նշեց բնապահպանը:
Նա նաև նկատեց, որ Սահմանադրության մեջ այն կետը, որն ապահովում է անձի իրավունքը՝ ապրելու առողջ շրջակա միջավայրում, հանվել է: Նա նշեց, որ իրենք այդ հարցը նույնպես բարձրացրել են. «Վարդան Պողոսյանի կողմից պատասխան ստացանք, որ այդ բոլորը սահմանվում է օրենքներով, ու կարիք չկա արտացոլել Սահմանադրության մեջ»:
Կ. Դանիելյանը կարծում է՝ այս նոր Սահմանադրության մեջ կան դրական միտումներ, բայց ըստ նրա՝ բացասական, թաքնված միտումներ էլ կան, որոնք պետք է բացահայտվեն:
Ազգագրագետ Հ. Խառատյանն էլ չի հասկանում, թե այդ ինչպե՞ս է, որ Սահմանադրությունը քաղաքացիներին պարտավորեցնում է պահպանել շրջակա միջավայրը, պետությանը՝ ոչ:
«Պետության պարտավորությունը հանվել է ընդհանրապես: Սա չափազանց կարևոր է: Այս Սահմանադրությամբ՝ պետությունը միայն պետք է նպատակներ դնի, որոնք պետք է իրագործի իր հնարավորության սահմաններում: Ես արդեն համարում եմ, որ հայեցակարգով պետությունը պարտավորություններից ազատվում է»:
Հ. Խառատյանը կարծում է՝ եթե մենք այս Սահմանադրությունը վավերացնում ենք, նշանակում է՝ հանրությունն ինքն է պետությանը տալիս այդ իրավունքները. «Մենք հիմա նպաստում ենք պետությանը՝ ունենալ պասիվ պարտավորություններ»: