«Եթե արվեստում էքսպերիմենտներից վախեցար, ուրեմն դու սխալ ճանապարհ ես ընտրել». Անի Հովակ
The Loft ինքնազարգացման ու ժամանցի կենտրոնում բացվել է նկարչուհի Անի Հովակի կոլաժների ցուցահանդեսը: 168.am-ի հետ զրույցում Անին պատմում է, որ նկարելու շնորհն իր համար բացահայտել է ընդամենը 4 տարի առաջ, և, որ այդ բացահայտումն անսպասելի է եղել առաջին հերթին՝ հենց իր համար. «Առաջին փորձս գրաֆիկա էր՝ արված տուշով, հետո աշխատանքներ ունեցա փայտե տախտակի վրա, ու պատկերացրեք, ինձ մոտ միանգամից ամեն ինչ այնքան սահուն ստացվեց…»: Թեև Անին մասնագիտությամբ երաժիշտ է, սովորել է Երևանի պետական կոնսերվատորիայում և հիմա էլ «Հովեր» երգչախմբի և «Զանգակներ» խմբի անդամ է, այնուամենայնիվ, մեր զրույցը ծավալվեց նրա ստեղծած յուրատիպ ձեռագրով կոլաժների շուրջ:
– Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում, որովհետև զբաղվում եմ միայն սիրելի գործով ու հաճույք եմ ստանում իմ կյանքից: Ես նկարում եմ, կոլաժներ եմ ստեղծում, երգում եմ «Հովեր» երգչախմբում, որն ինձ մեծ բավականություն է պատճառում, նաև նվագում եմ «Զանգակներ» խմբում:
– Ինչպե՞ս եք հասցնում:
– Իրականում ժամանակը ոչ միայն բավարարում է, այլև նույնիսկ պլանավորում եմ առաջիկայում արվեստի բնագավառում նոր նախագիծ իրականացնել, թեև մանրամասները կհաղորդեմ, երբ ամեն բան վերջնական պատրաստ կլինի: Ես սիրում եմ բոլորովին նոր բնագավառներում բացահայտել իմ հնարավորությունները: Էքսպերիմենտներն ինձ հետաքրքիր են:
– Հաճա՞խ եք գնում էքսպերիմենտների:
– Միշտ:
– Իսկ չկա՞ վախ՝ չհաջողելու հերթականը:
– Բացարձակ: Եթե արվեստում էքսպերիմենտներից վախեցար, ուրեմն դու սխալ ճանապարհ ես ընտրել: Ճիշտ է՝ քննադատությունների պակաս չի զգացվում, բայց ես դրանց լավ եմ վերաբերվում: Կարծում եմ՝ քննադատություններից սովորելու շատ բաներ կան, եթե, իհարկե, խոսքը կառուցողական քննադատության մասին է:
– Ովքե՞ր են քո արվեստի քննադատները:
– Հիմնականում ակադեմիական կրթություն ստացած նկարիչները: Ինքս ինքնուս նկարիչ եմ, բայց ոնց հասկանում եմ՝ իրենց համար մեծ բաց է այն, որ ես չունեմ նկարչական որևէ կրթություն ու, ասպես ասած՝ իրենց գործն եմ անում: Հաճախ է պատահում նաև գալիս-նայում են, ասում են, որ հիացած են, հետո հարցնում են՝ Գեղարվեստի ակադեմիայի՞ց ես, ասում եմ՝ ոչ, ասում են՝ Թերլեմեզյանի՞ց, ասում եմ՝ դարձյալ ոչ, ինքնուս եմ, ու տեղում իրենց վերաբերմունքը փոխվում է, կարծես հիասթափվում են: Սա իրականում զարմանալի և հաճախ՝ նաև զավեշտ հիշեցնող իրավիճակ է:
– Անի, ի՞նչն է քեզ գրավում այն աշխատանքում, որ անում ես:
– Ես սիրում եմ ստեղծել ձեռքի աշխատանքներ և դրանով զբաղվում եմ շատ վաղուց: Ինձ հետաքրքիր է հատկապես աշխատել այնպիսի իրերի և հումքի հետ, որոնք առաջին հայացքից չէին կարող ծառայել որևէ նպատակի, հատկապես սիրում եմ գործ ունենալ բնական հումքի հետ: Ինձ միշտ հետաքրքիր է եղել՝ պարզ, անպետք նյութը բերել առաջին պլան: Օրինակ, իմ առաջին գործերից մեկը եղավ բալի կորիզներից պատրաստված վզնոցը, որը ես ժամանակին նույնիսկ կրում էի առօրյայում, և ոչ ոք չէր նկատում, թե ինչից է պատրաստված այդ զարդը, բայց, երբ ասում էի, որ պատրաստված է բալի հասարակ կորիզներից, պարզապես խենթանալու ռեակցիաներ էի լսում: Հիմա ես ստեղծում եմ հիմնականում կոլաժներ, բայց մոտեցման իմաստով ոչինչ չի փոխվել: Առաջվա պես ես նախընտրում եմ օգտագործել, այսպես ասած, «անպետք իրեր»: Չգիտեմ ինչու՝ հիմա ինձ ավելի հետաքրքիր են պինդ, կոպիտ, ոչ կանացի մետաղները:
– Գուցե այդ մետաղների ընտրությունն այս պահի քո տրամադրությունների կամ ներքին վիճակի արտահայտումն է:
– Միգուցե:
– Դու ուժե՞ղ մարդ ես:
– Ինձ թվում է՝ ես հավասարապես և´ սենտիմենտալ եմ, և´ ուժեղ մարդ: Ընդ որում, ես ներդաշնակ եմ ինքս ինձ հետ, իմ ներսում ապրող հակասությունների հետ: Շատ հաճախ ինձ թվում է, թե այն աղջիկները, ովքեր ընդգծված սենտիմենտալ պահվածք են որդեգրում, իրականում այնքան էլ այդպիսին չեն: Չնայած ես ընդունում եմ մարդկանց տեսակների ու բնավորությունների տարբերությունը և նույնիսկ ուրախ եմ, որ մարդիկ տարբեր են: Դա, իհարկե, ավելի հետաքրքիր է դարձնում մեր կյանքը:
– Քո ստեղծած արվեստի տիրույթներում ֆորմաների նախընտրություն ունե՞ս:
– Ես ունեմ արված մեծ չափերի աշխատանքներ, բայց սիրում եմ կատաստրոֆիկ մինիմալիզմն ու շատ մանրակրկիտ աշխատանք պահանջող գործեր: Իրականում ես ինքս ինձ հենց այդպիսին եմ համարում:
– Քո աշխատանքներում օգտագործված գույներից հաճախ տպավորություն է, որ դու վառ ներքին աշխարհ ունեցող մարդ ես:
– Չէ, դա միֆ է, երբ ասում են, թե վառ գույներ օգտագործող մարդիկ իրենց գույների պես են: Վան Գոգը հիանալի դեղինի վարպետ էր, բայց նրա կյանքն այնքան էլ դեղին գույների կամ դրա երանգների մեջ չէր իրականում: Իրականում նույն դեղինը կարող ես նաև օգտագործել խիստ բարկացած կամ հուզված վիճակներում, և դա կարող է հանգստացնող դեր ունենալ: Փառք Աստծո, ես ինձ երջանիկ մարդ եմ համարում, բայց իմ ներքին էությունն այդ գույներով չեմ պայմանավորում: Ի դեպ, երբ ես որևէ գործ եմ սկսում, երբեք նախապես չեմ իմանում, թե ինչ ավարտ է ունենալու: Բոլոր մտքերը գալիս են ընթացքում՝ գույները, ֆորմաները, հումքը, և այլն:
– Այսինքն, երբեք նախապես չե՞ս որոշում՝ ինչ անել:
– Եթե նկատել եք, իմ կոլաժներում գերակշռող դետալը ձուկն է: Ինձ շատ են քննադատում նաև հենց այդ դետալի անդադար օգտագործման համար: Իրականում դա երևի ենթագիտացորեն արված ընտրություն է: Պարզապես, ես չեմ վախենում ընտրել ոչ ստանդարտ ֆորմաներ, այս գույնն այն գույնի կողքին օգտագործել, ի վերջո՝ ես չեմ վախենում այդքան շատ ձկներ պատկերելուց ու շարունակելու եմ ձկներ պատկերել: Ես սիրում եմ այդ տարածքը: Ի վերջո, ձուկը քրիստոնեական հոգևոր խորհուրդ ունի, իսկ հավատն ինձ համար առաջնային տեղերում է, եթե ոչ՝ ամենաառաջնայինը կյանքում, թեև ես չեմ սիրում բարձրաձայնել այս մասին: Սա մի ուրիշ կապ է ինձ համար, և սրանով ամեն ինչ արդեն ասված է:
– Ցուցահանդեսներ ունեցե՞լ ես:
– Առաջին ցուցահանդեսը եղավ «Նարեկացի» արվեստի միությունում, երբ ես դեռ ընդամենը մի քանի արված աշխատանք ունեի: Երբ ինձ ասացին, որ նայել ու հավանել են աշխատանքներս և պատրաստ են տարածք տրամադրել ցուցահանդեսի համար, ես ոգևորվեցի ու միանգամից մի քանի աշխատանքներ արեցի, որպեսզի ցուցահանդեսս «լցվի»: Այս իմաստով ես շատ շնորհակալ եմ այդ կենտրոնին՝ առաջին հնարավորություն ընձեռելու համար: Շատ հետաքրքիր զգացողություններ էին, երբ դու ինչ-որ բան ես անում, ու դրանք տանն են, միայն քո ու մտերիմների համար, մեկ էլ հանկարծ դրանք դառնում են բոլորինը: Դրանից հետո եղան ևս մի քանի ցուցահանդեսներ, այդ թվում՝ նաև Հայաստանում Գերմանիայի դեսպանատանը, Լոֆթ կենտրոնում: Նույնիսկ հասցրել եմ ցուցահանդես-վաճառքներ ունենալ տարբեր սրճարաններում:
– Հետաքրքիր է, ի՞նչ սկզբունքով ես գնահատում քո աշխատանքները:
– Երևի ըստ երևակայության (ժպտում է. Ն.Մ.): Մինչ այսօր վաճառված աշխատանքներիս միջին գինը մոտավոր 100.000 դրամ է կազմել, թեև եղել են աշխատանքներ՝ կախված ծավալից ու օգտագործված հումքից, որ շատ թանկ գնով եմ վաճառել:
– Լավ, իսկ առաջիկա պլաններում նոր ցուցահանդես կամ ցուցահանդես-վաճառք կա՞:
– Շատ կուզենայի, գուցե մինչև տարեվերջ կազմակերպվի ևս մեկը: Այս պահին որևէ հստակ բան չեմ կարող ասել, բայց հույս ունեմ՝ կհաջողվի: