Նախագահները պետք է ժողովուրդներին պատրաստեն խաղաղության. Ուորլիք
Հայ-ադրբեջանական սահմանագծին ու զորքերի շփման գծում տեղի ունեցող դեպքերն անընդունելի են: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը երեկ Բաքվում կայացած մամլո ասուլիսում՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ շփման գծում անցկացված մոնիթորինգի ժամանակ հնչած կրակոցները: Այս մասին հայտնում է contact.az-ը:
Նա հայտնել է, որ մոնիթորինգի ժամանակ կրակոցներ են հնչել:
«Ես զորքերի շփման գծում ականատես եղա մեծ սպառնալիքի ու տեսա, թե դա որքան սարսափելի է: Մենք անվտանգ վայրում էինք, սակայն մոնիթորինգ անցկացնող դաշտային հրամանատարները բաց տեղանքում էին՝ կրակի տակ»,- ասել է Ուորլիքը:
Մոնիթորինգից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են փորձագետների հետ, սակայն, ըստ Ուորլիքի, «պարզել, թե որտեղից են արձակվել կրակոցները, գրեթե անհնար է»:
Ինչ վերաբերում է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, ապա, ըստ համանախագահի, երկու պետությունների ղեկավարներն էլ դեմ չեն դրան: Ուորլիքի խոսքով՝ ներկայում աշխատանքներ են ընթանում հանդիպման կազմակերպման դետալների վրա:
«Նախագահները պետք է քննարկեն, թե ինչպես է հնարավոր հանգել հակամարտության համապարփակ կարգավորման: Ներկայիս իրավիճակը տարբերվում է նրանից, ինչ կար դեռ 2 տարի առաջ: Առաջին անգամ մենք ականատես եղանք շփման գծին ծանր հրետանու կիրառման: Ցավոք, դրա հետևանքով մահանում են քաղաքացիական անձինք: Անհրաժեշտ եմ համարում նախագահների կողմից լարվածության աճի հարցի քննարկումը: Մենք պետք է նաև քննարկենք ժողովուրդների միջև վստահության միջոցառումների ամրապնդման, համայնքների միջև երկխոսության հաստատման հարցը»,- ասել է Ուորլիքը:
Նա կարևորել է երկու երկրների նախագահների կողմից իրենց ժողովրդին ոչ թե պատերազմի, այլ խաղաղության նախապատրաստումը: «Նախագահները պետք է դիմեն տարածաշրջանում ապրող բոլոր ժողովուրդներին, որպեսզի նրանք պատրաստ լինեն ոչ թե պատերազմի, այլ խաղաղության: Հակամարտության կարգավորումը տարածաշրջանում նոր էջ կբացեր ու կարևոր նշանակություն կունենար դրա զարգացման համար: Հարավային Կովկասի երկրները դժվար պատմություն ունեն: Մենք պարտավոր ենք նոր սերնդի համար ապահովել կայուն ապագա: Պետք է կապեր հաստատվեն երկու երկրների ժողովուրդների միջև, նրանք պետք է կարողանան ապագայում միասին ապրել»,- հայտարարել է ամերիկացի համանախագահը: