«Ես սարսափով եմ պատկերացնում, թե ինչպիսի արձագանք կարող է լինել իմ ամենաքաղաքական այս ելույթին»

«Այն, որ մեր եվրոպացի գործընկերներն այսպես սիստեմատիկ և համատարած ասում են, որ շատ դրական խնդիրներ և լուծումներ կան այս նախագծում մարդու իրավունքների հետ կապված, պետք է, ի վերջո, կարողանալ լսել և ընդունել, և դա ակնհայտ է ցանկացած չեզոք մասնագետի, փորձագետի համար»,- այս մասին այսօր «Մարդու իրավունքները Սահմանադրության նոր նախագծում» թեմայով քննարկման ընթացքում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Խորհուրդ տալով «Ոչ»-ի ճակատին՝ նա ասաց, որ եթե ցանկություն կա հասարակությանը կողմնորոշել դեպի այս նախագծի մերժում, ապա իրենց փաստարկները կենտրոնացնել նախագծի 2-րդ, 3-րդ, 7-րդ և 10-րդ գլուխներից դուրս. «Որովհետև այս գլուխներում. որքան էլ կան մտահոգիչ խնդիրներ, ընդհանուր միջազգային ստանդարտներով, եվրոպական ստանդարտներով, որոնք հաստատ ավելի առաջադեմ են, քան մեր փորձը մարդու իրավունքների ոլորտում, ակնայտորեն տեսնում են դրականը, և այդ դրականը կա: Հետևաբար՝ փորձել ուղղակի բոլոր գլուխներում նույնությամբ մոտեցումներ գտնել, որպեսզի համոզել քո քաղաքական հայացքներում, կարծում եմ՝ ճիշտ մոտեցում չէ»:

Կարեն Անդրեասյանն ասաց, որ իր նշած 4 բացասական կարգավորումներից բացի, ներկայացված մյուս խնդիրները կարելի է խմբավորել. «Կան խնդիրներ, որոնք, այո, Սահմանադրությունը վերջնական ու լիարժեք մեր ցանկությամբ չի կարգավորում, բայց դրանք մեր կյանքում բացասական ազդեցություն չեն ունենա, որովհետև այդ հարցերը հնարավոր կլինի կարգավորել օրենսդրությամբ, սահմանադիր օրենքներով և այլն, այսինքն՝ աշխատանքն ուղղակի շարունակվելու է: Ինչպես նշեց իմ կոլեգան՝ ԵՄ դեսպանը, ամեն ինչ գրող, ամեն ինչ ներառած սովետական Սահմանադրությունն ամենևին էլ բոլորի կյանքը չդարձրեց պաշտպանված ու լավը: Հետևաբար՝ կա մի մեծ կտոր, որի մասին դժգոհում են մեր իրավապաշտպաններն ու փաստաբանները, որոնք կարգավորման են ենթակա օրենքներով: Պարզապես, եթե անցնի այս նախագիծը, պետք է լրացուցիչ աշխատանք:

Կան այնպիսի կետեր, որոնք Սահմանադրության նախագիծն ավելի մոտ է հենց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի չափանիշներին, որոնք մեզ իդեալական չափանիշներ են համարվում, բայց մեր առանձին իրավապաշտպաններ, փաստաբաններ դրանց դեմ են: Ես կարծում եմ, որ դրանք մեկնաբանելու նույնիսկ կարիք չկա, ինչքան էլ ձեր ճաշակին ու կարծիքին դա չի համընկնում, չի կարելի այդպես միանշանակ դեմ գնալ նույնիսկ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առաջարկներին: Եթե կարիք լինի, մենք նաև հրապարակային կամ ապագայում հարցերի ճանապարհով կներկայացնենք այդ միֆերը, որոնցով մարդկանց վախեցնում են:

Կան հարցեր, որոնք ընդհանրապես խնդրահարույց չեն, բառի և տերմինի տարբերություն է (և նույնիսկ այնպիսի տերմին չէ, ինչպիսին իմ ասած զսպվածությունն է), ավելի անէական բաներ են, որոնք միգուցե ձեր լեզվաիրավական ճաշակին չեն համընկնում, բայց դա չի նշանակում, որ վախեր կան: Եվ կան խմբագրական բնույթի առանձին, մանր նշումներ, որոնք էլի առաջացնում են ֆոբիաներ: Իմ խորհուրդն է՝ հասարակության հետ լինենք անկեղծ, և այն բոլոր կետերի մասին, որոնք իսկապես անդառնալի կամ վտանգավոր կերպով չեն փոխում վիճակը, չփորձենք ավելորդ ֆոբիաներ տարածել հասարակության մեջ»:

Խորհուրդներ տալով «Այո»-ի ճամբարին՝ Կարեն Անդրեասյանն ասաց, որ կարծում է՝ նաև օմբուդսմենի առաջարկները պատշաճ կերպով արձագանք չեն ստացել. «Պատշաճ ձևով չի նշանակում, որ ընդունվեին իմ բոլոր առաջարկները: Պատշաճ ձևը նշանակում է՝ բոլոր հնչող առարկաներին տալ գոնե մեկ տրամաբանված պատասխան: Մեքն հրապարակեցինք մտահոգություններ, դրանք ներկայացրինք կառավարությանը, ով մեզ ուղարկել էր նախագիծը: Ես ցավում եմ, որ չստացա դրանց վերաբերյալ հիմնավոր պատասխաններ: Դրանք կարող էին տրվել: Նույնիսկ ես, երբ առաջարկում էի, մտածում էի, որ հակառակ կողմն այդ դեպքում ինձ կպատասխանի այսպիսի տրամաբանությամբ, բայց նույնիսկ այդ դեպքում պատասխանները չհնչեցին, և մենք պառլամենտնում տեսանք, որ քաղաքական ուժերին եղավ արձագանք, բայց իրավապաշտպաններին, փաստաբաններին, նույնիսկ այն պաշտոնյային, ում նվիրված է Սահմանադրության 10-րդ գլուխը, իրենք չտրամադրեցին այդ բացատրությունները: Դա շատ ցավալի է»:

«Ես սարսափով եմ պատկերացնում, թե ինչպիսի արձագանք կարող է լինել իմ ամենաքաղաքական այս ելույթին: Վերջին 4 տարիներին ես ինձ թույլ եմ տվել ամենաքաղաքական ելույթը, կարծում եմ, որ քաղաքական զսպվածության օրինակ էր սա, միևնույն ժամանակ՝ քաղաքական չեզոքության օրինակ էր: Հնարավոր է՝ այս կամ այն կողմի համար ականջահաճո էր կամ տհաճ էր, բայց ես ասել եմ, այն, ինչին հավատում եմ այս նախագծի այս դրույթների վերաբերյալ»,- ասաց Կարեն Անդրեասյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս