
Չինաստանում դերասանուհին կլինիկական ստուգումներ է անցել՝ չափից դուրս գեղեցիկ դեմք ունենալու կասկածանքով

Չինացի դերասանուհի Յան Վինը, ով հայտնի է Անջելա Բեյբի կեղծանունով, անցել է մի շարք կլինիկական ստուգումներ, որպեսզի ապացուցի, որ իր արտաքին գեղեցկությունը բնածին է, գրում է The Independent-ը:
Նման միջոցառումների դերասանուհին ստիպված է եղել դիմել պլաստիկ վիրաբուժության Ruili կլինիկայի՝ մամուլում արված հայտարարություններից հետո, թե հենց իրենք են 26-ամյա աղջկան մատուցել պլաստիկ ծառայություններ:
Դերասանուհին հերքել էր մեղադրանքները ու դիմել բժիշկների օգնությանը:
Մի շարք անալիզներ ու ռենտգենյան սքանավորումներ հաստատել էին, որ Վինի դեմքը երբևէ չի ենթարկվել վիրահատական միջամտության:
Ներկայում աղջիկը դատի է տվել իրեն զրպարտած կլինիկային: Նա որպես բարոյական փոխհատուցում՝ պահանջել է իրեն վճարել 79 հազար դոլար:
Դերասանուհու խոսքով՝ իր՝ չինուհու համար անսվոր դիմագծերի համար ինքը պարտական է իր գերմանացի պապին: