
Apple-ը 234 մլն դոլար կվճարի պատենտի խախտման համար

ԱՄՆ-ի երդվյալ ատենակալների դատարանը պարտադրել է Apple կորպորացիային վճարել 234 մլն դոլար պատենտային տեխնոլոգիաների անօրինական օգտագործման համար, հայտնում է BBC- ն:
Հայցվոր կողմը Մեդիսոնի Վիսկոնսինի համալսարանի շրջանավարտների հիմնադրամն է, որը Apple-ից պահանջում էր 400 մլն դոլար փոխհատուցում միկրոչիպերի արտադրության ոլորտում իրեն պատկանող տեխնոլոգիական լուծումներից օգտվելու համար:
Մասնավորապես, այդ տեխնոլոգիան օգտագործվել է նոր iPhone 6S ու iPhone 6S Plus հեռախոսների А9 պրոցեսորներում:
Այն թույլ է տալիս պրոցեսորներին երկար աշխատել առանց ջերմաստիճանային տատանումների ու արդյունավետության նվազման:
2008 թվականին համալսարանը հայց էր ներկայացրել նաև Intel ընկերության դեմ նման պատենտների խախտման համար:
Այն ժամանակ կողմերին հաջողվել էր հարթել հարցը՝ առանց դատարանի օգնության: