Բաժիններ՝

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան նշում է իր հիմնադրման 70-ամյակը

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան նշում է իր հիմնադրման 70-ամյակը, որի շրջանակում այսօր տեղի են ունեցել հոբելյանական միջոցառումներ: Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում կայացած հանդիսավոր նիստին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ բուհերի ռեկտորներ, բուհի տարբեր տարիների դասախոսներ և շրջանավարտներ: Բուհի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին ողջունել և իր շնորհավորական խոսքն է հղել նախարար Արմեն Աշոտյանը:

«Այս տարի հոբելյանական տարի է մի շարք բուհերի համար: Տոնակատարություների շարքում հստակ առանձնանում է Գեղարվեստի ակադեմիայի հոբելյանը: Առհասարակ, մշակույթի բուհերը մեր բարձրագույն կրթական համակարգի իրական զարդն են. այս բուհերում հետաքրքիր է սովորել, դասավանդել, տեսնել` ինչպես է աճում և բացվում ազգի տաղանդը:

Այսօր էլ Գեղարվեստի ակադեմիան դինամիկ զարգացող, ավանդույթները պահող, ազգային մշակույթի հենքի վրա ժամանակակից արվեստի շերտ ավելացնող ուսումնական հաստատություն է: Պատահական չէ, որ 40-ականների պատերազմական և հետպատերազմական տարիներին հիմնադրվել են մի շարք բուհեր և Գիտությունների ազգային ակադեմիան: Սրանով է աչքի ընկել հայ ազգը: Գեղարվեստի ակադեմիայի վրա դրված առաքելությունը պարտավորեցնող է. այն իրականացվում է փառքով և պատվով` տալով ոչ միայն Հայաստանում, այլ դրա սահմաններից դուրս հնչեղ անուններ:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բուհի բոլոր տարիների դասախոսներին և շրջանավարտներին` միաժամանակ շեշտելով, որ այսօրվա կոլեկտիվը և ուսանողները կարողանում են պահպանել ավանդույթները և ապահովել բուհի հետագա զարգացումը: Եվ պատահական չէ, որ հանրապետության Նախագահը և վարչապետը, մի շարք նախարարություններ այս առիթը օգտագործել են` մեծարելու և պատվելու բուհի լավագույն դասախոսներին»,-նշել է Արմեն Աշոտյանը` բուհի մի շարք դասախոսների հանձնելով պետական պարգևներ:

ՀՀ Նախագահի հրամանագրով Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի 70-ամյա հոբելյանի առթիվ, արվեստի բնագավառում ներդրած ավանդի համար Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակագործության ամբիոնի պրոֆեսոր Գարեգին Համբարձումի Դավթյանը, գեղանկարչության ամբիոնի պրոֆեսոր Ժորա Գրիշայի Հայրապետյանը և գրաֆիկայի և գծանկարչության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արա Անդրանիկի Բաղդասարյանը պարգևատրվել Մովսես Խորենացու մեդալով:

Կրթության և գիտության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի 70-ամյա հոբելյանի առթիվ բուհի մի խումբ դասախոսներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրերով, ինչպես նաև ԿԳՆ բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով» և ԿԳՆ շնորհակալագրերով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս