«Ցմահ դատապարտյալները նշում են, որ իրենք հոգեբանին չեն տեսնում տարվա ընթացքում, և նա կարծիք է հայտնում, թե ինչպիսին է ցմահ դատապարտյալը»

Ինչպես հայտնի է, ցմահ ազատազրկման դատապարտված մի խումբ անձինք, որոնք արդեն 3 օր է՝ հացադուլ են հայտարարել, այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին բաց նամակ են հղել: Նրանք նշել են, որ իրենց նկատմամբ արդարադատության վերականգնման ուղղությամբ պայքարի արդյունքում օրինականության հաստատմանը չհասնելով և այլևս չունենալով այլ ելք՝ հայտարարում են անժամկետ հացադուլ և պատրաստ են դիմել իրենց բողոքի բարձրաձայնման այլ միջոցների: Այս կապակցությամբ զրուցել ենք օմբուսդսմենի տեղակալ Երանուհի Թումանյանցի հետ:

– Տիկի՛ն Թումանյանց, 40-ից ավել ցմահ դատապարտյալներ հացադուլ են հայտարարել՝ իրենց գործերի վերանայման պահանջով: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից այցելե՞լ են դատապարտյալներին:

– Ե´վ երեկ, և´ այսօր Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները եղել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում և հանդիպել բոլոր ցմահ դատապարտյալներին, ովքեր հացադուլ էին հայտարարել: Երեկ հանդիպել են 25 անձի, այսօր՝ ևս 28-ի: Թվով 53 դատապարտյալ այցի պահի դրությամբ հացադուլ էին հայտարարել, որից 1-ն այսօրվա այցի ավարտին արդեն դուրս էր եկել հացադուլից: Բոլորի հետ մեկ առ մեկ խոսվել է, իրենց պայմաններն էլ ենք նայել, խցերում էլ ենք եղել, տեսել՝ ինչ վիճակ է և ընդհանուր մեկ-մեկ խոսել ենք, իրենց խնդիրները լսել ենք: Իրենց պահանջը հիմնականում այն էր, ինչ հրապարակվել էր՝ գործերի վերանայում, պայմանական վաղաժամկետ ազատման խնդիրների լուծում, ռեժիմների փոփոխման, ընդհանրապես իրենց պայմանների բարելավվման հետ կապված հարցեր:

Մենք հետևում ենք զարգացումներին, և դեռևս ուշադրության կենտրոնում ենք պահելու իրենց հետ կապված խնդիրները, որոնք կբարձրացվեն: Եվ այս պահի դրությամբ իրենց խնդրանքը պաշտպանին եղել է, որպեսզի պարզապես հնարավորինս ապահովենք և միջնորդենք աջակցել լրագրողների մուտքը քրեակատարողական հիմնարկ և որպեսզի լուսաբանվի իրենց այս բողոքը:

Կարդացեք նաև

– ՄԻՊ գրասենյակը և պաշտպանը որոշակի դիրքորոշում ունի՞ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց պահանջների վերաբերյալ: Նշեցիք, որ բարձրաձայնել են պայմանական վաղաժամկետ ազատման, գործերի վերանայման հետ կապված խնդիրը: Սրանց հետ կապված գրասենյակը խնդիներ տեսնո՞ւմ է՝ օրենսդրական մակարդակում կամ պրակտիկ կիրառության հետ կապված:

– Իհարկե, տեսնում է, և ամեն տարի թե տարեկան զեկույցներում, թե առանձին խնդիրների վերաբերյալ պաշտպանը հանդես է եկել ելույթներով: Այս տարի նույնպես տարեկան զեկույցում առանձին ուսումնասիրման առարկա է դարձել և անդրադարձ է կատարվել ցմահ դատապարտյալների իրավունքների հետ կապված խնդիրներին: Նույն պայմանական վաղաժամկետ ազատման հետ կապված ուսումնասիրություն է կատարվել և պարզվել է, որ ամբողջ տարվա ընթացքում քննարկվել է ընդամենը 8 պայմանական վաղաժամկետ ազատելու դիմում, որից 7-ով հարցը հետաձգվել է և մեկով միջնորդագիր ներկայացնելը պարզապես մերժվել է քրեակատարողական հիմնարկի կողմից:

Այսինքն՝ թեև մենք որպես այդպիսի ունենք պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը, բայց փաստացի ցմահ դատապարտյալների և ընդհանրապես կարելի է ասել դատապարտյլաների դեպքում այն բավականին վատ է գործում: Եվ այս խնդիրը մենք միշտ բարձրաձայնել ենք: Բարձրաձայնել ենք նաև ցմահ դատապարտյալների պայմանների հարցերը, նույն ռեժիմների փոփոխության հարցերը:

Գործերի վերանայման հետ կապված առանձին խնդիր է նաև ընդհանուր ճկուն մեխանիզմների բացակայությունը մեզ մոտ: Եվ բնականաբար դեռևս 2012թ. այս խնդիրները լուծելու համար պաշտպանը ցմահ դատապարտյալների վիճակը բարելավող հատուկ նախագիծ էր մշակել: Դրանց հետո մենք անընդհատ Ազգային ժողովի հետ մեր աշխատանքներում, այդ թվում պետաիրավական հանձնաժողովի հետ աշխատանքներում մշտապես բարձրացնում ենք ցմահ դատապաևտլաների խնդրների՝ օրենսդրական ճանապարհով լուծման տարբերակները: Ցավոք, դեռևս պատասխանել են, որ դա քննարկվում է, և նոր օրենսդրության մեջ կարող են փոփոխություններ լինել: Բայց ընդամենն այդքանը: Այլ փոփոխությունների մասին մենք դեռևս տեղեկատվություն չունենք:

Միայն տեղեկատվություն կա նրանց տեսակցությունների ավելացման վերաբերյալ նախագծի մասին, և ընդհանուր առմամբ վերջին լավ նորությունն այն էր, որ 8 ցմահ դատապարտյալների մեկուսացվածության աստիճանն է փոխվել, և նրանք տեղափոխվել են կիսափակ ռեժիմ: Այսինքն՝ այդքանը՝ գործուն քայլեր եղել են՝ կիսափակ ռեժիմի տեղափոխումը և այն նախագիծը, որը դեռևս նախարարությունում է և քննարկվում է: Դա տեսակցությունների ավելացումն է: Այլ հարցերի և նախագծի ավելի լուրջ փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվություն չկա:

– Այսինքն՝ և օրենսդրական խնդիրներ կա՞ն և պրակտիկայում նորմերի կիրառությա՞ն:

– Այո: Չլուծված են մնում դեռևս 2013թ. տարեկան զեկույցում բարձրացված այնպիսի հարցեր, ինչպիսին օրինակ սոցիալ հոգեբանական պատշաճ ծառայությունն է: Բավականին վատ վիճակում է այս սոցիալ հոգեբանական պատշաճ ծառայությունը: Անգամ ցմահ դատապարտյալները նշում են, որ իրենք հոգեբանին չեն տեսնում տարվա ընթացքում, և նա կարծիք է հայտնում, թե ինչպիսին է ցմահ դատապարտյալը և արդյոք ուղղվել է, թե չի ուղղվել: Այստեղ, իհարկե, պետք է օբյեկտիվ լինենք նաև քրեակատարողական հիմնարկի սոցիալ-հոգեբանական ծառայության օբյեկտիվ պատճառների մասին: Փաստորեն, կա 101 ցմահ դատապարտյալ, որոնք գտնվում են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում և ևս, բավական մեծ քանակով անձինք՝ մոտ 700-800, որոնց սպասարկում են շատ քիչ թվով հոգեբաններ:

Այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ ցմահ դատապարտյալները պետք է տարին մեկ անգամ տեսնեն կամ չտեսնեն հոգեբանի, ով էլ իր հերթին կարծիք է ներկայացնում նրանց դրական կամ բացասական զարգացումների և նրանց հոգեբանական վիճակի մասին: Բնականաբար, դա նույնպես վրդովմունք է առաջացնում դատապարտյալների մոտ: Նույնը վերաբերում է մշակութային, սպորտային միջոցառումների անցկացմանը, դատապարտյալների ազատ ժամանակն արդյունավետ տնօրինելու պայմաններին և ընդհանուր գործերի վերանայման արդյունավետ մեխանիզմների, ռեժիմների փոփոխության և բնականաբար վաղաժամկետ ազատման ճկուն համակարգի բացակայությանը: Այսինքն՝ մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, որոնք՝ այո, օրենսդրական են, բայց միաժամանակ ունենալով որոշակի կարգավորումներ՝ դրանց պրակտիկ կիրառումը կրկին ինչ-որ խոչընդոտների հետ է կապված լինում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս