«Ղարաբաղը դառնում է Ուկրաինայից Սիրիա ձգվող անկարգությունների շղթայի մի մասը»
«Կովկասն այսօր ավելի անկանխատեսելի ու անկայուն է, քան շատ տարիներ առաջ»,- այս մասին politico.eu կայքում տեղադրված «Կորցնելով վերահսկողությունը Կովկասում» վերտառությամբ վերլուծությունում պնդել է Carnegie Endowment Եվրոպայի գրասենյակի ավագ վերլուծաբան Թոմաս դը Վաալը: Վերջինս իր հոդվածում պնդել է, որ Ռուսաստանի ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտությունում ավելի շատ վատթարացնում է իրավիճակը, քան բարելավում:
Նրա որակմամբ` Լեռնային Ղարաբաղը՝ նախկին Սովետական Միության ամենահին և ամենավտանգավոր հակամարտությունը, կրկին «արթնանում է»: Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև 1994թ. հաստատված հրադադարը լրջագույն լարման տակ է, ու, եթե երկու տարի առաջ հատուկենտ դիպուկահարներ էին կրակում, այսօր գնդակոծում են` հրթիռները տեղում են հայ-ադրբեջանական սահմանին և Ղարաբաղի արևելյան հատվածում, որի հետևանքով վերջին շաբաթվա ընթացքում մեծաքանակ զոհեր են եղել:
«Դեռ վաղ է խոսել լայնամասշտաբ պատերազմին վերադառնալու մասին, որը Ղարաբաղում երեք տարի է շարունակվել 1990թվից:Սակայն Բաքվի և Երևանի ղեկավարներն իրենց համար պատերազմական դիրքեր են փորում, որոնցից նրանք հետագայում դժվար կարողանան հրաժարվել: Սա «Ռուսաստանի ձեռքը» չէ, չնայած Ռուսաստանի պահվածքը չի օգնում: Կովկասի վտանգն այն է, որ ոչ մեկն ամբողջությամբ չի զբաղվում իրավիճակով, և, որ Ղարաբաղը դառնում է Ուկրաինայից Սիրիա ձգվող անկարգությունների շղթայի մի մասը, որին Ռուսաստանը միջամտում է, բայց ոչ ամբողջությամբ զբաղվում»,- նշել է հոդվածագիրը` զուգահեռաբար ներկայացնելով հակամարտության պատմությունը, ներկան և բանակցային գործընթացը:
Թոմաս դը Վաալն իր վերլուծությունում հիշեցնում է, որ վերջին տարիներին նախագահ Իլհամ Ալիևն Ադրբեջանը դարձրել է Եվրոպայի ամենաբռնատիրական երկիրը` մեծացնելով իր ռազմատենչ հռետորաբանությունն ու անվանելով հայերին «ֆաշիստներ» ու «ահաբեկիչներ», իսկ սեպտեմբերի 26-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սրեց իր սեփական քաղաքական հռետորաբանությունը`թողնելով հասարակական անորոշության իր նախկին դիրքերը և Ղարաբաղը կատեգորիկ կերպով Հայաստանի անքակտելի մաս հռչակելով:
Թոմ դը Վաալը ներկայացրել է նաև ՌԴ քաղաքականության դրական ու բացասական կողմերը ԼՂ հակամարտության գոտում` պնդելով, որ ՌԴ-ն հակամարտությունը մշտապես օգտագործել է իր համար տակտիկական առավելություններ ստանալու, Հարավային Կովկասում իր ոտնատեղն ունենալու նպատակով: Դը Վաալի որակմամբ` Ռուսաստանը ապակայունացնում է այն խաղաղությունը, որն ինքն է բանակցել 1994թ.:
«Կովկասն այսօր ավելի անկայուն և անկանխատեսելի է, քան շատ տարիներ առաջ: Հայ-ադրբեջանական վերջին մարտական գործողությունները մեծացնում են լուրջ միջադեպի վտանգը սխալ հաշվարկի հետևանքով, նոր փոքրիկ պատերազմ, որը ոչ ոք չի ցանկանում, սակայն մի բան, որից ոչ մի կողմ պատրաստ չէ ետ կանգնել: Ռուսաստանի պահվածքը դժվարացնում է դրա կանխարգելումը, սակայն որևէ մեկը ներկայումս այդ մղձավանջային սցենարը կանխարգելելու ընդունակություն չունի»,- նման կարծիք է հայտնել վերլուծաբանը:
Պատրաստեց Արաքս Մարտիրոսյանը