«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատին կհաջողվի՞ իշխանափոխություն իրականացնել

Քաղաքագիտորեն ճիշտ էր, որ օրակարգում դրվեր իշխանության փոփոխության խնդիր, բայց այլ հարց է, որ այս նպատակի շուրջ միավորվել են այնպիսի քաղաքական ուժեր, որոնք դժվար թե կարողանան շատ մեծ հանրային աջակցության ապավինել: Այս կարծիքին է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը, ով 168.am-ի հետ զրույցում խոսելով այսօր ձևավորված «Նոր Հայաստան» հանրային փրկության շտաբի որդեգրած ռազմավարության իրատեսականության մասին՝ ասաց, որ ինքը թերահավատ է, որ ճակատին կհաջողվի իշխանափոխություն իրականացնել:

Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Նոր Հայաստան» նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ, բացի սահմանադրական բարեփոխումներին «ոչ» ասելուց, իրենք նաև պատրաստվում են իշխանափոխություն իրականացնել և արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների միջոցով տապալել սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, որը, ինչպես հայտնի է, տեղի է ունենալու դեկտեմբերի 6-ին: Հիշեցնենք նաև, որ այս շտաբին անդամակցում են Րաֆֆի Հովհաննիսյանը, Ժիրայր Սէֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը, Արմեն Մարտիրոսյանը, Հմայակ Հովհաննիսյանը, Պետրոս Մակեյանը և Անդրիաս Ղուկասյանը:

Ս. Սաֆարյանի գնահատմամբ՝ քաղաքական տեխնոլոգիաների առումով հասկանալի քայլ է արվել, որովհետև հասարակության բոլոր անդամներին չէ, որ հետաքրքրում է սահմանադրական փոփոխությունների թեման:

«Բնականաբար, շատերը քվեարկելու են անիրազեկվածության պայմաններում՝ այս կամ այն քարոզչության ազդեցության տակ՝ «ոչ» կամ «այո», ու միգուցե անգամ շատերը չուզենան էլ մասնակցել այդ հանրաքվեին: Հասարակության մոբիլիզացիայի համար սահմանադրական փոփոխությունների խնդիրը շատ քիչ է, և մեր երկու փորձերը՝ 1995 և 2005 թվականներին, ցույց տվեցին, որ հասարակությունն ամենևին չի մասնակցում այդ գործընթացին, հետևաբար՝ այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք փոփոխություններին դեմ են, պետք է օրակարգում մեկ այլ խնդիր էլ մտցնեն՝ այդ պրոցեսը գլխավորելու համար:

Դրա համար տեսականորեն, քաղաքագիտորեն ճիշտ էր, որ օրակարգում դրվեր իշխանության փոփոխության խնդիր, բայց այլ հարց է, որ, անշուշտ, այս նպատակի շուրջ միավորվել են այնպիսի քաղաքական ուժեր, որոնք դժվար թե կարողանան շատ մեծ հանրային աջակցության ապավինել»,- նշեց մեր զրուցակիցը, ըստ որի՝ ժամանակն իրոք կարճ է, ու նաև՝ նման բան անելու համար ավելի վաղ էր պետք նախապատրաստվել:

Ս. Սաֆարյանը կարծում է՝ նրանց ինչ-որ մի բան կհաջողվի, բայց ինքը թերահավատ է, որ դա կլինի իշխանության փոփոխություն:

Հարցին՝ պատասխանատու չէ՞ ամեն անգամ նման հայտարարություններով հանդես գալ, հասարակությանը հույսեր տալ՝ հաշվի առնելով իրենց սկսածի ոչ այնքան իրատեսական լինելը, Ս. Սաֆարյանը պատասխանեց, որ ամեն կուսակցություն ինքն է կրում դրա պատասխանատվությունն ու հետևանքները. «Այնպես չէ, որ այդ քայլը միայն և միայն հասարակության վրա է ազդում, այն ազդում է նաև նրանց հեղինակության վրա, դրա համար ես միշտ կողմնակից եմ եղել, որ քաղաքականության մեջ ավելի ճիշտ է ոչինչ չանել, քան անել սխալ բան: Ամեն պրոցեսում նույն կարգախոսով ներկայանալը բերում է նաև հասարակության վստահության պակասի, ու մենք տեսնում ենք, որ ոչ միայն իշխող քաղաքական ուժերն են զերծ հասարակական լայն աջակցությունից, այլ նաև, ցավոք սրտի, արդեն ընդդիմադիր ուժերը: Հետևաբար՝ քաղաքական ուժերն իրենք արդեն պետք է մտածեն դրա մասին, որովհետև ոչ միայն կարևոր է, թե այս երկու ամիսն ինչ ես անում, այլև դրանից հետոն: Թույլ քաղաքական ուժի հետ ոչ ոք չի սիրում հույսեր կապել»:

Տեսանյութեր

Լրահոս