«Նոր Հայաստանը» նաև շտաբ է
Քիչ առաջ մեկնարկեց «Նոր Հայաստան» նախաձեռնության ասուլիսը: Թեև նախապես հայտարարվել էր, որ ասուլիսին մասնակցելու է նաև նախաձեռնության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը, սակայն Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ Ր. Հովհաննիսյանը երկու օր առաջ մեկնել է Հանրապետությունից՝ ինչ-ինչ ընտանեկան խնդիրների պատճառով:
Ասուլիսի ժամանակ հայտարարվեց, որ բացի անս նախաձեռնությունը, ստեղծվել է նաև «Նոր Հայաստան» շտաբ, որին անդամակցում են Րաֆֆի Հովհաննիսյանը, Ժիրայր Սէֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը, Արմեն Մարտիրոսյանը, Հմայակ Հովհաննիսյանը, Պետրոս Մակեյանը և Անդրեաս Ղուկասյանը:
Բանախոսների խոսքով՝ շտաբի ձևավորման նպատակը մինչև հանրաքվեն, այսինքն՝ դեկտեմբերի 6-ը, Հայաստանում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացումն է: Նրանք այդ ընթացքում հանրահավաքներ, հանդիպումներ կազմակերպեն, որպեսզի ժողովրդին մոբիլիզացնեն:
Ինչ վերաբերում է «Ոչ»-ի ճակատի հետ համագործակցությանը, ապա «Նոր Հայաստանի» անդամները վստահեցնում է, որ իրենք պատրաստ են բոլորի հետ համագործակցել, սակայն իրենք ոչ են ասում ոչ միայն հանրաքվեին, այլև իշխանություններին:
Մեր հարցին, թե ինչո՞ւ Պարույր Հայրիկյանը չի մասնակցում այս նախաձեռնությանը, Գարեգին Չուգասզյանը պատասխանեց, թե ԱԻՄ նախագահը չի ցանկացել լինել նախաձեռնության քաղխորհրդի կազմում. նա կլինի դիտորդի կարգավիճակում: