Սահմանադրության փոփոխությունների նախագիծը չի կարող դրվել հանրաքվեի
ՀՀ Ազգային Ժողովը 2015թ. հոկտեմբերի 5-ի որոշմամբ ընդունեց «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին» որոշումը:
«Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» ենթակետի համաձայն. «Հանրաքվեի չեն կարող դրվել`
գ) մարդու և քաղաքացու իրավունքներին, ազատություններին ու պարտականություններին, դրանց իրականացումն ապահովող սահմանադրական
երաշխիքների վերացմանը կամ սահմանափակմանը վերաբերող, ինչպես նաև Սահմանադրությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բացառիկ իրավասությանն ուղղակիորեն վերապահված հարցերը»:
Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, գործող ՀՀ Սահմանադրության համեմատ, պարունակում է մարդու և քաղաքացու իրավունքները և ազատությունները սահմանափակող դրույթներ, ինչպես նաև ՀՀ գործող նախագահի լիազորությունների ժամկետի փոփոխություն:
ՀՀ Ազգային Ժողովի որոշմամբ հավանության արժանացած Սահմանադրության փոփոխությունների նախագծում առկա են մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների հետևյալ սահմանափակումները.
1. ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածի համաձայն. «Սահմանադրության
23-25, 27, 28-30, 30.1-րդ հոդվածներով, 32-րդ հոդվածի երրորդ մասով ամրագրված մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար:»
Սահմանադրության փոփոխությունների նախագծով մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակման վերաբերյալ հոդվածը 76-ի համաձայն.
«Արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները, բացառությամբ Սահմանադրության 23-26-րդ, 28- 30-րդ, 35-37-րդ հոդվածներում, 38-րդ հոդվածի 1-ին մասում, 41-րդ հոդվածի 1-ին մասում, 47-րդ հոդվածի 1-ին մասում, 5-րդ մասի 1-ին նախադասությունում և 8-րդ մասում, 52-րդ, 55-րդ հոդվածի 2-րդ մասում, 56-րդ, 61-րդ, 63-72-րդ հոդվածներում նշվածների, կարող են օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես կասեցվել կամ լրացուցիչ սահմանափակումների ենթարկվել միայն այնքանով, որքանով դա պահանջում է իրավիճակը` արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ պարտավորություններից շեղվելու վերաբերյալ ստանձնված միջազգային պարտավորությունների շրջանակներում:»
Գործող Սահմանադրության սույն դրույթի առանցքային հասկացություններից է հանդիսանում «ժողովրդավարական հասարակությունում» արտահայտությունը: Նախագծում իրավունքների սահմանափակումները սահմանող հոդվածներում բացակայում է «ժողովրդավարական հասարակությունում» անհրաժեշտության
պայմանը, այսինքն իրավունքների սահմանափակումը կարող է ունենալ կամայական
բնույթ և չպայմանավորվել ժողովրդավարական հասարակությունում դրա
անհրաժեշտությամբ:
2. Գործող ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածի համաձայն.
«….Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը իրենց կամքի ազատ արտահայտությամբ ունեն ամուսնանալու ու ընտանիք կազմելու իրավունք:
Ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս նրանք օգտվում են
հավասար իրավունքներից:….»
Սահմանադրության փոփոխությունների նախագծի 35-րդ հոդվածի համաձայն`
«1. Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ
արտահայտությամբ ամուսնանալու ու ընտանիք կազմելու իրավունք ունեն:
Ամուսնության տարիքը, ամուսնության և ամուսնալուծության կարգը սահմանվում են
օրենքով:
2. Ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս կինը և տղամարդը ունեն հավասար իրավունքներ:
3. Ամուսնանալու ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` առողջության և բարոյականության պաշտպանության նպատակով»:
Այսինքն, Սահմանադրական փոփոխությունենրով նախատեսվում է, որ ամուսնության ազատությունը կարող է սահմանափակվել օրենքով և որպես սահմանափակման հիմք կարող է հանդիսանալ առողջության և բարոյականության պաշտպանության նպատակը: Նմանատիպ որևէ սահմանափակում առկա չէ գործող Սահմանադրությունում:
3. Սահմանադրության փոփոխություններով ներմուծված է նոր 3-րդ գլուխ.
«Տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում օրենսդրական երաշխիքները
և պետության քաղաքականության հիմնական նպատակները»: Այս գլխով սահմանված
երաշխիքները անորոշ են, քանի որ հոդվածներում այս իրավունքները չեն ճանաչվում
որպես սահմանադրական նորմ, այլ նախատեսվում է նրանց սահմանումը օրենքով կամ
օրենքին համապատասխան, որը կարող է կրել կամայական բնույթ և դժվար կլինի գնահատել դրանց համապատասխանությունը Սահմանադրական նորմերին՝
վերջիններիս բացակայության պայմաններում:
4. Գործող ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ընտրության ազատություն:
Յուրաքանչյուր աշխատող ունի արդարացի և օրենքով սահմանված նվազագույնից ոչ ցածր աշխատավարձի, ինչպես նաև անվտանգության ու հիգիենայի պահանջները բավարարող աշխատանքային պայմանների իրավունք:….»
Սահմանադրության փոփոխությունների նախագծի 82-րդ հոդվածի համաձայն.
«Յուրաքանչյուր աշխատող, օրենքին համապատասխան, ունի առողջ, անվտանգ և
արժանապատիվ աշխատանքային պայմանների, առավելագույն աշխատաժամանակի
սահմանափակման, ամենօրյա և շաբաթական հանգստի, ինչպես նաև ամենամյա
վճարովի արձակուրդի իրավունք»:
Այսինքն, Սահմանադրական փոփոխություններով այլևս չի ճանաչվում աշխատանքի
իրավունքը որպես սահմանադրական նորմ, քանի որ այն պետք է սահմանվի օրենքով:
5. Գործող ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածի համաձայն.
«…Յուրաքանչյուր ոք ունի անվճար հիմնական բժշկական ծառայություններ ստանալու իրավունք: Դրանց ցանկը և մատուցման կարգը սահմանվում են օրենքով»:
Սահմանադրության փոփոխությունների նախագծի 85-րդ հոդվածի համաձայն.
«1. Յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի առողջության պահպանման իրավունք: 2. Օրենքը սահմանում է անվճար հիմնական բժշկական ծառայությունների
ցանկը և մատուցման կարգը»:
Այսինքն, Սահմանադրական փոփոխություններով այլևս չի ճանաչվում անվճար հիմնական բժշկական ծառայություններ ստանալու սահմանադրական իրավունքը, այլ
այն պետք է սահմանվի օրենքով, որը կարող է կրել կամայական ձևակերպում՝
սահմանափակելով այդ իրավունքի իրականացումը:
6. Գործող ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն. ՀՀ
Սահմանադրական դատարան կարող է դիմել «յուրաքանչյուր ոք` կոնկրետ գործով, երբ
առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության
բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի
սահմանադրականությունը:»
Սահմանադրության փոփոխությունների նախագծի 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ
կետի համաձայն ՀՀ Սահմանադրական դատարան կարող է դիմել «յուրաքանչյուր ոք՝
կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական
պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ
կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը
հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական
իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև
համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված
մեկնաբանությունը:»
Այսինքն Սահմանադրական փոփոխություններով սահմանափակվում է տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների պաշտպանության նպատակով ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու իրավունքը:
Այսպիսով Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որը ՀՀ Ազգային Ժողովի որոշմամբ ստացել է հանրաքվեի դրվելու հավանություն, պարունակում է մարդու և քաղաքացու որոշ իրավունքների, ազատությունների սահմանափակում և նրանց իրականացումն ապահովող սահմանադրական երաշխիքների վերացում և ըստ այդմ համաձայն «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» ենթակետի չի կարող դրվել հանրաքվեի:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ