«Չէինք կարող ամբողջովին դեմ կամ կողմ քվեարկել». Հովհաննես Մարգարյան
«Մասնագիտական հանձնաժողովի հետ ունեցել ենք 10-ից ավելի քննարկումներ տարբեր ֆորմատներով և բազմաթիվ առաջարկներ ենք ներկայացրել, որոնց մի մասն ընդունվեց, մի մասը՝ ոչ: Մենք չենք կարող դեմ լինել մի փաստաթղթի, որտեղ ամրագրվում է 100% համամասնական ընտրակարգ, ինչը հնարավորություն կտա, որ խորհրդարանում ունենանք ավելի շատ քաղաքական, քան թաղային հեղինակություններ»,- այսօրվա ասուլիսին ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
Նա նշեց, որ իրենց առաջարկներից որոշների ընդունումը բարելավեց նախագիծը. «Եթե մնար առաջարկվող նախագիծը, բացի նրանից, որ ժողովրդին զրկում ենք նախագահ ընտրելու հնարավորությունից, ներկայացվում էր նաև ընտրիչների ինստիտուտ: Մենք հասանք նրան, որ ընտրիչների ինստիտուտը հանվեց և բացառապես պետք է խորհրդարանի պատգամավորները ընտրեն նախագահին:
Նախագծով արգելվում էր ինքնաբուխ զանգվածային միջոցառումներ կազմակերպել, ասվում էր՝ ցանկացած բացօթյա միջոցառում պետք է իրականացվի ողջամիտ ժամկետում իրազեկման դեպքում: Մեր առաջարկներով հասանք նրան, որ ամրագրվեց՝ ինքնաբուխ զանգվածային հավաքների դեպքում իրազեկման անհրաժեշտություն չկա:
Հաջորդը օտարերկրյա քաղաքացիներին ընտրելու և ընտրվելու իրավունք տալն էր՝ հաշվի առնելով միայն մշտական բնակության ցենզը: Պատկերացրեք՝ հաշվառում նորմը դուրս է գալիս Սահմանադրությամբ և ավելին՝ գրվում է, որ կարող ես ընտրվելու իրավունք ստանալ, թե ՀՀ քաղաքացի չես: Հասանք նրան, որ դա հանվեց:
Հաջորդ խնդիրը վերաբերում էր սեփականության իրավունքին. ըստ նախագծի՝ պետք է երաշխավորվեր միայն մասնավոր սեփականությունը, սակայն, այսուհետ ընդգրկվելու են սեփականության բոլոր ձևերը»:
Հ. Մարգարյանը նշեց, որ իրենց առաջարկությունների մի մասը չընդունվեց. «Օրինակ՝ իշխանության տարբեր թևերի բալանսավորում: Վարչապետի լիազորություններին գումարվելու են նախագահի լիազորությունները, մենք ուզում ենք, որ երկրի նախագահ-վարչապետ-ԱԺ նախագահ լինեին փոխադարձ այնպիսի լիազորությունների շրջանակում, որ բալանսավորվեր: Սակայն դա մերժվեց»:
Հարցին՝ ինչո՞ւ ՕԵԿ-ի մի մասը դեմ քվեարկեց, մի մասը՝ կողմ սահմանադրական բարեփոխումներին, նա պատասխանեց, որ իրենց առաջարկների մի մասն ընդունվել էր, մի մասը՝ ոչ, դրա համար չէին կարող ամբողջովին դեմ կամ կողմ քվեարկել: