Կոտայքի մարզի 120 երիտասարդ վարչապետից ստացավ ՀՀԿ անդամատոմսեր
Հոկտեմբերի 6-ին Հրազդան քաղաքում տեղի ունեցավ ՀՀԿ շարքերը համալրած շուրջ 120 երիտասարդի կուսակցական անդամատոմսերի հանձնման արարողությունը: Անդամատոմսերը երիտասարդներին հանձնեց ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահի տեղակալ Հովիկ Աբրահամյանը:
Կուսակցության շարքերը համալրած երիտասարդները Կոտայքի մարզի տարբեր համայնքներից են:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, շնորհավորելով երիտասարդներին, նշեց. «Մեր ապագան կարող ենք կերտել՝ միայն ունենալով կրթված, պատրաստված երիտասարդներ, և մենք պատրաստ ենք օգտագործել յուրաքանչյուր կարող ուժ»։ Կառավարության ղեկավարը նաև կոչ արեց երիտասարդներին ժամանակն օգտագործել հնարավորինս շատ գիտելիքներ կուտակելու նպատակով, քանի որ այսօր ձեռք բերած գիտելիքը ներդրում է ապագայի համար։
Կուսակցական տոմսերը հանձնելիս ՀՀ վարչապետը հետաքրքրվում էր յուրաքանչյուր երիտասարդի մասնագիտությամբ, աշխատանքային փորձով, հմտություններով։
ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, խոսելով կուսակցականի կոչման մասին, նշեց, որ կուսակցական լինելը երբեք իրավունք չէ. այն պատասխանատվություն է, պատասխանատվություն քաղաքական, սոցիալական, հասարակական հարցերում:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն