Ադրբեջանական հասարակությունը ՊՆ-ից պահանջում է ճշգրիտ և արագ տեղեկատվություն տալ
Ադրբեջանի ազատ դեմոկրատներ կուսակցության առաջնորդ քաղաքագետ Սուլհեդդին Աքբերը հայտարարել է, որ ադրբեջանական հասարակությունը երկրի պաշտպանության նախարարությունից պահանջում է չթաքցնել բանակում տեղի ունեցող նեգատիվ երեւույթներն ու զինվորների մահերը եւ ճշգրիտ ու արագ տեղեկատվություն տալ սահմաններում տեղի ունեցող իրադարձությունների եւ դեպքերի վերաբերյալ:
moderator.az-ին տված հարցազրույցում, անդրադառնալով Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տեղեկատվական պատերազմին, փորձագետն ընդգծել է, որ ղարաբաղյան պատերազմում հաղթանակ տանելու ամենակարեւոր պայմաններից մեկը հանրությանը տեղեկատվությունն արագ եւ օպերատիվ կերպով հասցնելն է:
«Ներկայիս պատերազմներն իրականում ռազմավարական բնույթի են: Այստեղ դեմ դիմաց կանգնած կողմերը դիմակայում են բոլոր ոլորտներում: Այս պատերազմներն ընթանում են քաղաքական-դիվանագիտական, ֆինանսատնտեսական, մ սոցիալ-հոգեբանական, տեղեկատվական եւ այլ ուղղություններով: Այդ գլխավոր ուղղություններից մեկն էլ տեղեկատվական պատերազմն է: Այդ տեսակետից Ադրբեջանի կառավարությունը, պաշտպանության նախարարությունը, մամուլն առաջին հերթին պետք է հանրությանը ճշմարիտ տեղեկատվություն տան: Հակառակ դեպքում` տեղեկատվական պատերազմում Ադրբեջանը կպարտվի հակառակ կողմին: Ապատեղեկատվության առաջն առնելու ամենաարդյունավետ ճանապարհը հանրությանն օպերատիվ կերպով ճշգրիտ տեղեկատվություն տալն է», -ասել է ադրբեջանցի քաղաքական գործիչը:
Ադրբեջանում ճանաչված լրագրող Չինգիզ Սուլթանսոյը կայքի հետ ավելի վաղ ունեցած զրույցում հայտարարել էր, որ Ադրբեջանի ժողովուրդը կորցրել է հավատը երկրի պաշտպանության նախարարության նկատմամբ:
Մեկնաբանելով այդ երկրի ԶԼՄ-ներին պաշտպանության նախարարության արած վերջին ծանուցումն այն մասին, թե ՊՆ-ի մամուլի ծառայությունը որեւէ մեկնաբանություն չի տալու հայկական մամուլի հրապարակումները տիրաժավորող ԶԼՄ-ներին, ադրբեջանական ՊՆ-ի նման դիրքորոշումը նա թուլության դրսեւորում էր բնութագրել:
Չինգիզ Սուլթանսոյն ասել էր, որ ներկայիս տեղեկատվական պատերազմը ճիշտ տանելու համար անհրաժեշտ է բովանդակալից եւ լուրջ տեղեկություններ հրապարակել:
Լրագրողն ափսոսանք էր հայտնել, որ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հենց այդ գործը չի կարողանում արժանավորապես կատարել:
«Դժբախտությունն այն է, որ մարդիկ չեն հավատում մեր պաշտպանության նախարարության տեղեկություններին: Դա կապված է այն բանի հետ, որ շատ դեպքերում նեգատիվ իրավիճակները թաքցվում են կամ դրանց հետ կապված սուտ տեղեկություն է հաղորդվում: Արդյունքում պաշտպանության նախարարության նկատմամբ հավատը, վստահությունը կորել են», -ասել էր Չինգիզ Սուլթանսոյը:
Լրագրողը Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին խորհուրդ է տվել կառույցի կորցրած հեղինակությունը վերականգնելու համար «լուրջ կադրային բարեփոխումներ կատարել, չթաքցնել, այլ հակառակը` հետաքննել ոչ մարտական պայմաններում յուրաքանչյուր զինվորի մահը, վերջ դնել բանակում կոռուպցիայի դեպքերին»:
Կայքին տված հարցազրույցում քաղաքական մեկնաբան Էլխան Մեհդիեւն էլ հայտարարել էր, որ «տեղեկատվական պատերազմում Ադրբեջանը հետ է մնում Հայաստանից»: