«Ալիևի այլատյաց քաղաքականության իրական պատկերը»

ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանի ելույթը.

«Կցանկանայի այս հարթակը օգտագործել` ներկայացնելու մեր կազմակերպության անդամ պետություններից մեկի իրական կեցվածքը, որն ուղղակիորեն հակադրվում է այն արժեքային համակարգին, որի վրա է հիմնված Եվրոպայի խորհուրդը և ժամանակակից եվրոպական քաղաքակրթությունը: Այստեղ ներկաները լավ տեղեկացված են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և այդ երկրի ղեկավարության կողմից ոչ մի կերպ չդադարող և գնալով առավել ահագնացող հակահայկական և ռասիստական հռետորաբանությանը: Հենց նոր, հենց այս դահլիճում մենք նոր ականատես եղանք նաև պատգամավորների նմանատիպ կեցվածքին:

Վերջին շրջանում պաշտոնական Բաքուն սկսել է սեփական հասարակության շրջանում անհանդուրժողականություն սերմանել ոչ միայն Հայաստանի, այլ նաև համայն Եվրոպայի նկատմամբ:

Շաբաթներ առաջ, սեպտեմբերի 15-ին, սեփական երկրում տիրող կոռուպցիայի և մարդու իրավունքների զանգվածային խախտումների, քաղաքական ընդդիմադիրների, լրագրողների և հասարակական գործիչների նկատմամբ իրականացվող բռնությունների ու ձերբակալությունների վերաբերյալ հարցերին չկարողանալով տալ որևէ խելամիտ և բանական բացատրություն՝ Իլհամ Ալիևը մեղադրանքների տարափ թափեց Եվրոպայի և եվրոպական արժեքների վրա:

Եվրոպան, որն այսօր բախվել է բազմահազար փախստականների ծանր խնդրին, փորձում է պատվով դուրս գալ և իրականացնում է օրենքով սահմանված բոլոր միջոցառումները, իսկ «օրենք» հասկացությունը խորթ է Ադրբեջանի համար: Նախքան Եվրոպային և եվրոպական արժեքների վրա ցեխ շպրտելը՝ Իլհամ Ալիևը ճիշտ կաներ բարելավեր Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով փախստական դարձած իր ժողովրդի պայմանները, այլ ոչ թե նրանց պահեր որպես սեփական քաղաքականության գերի:

Հայերի նկատմամբ ատելության սերմանմանն է ծառայում նաև այն, որ Ադրբեջանի նախագահը պարբերաբար հնչեցնում է Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ` շուրջ 2800-ամյա պատմություն ունեցող Երևանը և Հայաստանի մի շարք այլ մարզեր հորջորջելով որպես ադրբեջանական հողեր: Մասնավորապես, վերջերս թյուրքախոս պետությունների ղեկավարների 5-րդ գագաթաժողովում հնչեցված հայտարարությունում Իլհամ Ալիևը հայտարարում էր, որ Հայաստանի հարավը հանդիսանում է ջրբաժան թուրքախոս պետությունների միջև և արգելակում է նրանց համագործակցությունը: Նման անպատասխանատու հայտարարությունները էականորեն մեծացնում են լարվածությունը տարածաշրջանում և հակադրվում են խաղաղության, համերաշխության և հանդուրժողականության արժեքներին:

Թույլ տվեք նաև անդրադառնալ այն աղաղակող ագրեսիայի օրինակներին, որոնք տեղի ունեցան սեպտեմբերի 25-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված հայկական բնակավայրերի նկատմամբ: Արդեն քանիցս, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացում կարևոր հանդիպումից առաջ Ադրբեջանը դիմում է հերթական սադրանքի` այս անգամ հիմնական թիրախ վերցնելով խաղաղ բնակչությանը: Ադրբեջանական կողմի արձակած կրակին զոհ դարձան երեք հայ խաղաղ բնակիչ՝ երեք կին և վիրավորվեցին 4-ը:

Այն, որ 1994թ. կնքված հրադադարի պայմանագիրը պարբերաբար խախտող կողմը հենց Ադրբեջանն է, այսօր արդեն գաղնիք չէ ոչ մեկի համար: Այդ մասին խոսել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այս տարվա հունվարի իրենց համատեղ հայտարարությունում: Ընդհանրապես, տարվա ընթացքում ադրբեջանական զինուժը «լուռ» է եղել միայն Բաքվում անցկացված եվրոպական խաղերի ժամանակահատվածում: Այսինքն, երբ ադրբեջանական ղեկավարությունը իրապես շահագրգռված է լինում զինադադարի պահպանման մեջ, տարածաշրջանում տիրում է հարաբերական անդորր, իսկ մնացած բոլոր դեպքերում մենք ականատես ենք լինում մարդկային կյանքը որպես արժեք մերժող պաշտոնական Բաքվի արկածախնդիր գործողություններին:

Եվ մի՞թե սա է այն հանդուրժողականությունը, բազմամշակութայնությունը և մնացած այլ վեհ արժեքները, որոնց մասին հայտարարում է Իլհամ Ալիևը: Կարծում եմ, որ մեր բոլորի խորը անհանգստությունը պետք է առաջացնի այն, որ ադրբեջանական ղեկավարությունը սեփական հասարակության` երկիրը բարեփոխելու արդարացի պահանջներին պատասխանում է արտաքին թշնամու կերպար ստեղծելով` ընդ որում այդ դերում տեսնելով ինչպես Հայաստանին ու հայ ժողովրդին, այնպես էլ՝ այժմ արդեն եվրոպական կառույցներին:

Այս տարի, երբ մենք բոլորս նշում ենք երկրորդ աշխարհամարտի ավարտի 70-րդ ամյակը և վերլուծում այդ պատերազմի պատճառները, պետք է առավել ուշիմ մոտեցում ցուցաբերենք Եվրոպայի որևիցե անկյունում անհանդուրժողականության, ատելության և ագրեսիայի դրսևորումների նկատմամբ և թույլ չտանք, որ դրանք հանգեցնեն նոր ողբերգությունների կրկնությանը»:

 

Տեսանյութեր

Լրահոս