«Ես ընդամենն ուզում էի ստեպ պարել, և երաժիշտները կարողանում էին ինձ տալ այն երաժշտությունը, որի տակ ես բացահայտում էի իմ պարային ընդունակությունները». Սառա Ռեյչ

Ամերիկյան հայտնի ստեպ պարուհի Սառա Ռեյչի այցը Հայաստան թեև շատ կարճ տևեց, սակայն պարուհին այդ ընթացքում հասցրեց ոչ միայն ակումբային ֆորմատով շոու-ծրագիր ներկայացնել հանդիսատեսին ու այցելել Հայաստանի տեսարժան վայրեր, այլև մամլո ասուլիս տալ ու բացառիկ հարցազրույց ունենալ 168.am-ի հետ:

– Սառա, ո՞րն է առիթը Ձեր հայաստանյան այցի:

– Ես Լոս-Անջելոսում  էի, ինձ հետ կապ հաստատեց Նարե Մանուկյանը՝ Հայաստանում գործող «Ակումբ 12»-ից, և հայտնեց, որ իրենք մեկնարկում են մի ծրագիր՝ «Աշխարհ, Հայաստան, Աշխարհ», որի շրջանակներում տարբեր ոլորտների հայտնի արվեստագետների հրավիրում են Հայաստան, ծանոթացնում նրանց հայկական մշակույթին, միաժամանակ հնարավորություն տալիս հայ հանդիսատեսին հանդիպելու նրանց հետ, ու նրանց միջոցով Հայաստանի անունը տարածելի դարձնում աշխարհում: Պարզվում է՝ Նարեն ծանոթ էր Լոս-Անջելոսում  բնակվող իմ լավ ընկեր, թավջութակահար Արտյոմ Մանուկյանին, ում միջոցով էլ կապվեցին ինձ հետ, և եղավ այս հրավերը, ինչը ես սիրով ընդունեցի, և, ահա՛, ես Հայաստանում եմ, և, բացի այն, որ ես ինձ համար բացահայտեցի շատ գեղեցիկ և հյուրասեր մի երկիր, նաև այստեղ արդեն մի քանի պերֆորմանսներ ունեցա:

Sara Reych01

Կարդացեք նաև

– Ո՞րը եղավ Ձեր առաջին տպավորությունն անծանոթ այս երկրից:

– Երբ Հայաստան ժամանեցի, ինձ տարան մի վայր, որտեղ կենդանի ջազ երաժշտություն էր հնչում: Անկեղծ ասած՝ ես հիացած եմ հայկական ջազով, այստեղ կատարյալ ջազ երաժիշտներ կան, որոնց հետ ես հենց առաջին իսկ օրն առիթ ունեցա ծանոթանալու, նաև պարելու նրանց երաժշտության ներքո: Շնորհավորում եմ, դուք հիանալի ջազային ավանդույթներ ու երաժիշտներ ունեք, ովքեր ոչնչով չեն զիջում Արևմուտքում ապրող և ստեղծագործող ջազ երաժիշտներից շատ-շատերին: Դուք շատ պրոֆեսիոնալ եք, և ինձ համար շատ հեշտ էր այս օրերի ընթացքում աշխատել նրանց հետ: Թեև չեմ տիրապետում հայերեն լեզվին, այնուամենայնիվ, ջազի միջազգային լեզուն հիանալի կամուրջ հանդիսացավ մեզ համար, և ես անկրկնելի հիշողություններ կտանեմ ինձ հետ հայկական ջազ երաժիշտների հետ ունեցած իմ համագործակցությունից, ինչի համար հիմա իրենց ուզում եմ ասել ՝ շնորհակալություն:

– Դուք ԱՄՆ-ում բավական հայտնի ստեպ ժանրի պարուհի եք: Ինչպե՞ս եղավ Ձեր մուտքը պարի աշխարհ, ու ինչո՞ւ որոշեցիք մասնագիտանալ հենց ստեպ ժանրում:

– Ես պարել սկսել եմ 5 տարեկանից, իսկ 12 տարեկանում ինձ համար բացահայտեցի ստեպ ժանրը: Հիմա մի բան պետք է ասեմ, որին դուք գուցե չհավատաք, բայց մինչև այս աշխարհ մուտք գործելը ես չէի սիրում պարը: Պարզապես կյանքը ցույց տվեց, որ դու չես ընտրում պարը, այլ՝ ինքը քեզ: Հետո ինձ համար ոգեշնչման աղբյուր հանդիսացան իմ ուսուցիչները և հատկապես՝ Պոլ Քենեդին: Հիմնական դրդապատճառը, որ ես շարունակեմ իմ որոնումներն ու ձգտումներն այս պարային ժանրում, եղավ նրանց ներկայությունը իմ կյանքում:

Sara Reych8

– Լսել եմ՝ արդեն 15 տարեկանում ամերիկյան ամսագրերից մեկը Ձեզ ընդգրկել է լավագույն 20 ստեպ պարողների ցուցակում: Այդպե՞ս է եղել:

– Այո, այդպես է եղել, ու դրա համար ես շնորհակալ եմ ինձ ոգեշնչած 30-40-ականների ստեպին: Կատարելության հասնելու ճանապարհին ինձ համար դա է եղել ու մնում ոգեշնչման հզոր աղբյուր: Ինչքան էլ որ այսօր ստեպը կատարելագործվել ու նորարարություններ է բացահայտել ժանրում, միևնույն է, ինձ համար դոմինանտ ու ոգեշնչող է մնում հենց այդ թվականների պարն ու պարային ավանդույթները:

– Դուք ասում եք, որ ոգեշնչվել և մինչև այսօր հավատարիմ եք 30-40-ականների ստեպին: Հիմա, կարծեմ, Դուք ինքներդ ստեպ եք դասավանդում: Հետաքրքիր է, դասավանդման Ձեր մեթոդիկան հիմնված է միայն ա՞յդ թվականների պարային ավանդույթների վրա, թե՞ նորամուծություններ էլ եք կիրառում:

– Դասավանդման պրոցեսում նnրարարություններ, որպես այդպիսին, ես չեմ կիրառում, որովհետև այն, ինչ կարելի էր անել այս ոլորտում, արդեն արված է, սակայն իմ հիմնած բենդի հետ աշխատանքներում կա նորարարություն: Դա կայանում է նրանում, որ մենք, որպես կանոն, երբեք չենք վերցնում որևէ երաժշտական ստեղծագործություն, որի հիման վրա ստեղծենք պարային համարը, այլ տեղի է ունենում հակառակ պրոցեսը. երաժշտությունն է ծնվում պարի ազդեցությամբ, այսինքն՝ պարը թելադրում է նոր երաժշտություն:

Sara Reych

– Այսինքն, ստեղծվում է ոչ միայն նոր պար, այլ նաև երաժշտություն՝ հատուկ պարային համարի համար:

– Այո, դուք իրավացի եք: Բենդի հիմնական կազմում ունենք հինգ երաժիշտ, ովքեր պարին երաժշտություն են «նվիրում», երբեմն խմբի կազմում ներառում ենք նաև տրամբոն և կիթառ:

– Ինչպե՞ս է հիմնվել Ձեր բենդը:

– Լոս Անջելեսից Նյու Յորք տեղափոխվելուց հետո, պարի դասերին հաճախելու համար գումարներ վաստակելու նպատակով՝ ես որտեղ ասես ուժերս չփորձեցի: Մի որոշ ժամանակ հաճախեցի նույնիսկ թատրոն, որտեղ ինձնից ակնկալել էին երգչուհու և դերասանական ընդունակություններ, որը, իմ կարծիքով, ինձ ի վերուստ տրված չէ: Ի վերջո, ես հասկացա, որ դրանք ինձ համար չեն, և որոշեցի գնալ որևէ ջազ ակումբ և իմ պարը ցուցադրել: Ինչ-որ պահից սկսած՝ ես հասկացա, որ կարողանում եմ համագործակցել երաժիշտների հետ, և դա ինձ մոտ հիանալիորեն լավ էր ստացվում: Ես ընդամենն ուզում էի ստեպ պարել, և երաժիշտները կարողանում էին ինձ տալ այն երաժշտությունը, որի տակ ես բացահայտում էի իմ պարային ընդունակություններն ու կարողանում դրական արդյունքներ գրանցել: Ի վերջո, ես հասկացա, որ մարդիկ ինձանից հենց դա են ուզում՝ երաժշտություն և ստեպ: Ժամանակի ընթացքում ինձ հաջողվեց շուրջս հավաքել մարդկանց, ովքեր կարողացան իմ «քայլերին» երաժշտություն տալ, և հենց այսպես էլ ձևավորվեց իմ բենդը:

Sara Reych5

– Ո՞րն է այսքան երիտասարդ տարիքում Ձեր հաջողության բանաձևը, եթե գաղտնիք չէ:

– Իրականում հնարավոր չէ լինել լավ արտիստ կամ լինել լավագույնը, եթե որևէ ասպարեզում դու լիովին չես տիրապետում տվյալ ոլորտի անցյալին: Ես ուսումնասիրել եմ այն և շատ ուրախ եմ, որ իմ պարային ճաշակն ու հայացքները ձևավորվել են հենց այդ ազդեցություններով: Սա է գաղտնիքը, որը ես ձեզ համար բացահայտեցի:

– Ամեն մարդ, ով ունի պարային որոշակի տվյալներ, կարո՞ղ է ստեպ ժանրում պարել:

– Կա պարի մի տեսակ, որ կոչվում է՝ շիմ շեմ, և որի նրբությունները յուրացնելն այնքան էլ դժվարհաղթահարելի բան չէ: Հետևաբար, այո, յուրաքանչյուր ոք կարող է ստեպ պարել, պարզապես ամեն ինչ կախված է մարդու ցանկությունից ու ներքին տրամադրվածությունից:

Sara Reych9

– Զրույցի սկզբում Դուք նշեցիք թավջութակահար Արտյոմ Մանուկյանի անունը և ասեցիք, որ նա ձեր ամերիկաբնակ ընկերն է: Հետաքրքիր է, ինչպե՞ս է եղել ձեր ծանոթությունը:

– Արտյոմին առաջին անգամ հանդիպել եմ նյույորքյան ջազային ակումբներից մեկում, որտեղ ինքը նվագում էր: Մեր ծանոթությունը հենց այդ ակումբում եղավ, որովհետև ես առաջին իսկ հանդիպումից սիրահարվեցի նրա նվագած երաժշտությանը: Նա ֆանտաստիկ երաժիշտ է: Հենց այդպես ես մոտեցա նրան ու ասացի, որ մենք պետք է միասին աշխատենք: Այսպես սկսվեց մեր համագործակցությունն ու նաև ընկերությունը: Ես մի քանի անգամ եղել եմ իրենց տանը, սուրճ ենք խմել, ծանոթացել եմ իր կնոջ և անուշիկ աղջկա հետ: Հայաստանի մասին իմ լսած պատմությունների հեղինակը հենց Արտյոմն է: Նա ասել է, որ այստեղ շատ գեղեցիկ աղջիկներ կան և հյուրընկալ մարդիկ (ժպտում է.- Ն.Մ.):

– Սառա, Ձեր վերնաշապիկին փակցված Անմոռուկ եմ տեսնում: Գիտե՞ք՝ ինչ խորհուրդ ունի այդ կրծքանշանը:

– Կրծքանշա՞նը … օ, այո՛, իհա՛րկե: Ցեղասպանության զոհերի հիշատակի խորհրդանիշն է: Ինձ խոսք են տվել, որ ես այսօր երեկոյան կլինեմ Ծիծեռնակաբերդում:

 

Տեսանյութեր

Լրահոս