Ովքեր են կառավարում Հայաստանի պաշտոնյաներին

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի՝ «Ազատություն» ռադիոկայանին տված բավական հանգամանալից ու անկեղծ հարցազրույցը քննարկման առարկա դարձավ նաև այն պատճառով, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այդ հարցազրույցին իր բազմակի անդրադարձներով՝ հայտնվեց ծիծաղելի վիճակում: Վերջինս նախ՝ հայտարարեց, թե դեսպանն այդպիսով խառնվում է Հայաստանի ներքին գործերին, ինչն ավելի լավ է՝ չանի, նաև հայտարարեց, թե իր կարծիքով՝ դեսպանն արտահայտում է ոչ թե ԱՄՆ-ի, այլ իր անձնական տեսակետը, ինչի համար Բաղդասարյանը ստիպված եղավ օրեր անց արդարանալ, թե ինքն իր անձնական դիրքորոշումն է հայտնել:

Վահրամ Բաղդասարյանին դեսպանի հնչեցրած բազմաթիվ գնահատականներից վրդովեցրել էր հարցազրույցի հատկապես այն հատվածը, որտեղ Միլսը հայտարարում է, որ կոռուպցիան սպառնում է նաև Հայաստանի ազգային անվտանգությանը: «Կոռուպցիան խոչընդոտում է տնտեսական աճը, վտանգում է մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարությունը և, անգամ՝ կարծում եմ, այն երկրի ազգային անվտանգությունը, որտեղ կոռուպցիա կա, քանի որ արտաքին ուժերը կարող են վերահսկել ձեր երկրի զարգացումը»,- ասել է ԱՄՆ դեսպանը:

Վահրամ Բաղդասարյանն իր հարցազրույցներում չէր էլ թաքցրել, որ իրեն դուր չի եկել այն, որ «արտաքին ուժեր» ասելով՝ ԱՄՆ-ի դեսպանն ակնհայտորեն ակնարկում է Ռուսաստանին: Դժվար է ասել՝ Բաղդասարյանի վրդովմունքն ինքնաբո՞ւխ էր և ընդամենը «ռազմավարական գործընկերոջը փրկելու» դրդապատճա՞ռ ուներ, թե՞ որևէ այլ, բայց դեսպանի ասածները միանգամայն տրամաբանական են ու հիմնավոր:

Այն դեպքում, երբ որևէ բանական բացատրություն հնարավոր չէ գտնել Հայաստանի՝ Ռուսաստանին ինքնամոռաց տրվելու հետևողական քաղաքականությանը, առնվազն ստիպում է մտածել, որ հայ պաշտոնաները կարող են առաջնորդվել ու գուցե առաջնորդվում են, առաջին հերթին, անձնական շահերով: Իսկ դրա մեջ կարող են ընդգրկվել Ռուսաստանի տրամադրության տակ եղած հայ պաշտոնյաների վերաբերյալ «կոմպրոմատների» թղթապանակները, որոնք, անկասկած, բազմահատոր են և օգտագործվում են հարմար պահերին: Թե ինչպես ու որքան են հայ պաշտոնյաները ռուսական համապատասխան պետական ու բիզնես կառույցների հետ թաթախված խոշորածավալ կոռուպցիոն գործարքներում՝ հայտնի է բոլորին:

Մի խոսքով, ԱՄՆ դեսպանն ասել է՝ քանի որ երկրում կա լայնածավալ կոռուպցիա, հնարավոր է՝ այլ՝ արտաքին ուժեր դա օգտագործեն Հայաստանին այս կամ այն որոշումը պարտադրելու համար: Մինչև օրս էլ հայտնի չէ, թե ինչպես «մեկ գիշերվա մեջ» Հայաստանը որոշում կայացրեց հրաժարվել Եվրամիության հետ ասոցիացումից ու անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը: Ավելին, ամբողջ ընդդիմությունը՝ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, Եվրասիական միությանը Հայաստանի անդամագրումը համարեց «անշրջելի» գործընթաց, և տվյալ հարցի հետ կապված ցանկացած այլ կարծիք՝ «ջղաձգում»:

Չար լեզուներն ասում են, որ իշխանությունների և ընդդիմության նման որոշման հարցում էական դեր են խաղացել հենց վերը նշված «թղթապանակները»: Ի դեպ, վերջին շրջանում հայկական մամուլը հեղեղված է բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց կանանց ու մերձավորների ստացած անպատկերացնելի խոշոր նվիրատվությունների մասին հրապարակումներով, որոնք վերցված են պաշտոնական հայտարարագրերից:

Դրանցում նշվում են միայն նվիրատվությունների չափերը՝ դրամական արտահայտությամբ, սակայն չեն նշվում նվիրատվության աղբյուրները, մասնավորապես, թե որ երկրներից են դրանք հասնում բազմաչարչար հայ պաշտոնյաներին: Որևէ երաշխիք կա՞, որ դրանք ոչ թե արտագնա աշխատանքի մեկնած շռայլ ազգականների կողմից են տրվում հայ պաշտոնյաներին, այլև այլ երկրների պետական կամ բիզնես կառույցներից: Մեղմ ասած, ոչ:

Մի խոսքով, հարցը՝ ո՞ւմ կողմից են կառավարվում հայ պաշտոնյաները, ամենևին հռետորական չէ: Հաշվի առնելով այն խայտառակ վիճակը, որում թե՛ արտաքին քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ մնացած առումներով՝ հայտնվել է Հայաստանը, այդ հարցն առավել քան արդիական է, և հայ հասարակությունն իրավունք ունի ստանալ այդ հարցի պատասխանը, որը, հնարավոր է, գիտի նաև ԱՄՆ-ի դեսպանը: Ինչպես Արմեն Շեկոյանն է ասում՝ գիտի, բայց մեզ չի ասում:

Տեսանյութեր

Լրահոս