Նիկոլայ Բաղդասարյանը դիմել է Կարեն Անդրեասյանին
Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն իր վերաբերյալ քրեական գործի առնչությամբ դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին: Նամակում Նիկոլայ Բաղդասարյանը մասնավորպես նշել է.
«Կարծում եմ` տեղյակ եք, որ իմ նկատմամբ հարուցել են քրեական հետապնդում, այն բանի համար, որ ես հավաքագրել եմ և տարածել եմ անձնական գաղտնիք համարվող տեղեկատվություն: (Կից ներկայացնում եմ` 01.09.2015թ. ինձ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը և 13.08.2013թ. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հայաստանի հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության թիվ 701 գրությունը, որն ըստ քննիչի ես ապօրինի ձեռք եմ բերել և հրապարակել):
Կարծում եմ`տեղյակ եք նաև, թե ինչպիսի գործողություններ կատարելու համար են ինձ մեղադրանք առաջադրել: Ըստ քննիչի տրված բանավոր պարզաբանման, ինձ մեղադրանք է առաջադրել, այն բանի համար, որ ինձ և մյուս փաստաբան Նազելի Վարդանյանին, առանց վկա Տաթևիկ Հովսեփյանի համաձայնության, դատարանը քրեական գործից է տրամադրել` 13.08.2013թ. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունից ՀՀ վերաքննիչ դատարան ուղարկված թիվ 701-րդ գրության պատճենը և քանի որ դատարանը չի արձանագրել, որ մեզ տրամադրել է վերը նշված փաստաթուղթն, ապա իմ արարքում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշները, այն է` անձնական գաղտնիք համարվող տեղեկատվություն ապաօրինի հավաքելը:
Ինչ վերաբերում է վերը նշված տեղեկատվության «ապօրինի տարածելուն», ապա ըստ նույն քննիչի կողմից տրված բանավոր պարզաբանմանը, թեև ես որպես պաշտպան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածի համաձայն չեմ նախազգուշացված եղել քրեական գործից ստացված ապացույցը չհրապարակելու մասին, ինձանից չեն վերցրել ստորագրություն և չեն նախազգուշացրել պատասխանատվության մասին, իսկ տուժող կողմը չի միջնորդել, որպեսզի դռնփակ նիստ անեն, այսինք` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածի համաձայն ես իրավունք ունեի այդ փաստաթուղթը հրապարակել, որն էլ արել եմ, բայց ըստ քննիչի գնահատմամբ այդ փաստաթուղթը ես հրապարակել եմ «ապօրինի»: (Կից ներկայացնում եմ` 04.09.2015թ. քննիչ Ա.Գաբրիելյանին ուղղված միջնորդությունս` առաջադրված մեղադրանքի վերաբերյալ պարզաբանում պահանջելու մասին: 08.09.2015թ. քննիչ Ա.Գաբրիելյանի կողմից ընդունված որոշումը, որով մերժել է գրավոր պարզաբանել ինձ առաջադրված մեղադրանքը):
Համոզված եմ, որ տեղյակ եք, որ այն գործողությունների, որոնց կատարման համար ինձ առաջադրել են մեղադրանք հանդիսանում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով և «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված փաստաբանի գործառույթները: Այսինքն, փաստաբանն ապացույց հավագագրելու և այն հրապարակելու միջոցով է պաշտպանումիր վստահորդներին: Բոլոր դեպքերում Ձեզ եմ ներկայացնում Շենգավիթի վարչական համայնքի դատարանին ուղղված իմ բողոքը, որտեղ կետ առ կետ նշված է ՀՀ քրեական դատավորթյան օրենսգրքի և «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի այն հոդվածները, որոնց համաձայն փաստաբանը իրավունք ունի հավաքագրել ապացույցներ, այդ թվում նաև անձնական գաղտնիք պարունակող, ինչպես նաև այն դեպքերը, երբ փաստաբանը իրավունք ունի հրապարակել այդ ապացույցները:
Համոզված եմ նաև, որ կարիք չկա Ձեզ հիմնավորելու, որ փաստաբանին չի կարելի մեղադրել այնպիսի գործողություններ կատարելու համար, որոնք նախատեսված են օրենքով որպես փաստաբանի գործառույթ:
Կարծում եմ՝ կարիք չկա հիմնավորելու, որ փաստաբանի նկատմամբ ապօրինի հարուցված քրեական հետապնդումը համարվում է մարդու իրավունքների խախտում: Իսկ երբ փաստաբանին հետապնդում են իր իրավապաշտպան գործունեության համար, ապա կարծում եմ անչափ կարևոր է, որ տվյալ պետության մարդու իրավունքների պաշտպանը համարժեք արձագանքի այս երևույթին:
Հ.Գ. Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ տրամադրել ցանկացած նյութ, քանի որ արդեն ինձ հայտարարվել է նախաքննության ավարտ և քննիչը տրամադրել է քրեական գործի բոլոր նյութերի պատճեները»:
Հիշեցնենք, որ փաստաբանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը: