«Որևէ մեկի կարիքը չունենք». Էդմոն Մարուքյանը՝ ՀԱՊԿ-ին դիմելու մասին
«Ընդհանրապես այն մոտեցումը, թե որտե՞ղ է ՀԱՊԿ-ն, որտե՞ղ է ԵՏՄ-ն, ինչո՞ւ չեն մեզ աջակցում, ըստ էության, դրանք ի վնաս մեզ հայտարարություններ են, և պետք չէ որևէ ՀԱՊԿ-ի դիմել, որի անդամների մեծ մասն ադրբեջանամետ տրամադրության երկրներ են: Նրանք Ռուսաստանի հետ են դաշնակցում՝ ՀԱՊԿ-ի մեջ լինելով, իսկ Ռուսաստանն էլ՝ որպես մեզ ռազմավարական գործընկեր, ամեն օր զենք է վաճառում Ադրբեջանին: Հետևաբար՝ ո´չ ՀԱՊԿ-ին, ո´չ Ռուսաստանին, ո´չ նրա խաղաղապահ ուժերին Հայաստանը երբևէ չպետք է դիմի»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ՀՀ-ն սահմանային լարվածության պայմաններում չի դիմում ՀԱՊԿ-ին:
Ըստ նրա՝ Հայաստանը պետք է ինքն իր զինված ուժերով, իր բանակով իրեն պաշտպանի, ինչն էլ ամեն օր արվում է. «Որևէ մեկի կարիքը չունենք: Դա աբսուրդ է, նման հայտարարություններով փորձ է արվում արդարացնել Հայաստան օտարերկրյա ԶՈՒ, կոնտինգենտ մտցնելը: Դա կլինի ՀԱՊԿ-ի թե ռուսական, դա անընդունելի է: Ղարաբաղյան հակամարտությունում որևէ այլ ուժի աջակցությունն ընդհանրապես անընդունելի մոտեցում կլինի: Դա նաև Մինսկի խմբի կոնցեպցիային հակադրվելու փորձ կլինի, դրա համար նման հայտարարություններն ու մոտեցումներն անընդունելի են»:
Մեր դիտարկմանը՝ նման պարագայում ճիշտ կլինի՞ ՀԱՊԿ-ից դուրս գալը, Է.Մարուքյանը պատասխանեց, որ Հայաստանը, հնարավոր է, ՀԱՊԿ-ից դուրս չի գալիս, որպեսզի Ռուսաստանը չնեղվի, բայց, ըստ էության, ՀԱՊԿ-ն անիմաստ կառույց է. «Այն երբևէ չի գործել ու չի էլ գործելու, հետխորհրդային տարածքի վրա ստեղծված ու թղթի վրա մնացած կառույց է այնպես, ինչպես ԱՊՀ-ն, հիմա էլ՝ ԵՏՄ-ն: Դրանք բոլորը թղթի վրա մնացող անիմաստ կառույցներ են, և դեռևս չի եղել մի հետխորհրդային կառույց, որն արդյունավետ գործի: ԽՍՀՄ փլուզումից հետո չկա որևէ նման օրինակ»: