Սպանություն վարագույրների վաճառքի տաղավարում. Կասկածյալը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 1977թ. ծնված Հեղինե Դարբազյանի սպանության դեպքի առթիվ։ Ձեռնարկված քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է սպանության շարժառիթը, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Նախնական քննության տվյալներով՝ Երևան քաղաքի Մալաթիա փողոցի 84/8 հասցեին կից վարագույրների վաճառքի տաղավարում 2015թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14:45-ի սահմաններում, Հ.Դարբազյանին որսորդական դանակի գործադրմամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա նախկին ամուսինը։ Կինն ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է երկու դանակ եւ պատյան, որոնց վրա առկա են եղել արնանման հետքեր։ Կասկածյալը ձերբակալվել է եւ ցուցմունք տվել սպանության հանգամանքների եւ շարժառիթների վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Տեսանյութեր

Լրահոս