ՌԱԿ հայտարարությունը
Ռամկավար Ազատական կուսակցության վարչությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Ռամկավար Ազատական կուսակցությունը, հավատարիմ իր պատմական ժառանգության թելադրանքին եւ Հայաստանի պետականության հզորացման գաղափարախոսությանը, պատասխանատվությունն է կրում ազգի եւ պետականության համար վճռորոշ հարցերում իր վերաբերմունքն ու դիրքորոշումը արտահայտելու շահագրգիռ եւ հավասարակշիռ մոտեցմամբ:
Մեր անկախ պետականության զարգացման ներկա հանգրվանում որպես քաղաքական կարեւորագույն իրադարձություն ենք դիտարկում երկրի կառավարման համակարգի կատարելագործման ուղղությամբ առնված յուրաքանչյուր քայլ, ընդսմին` անկախության անցած ճանապարհի ձեռքբերումների եւ ձախողությունների վերաիմաստավորման եւ կառավարման համակարգում համապատասխան բարեփոխությունների փորձը:
Մեկնելով այս սկզբունքից, ՌԱԿ-ը գոհունակությամբ է արձանագրում, որ իշխանությունները Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում իրավացիորեն նշում են, որ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով մեր երկրում ժողովրդավարությունը դեռեւս չի հասել ցանկալի հանգրվանի, մարդու հիմնական ազատությունները ու իրավունքները չունեն երաշխավորված պաշտպանություն դատական համակարգի եւ օրինապահ մարմինների կողմից եւ այլն:
Եվս մեկ անգամ հաստատվում է, որ քաղաքացիական հասարակության կայացման ճանապարհին առկա են լուրջ խոչընդոտներ, որոնք պետք է համապատասխան լուծում գտնեն բարեփոխվող Սահմանադրության մեջ:
Չնայած սահմանադրության նախագծում մի շարք իրավական մեխանիզմների ու հակակշիռների լրամշակված նորմերի ավելացմանը, ՌԱԿ-ի համար մտահոգիչ են մնում մի շարք նորմեր, որոնցից է հակամենաշնորհային քաղաքականության սողանքները, օրգանական կոչվող օրենքների ընդունման համեմատաբար հեշտ ընթացակարգը:
Իսկ ամենամեծ խնդիրը մնում է սուբյեկտիվիզմի բացառումը օրենքների կիրառման ընթացքում, որը սակայն այլ թեմա է: Ռամկավար Ազատական կուսակցության համար ընդունելի է կառավարման խորհրդարանական համակարգին անցումը եւ այդ նպատակով Սահմանադրական բարեփոխումների քաղաքական որոշումը:
Ազգային ժողովում եւ հասարակության մեջ ակտիվ քննարկումներից եւ նախագծի վերջնական տեքստի հրապարակումից հետո կուսակցությունը կհայտարարի հանրաքվեի նկատմամբ իր վերջնական դիրքորոշումը»:
27 սեպտեմբեր 2015թ.